Հայաստանում ընտանիքներն ավելի առողջ են դառնում. զեկույց

0
106

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի ժողովրդագրության և առողջապահության հարցերի հետազոտություն. 2015-16 թվականներ» զեկույցի համաձայն՝ Հայաստանում ընտանիքներն ավելի առողջ են դառնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 15-49 տարեկան ամուսնացած 10 կանանցից 6-ն օգտագործում է հակաբեղմնավորման որևէ մեթոդ.

«Այսպես, 28 տոկոսը՝ որևէ ժամանակակից և 29 տոկոսը՝ որևէ ավանդական մեթոդ: Ժամանակակից մեթոդների օգտագործման մակարդակը 2005 թվականի 20 տոկոսից 2015-16 թվականներին աճել է մինչև 28 տոկոսը»,- նշած է զեկույցում:

Ըստ ՀԺԱՀ-ի՝ տղամարդու պահպանակը (15 տոկոս)ՙ, ներարգանդային միջոցները (9 տոկոս) և հաբերը (3 տոկոս) հակաբեղմնավորման ամենատարածված ժամանակակից միջոցներ են:

«Ի հեճուկս հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդների օգտագործման մակարդակի աճի, այնպիսի ավանդական մեթոդների կիրառում, ինչպիսիք են ընդհատված սեռական հարաբերությունները (25 տոկոս) և ռիթմիկ մեթոդը (4 տոկոս), շարունակում են մնալ տարածված»,- ասված է զեկույցում:

Համաձայն զեկույցի՝ Հայաստանում երեխաների մեծամասնությունը ստանում է բոլոր հիմնական պատվաստումները: Հետազոտության արդյունքներով արձանագրվել է, որ 24-35 ամսական երեխաների 89 տոկոսը ստացել է դրանք:

«Հիմնական պատվաստումների ընդգրկվածությունը գյուղական բնակավայրերում մի փոքր ավելի բարձր է՝ 93 տոկոս, քան քաղաքային բնակավայրերում՝ 86 տոկոս: Հայաստանում երեխաների միայն 1 տոկոսը չի ստացել որևէ պատվաստում»,- նշված է զեկույցում:

ՀԺԱՀ-ի արդյունքները փաստում են նաև, որ սակավարյունության տարածվածությունը կանանց և երեխաների շրջանում նվազել է՝ կանանց շրջանում սակավարյունության մակարդակը 2005 թվականի 21 տոկոսից 2015-16 թվականներին նվազել է մինչև 13 տոկոս:

«Սակավարյունության տարածվածության մակարդակը 2005 թվականին 33 տոկոսից 2015-16 թվականներին նվազել է մինչև 16 տոկոս: Սակավարյունության տարածվածությունն ամենաբարձրը Գեղարքունիքի մարզի երեխաների շրջանում է՝ 49 տոկոս և ամենացածրը՝ Արմավիրի մարզի երեխաների շրջանում՝ 7 տոկոս»,- ասված է զեկույցում:

ՀԺԱՀ-ն առանձնացրել է նաև բարելավման կարիք ունեցող ոլորտները:

«Հայաստանում տնային տնտեսությունների 5-ից 1- ը չունի բարելավված սանիտարական հարմարություններ: Գյուղական բնակավայրերում տնային տնտեսությունների կեսից ավելին չունի սանիտարական հարմարություններ»,- նշված է զեկույցում:

Զեկույցի համաձայն՝ ծխախոտի օգտագործումը բավական տարածված է տղամարդկանց շրջանում՝ 15-49 տարեկան տղամարդկանց 61 տոկոսը, ավելին, ծխող տղամարդկանց մեծ մասն օրական ծխում է 15 կամ ավելի գլանակ:

Զեկույցում անդրադարձ է կատարվում հանրության շրջանում տուբերկուլոզի իրազեկվածության մակարդակի մասին:

«Կանանց 61 տոկոսը և տղամարդկանց 69 տոկոսը գիտեն, որ այն բուժելի է: Տուբերկուլոզի մասին տեղյակ 10 կանանցից 2-ը և տղամարդկանց 12 տոկոսը սխալմամբ մտածում են, որ տուբերկուլոզը կարող է փոխանցվել սպասքից համատեղ օգտվելու արդյունքում»,- ասված է զեկույցում:

http://armenpress.am/arm/news/903363/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here