«Հայաստանն Ի Վիճակի Չէ Աւարտին Հասցնել «Հիւսիս-Հարաւ» Ծրագիրը». Ասիական Զարգացման Բանկի Ներկայացուցիչ

0
113

ԹԵՀՐԱՆ, «Ալիք».- «Հիւսիս-հարաւ» աւտոճանապարհի (ինքնաշարժի ճամբայ-Խմբ.) 556 կմ.ից կառուցուել է 31 կմ., ծախսուել է 150.3 մլն. ԱՄՆ դոլար եւ 23.14 մլն. եւրօ: Այս մասին «Թերթ»ի գրաւոր հարցմանն ի պատասխան յայտնել էին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատուական տեխնոլոգիաների (արհեստագիտութեան-Խմբ.) նախարարութիւնից: Հետեւաբար՝ 1 կմ. ճանապարհահատուածի համար ծախսուել է 5 մլն. 650 հզր. դոլար: Թէ երբ է աւարտուելու «Հիւսիս-հարաւ» ծրագիրը, նախարարութիւնից պատասխանել են, որ «Հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցք»ի շինարարութեան աւարտը կը ճշգրտուի միւս Տրանշերի (փոխանցումներու-Խմբ.) տեխնիկա-տնտեսական մանրամասն ուսումնասիրութիւնների արդիւնքում: Աշխատանքներն աւարտելու համար պահանջուող գումարի չափի մասին եւս յստակութիւն չկայ:

Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) մոնիտորինգի (վերահսկումի-Խմբ.) կազմակերպութիւնների աշխատանքային խմբի ղեկավար Սիլվա Ադամեանը «Թեր»չի հետ զրոյցում ասաց, որ 2009 թուականից հետեւում են ծրագրի ընթացքին, եկել են այն եզրակացութեան, որ Հայաստանում «Հիւսիս-հարաւ» ծրագիրն իրագործուելու շանսեր (հնարաւորութիւն-Խմբ.) չունի:

«Վարկատուները վերահսկողական մեխանիզմներ (յօրինուածքներ-Խմբ.) իրականացնել չեն կարող, պետութիւնը պէտք է քաղաքական կամք դրսեւորի Հայաստանի համար կենսական նշանակութիւն ունեցող ճանապարհը կառուցելու համար», նշեց նա:

Սիլվա Ադամեանն ասաց, որ 2009ից յետոյ ժամանակ առ ժամանակ նախարարութեան ներկայացուցիչների հետ հանդիպումներ են եղել, 2011-ին հանդիպել են նաեւ Ասիական բանկի Կովկասի ծրագրերի պատասխանատուների հետ. «Փորձեցինք մեր անհանգստութիւնը յայտնել՝ գումարները կան, եւ գործընթացն առաջ չի գնում, մեզ ասում էին՝ ծրագիրը լինելու է: 2012-2013-ին տեսանք, որ ոչինչ չի արւում եւ որոշեցինք բարձրաձայնել այդ խնդիրը, աւելին՝ փորձեցինք ԱԺ պատգամաւորների ներգրաւել: Ղազախստանում ամէնամեայ հանդիպման ժամանակ բանկի ներկայացուցիչներին յայտնեցինք իրավիճակը, ինչից յետոյ ակտիւութիւն նկատուեց ճանապարհի կառուցման գործում, եւ այժմ 556 կմ.ից կառուցւել է 31 կմ.ը»:

Սիլվա Ադամեանը նաեւ յայտնեց, որ հանդիպել է նաեւ Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներկայացուցչի հետ. «Կառավարիչն ինձ ասաց, որ իրենք զգոյշ են վերաբերւում այդ ծրագրին եւ կարծում են, որ ՀՀ կառավարութիւնը չի կարող շարունակել այդ ծրագիրը, ի վիճակի չէ»:

Հարցին, թէ առ այսօր որքա՞ն գումար է վարկով տրամադրել Ասիական զարգացման բանկը, քանի որ նախարարութիւնը յայտնում է, որ 150 մլն. դոլար է ծախսուել, Սիլվա Ադամեանն ասաց. «Ասիական զարգացման բանկի կողմից 550 մլն. դոլար է յատկացուելու ողջ ծրագրին, 150 մլն. դոլար էլ Եւրոպական բանկն է յատկացնելու ողջ ծրագրի համար: Պարզւում է, որ կառավարութիւնն էլ ասում է, որ փող չկայ, գումարը բաւարար չէ ծրագիրն աւարտին հասցնելու համար»:

Ադամեանը նաեւ նկատեց, որ ոչ միայն մշտադիտարկումներում, այլ նաեւ անզէն աչքով էլ նկատելի է, որ կառուցւած 31 կմ.ի իւրաքանչիւր 30րդ մետրին ճանապարհը քանդուած է, ակնյայտ են խնդիրներ եւ ոչ բարեխիղճ աշխատանք:

«Թերթ»ի հետ զրոյցում «Ելք» խմբակցութեան պատգամաւոր Էդմոն Մարուքեանը, հաշուի առնելով հրապարակուած տուեալները՝ ասաց. «Հայաստանի պատմութեան մէջ թալանի նման նախադեէպ չենք ունեցել: 1 կմ. համար ծախսել են մօտ 5 մլն. 650 հազար դոլար կառուցել են 31 կմ. ճանապարհ, դեռ 525 կմ. էլ պէտք է կառուցեն»:

Պատգամաւորի խօսքով՝ եթէ նոյն տեմպերով շարունակուի, ապա դեռ մօտ 3 միլիարդ դոլար է անհրաժեշտ ու մօտ 40 տարի ժամանակ, որպէսզի «Հիւսիս-հարաւ» ծրագիրը հասցուի աւարտին:

Հարցին, թէ օրէնսդրօրէն կամ որեւէ պահանջով որեւէ բան նախաձեռնւելո՞ւ է՝ հաշուի առնելով պատգամաւորի այն դիտարկումը, որ Հայաստանի պատմութեան մէջ նման թալան չի եղել, Էդմոն Մարուքեանն ասաց. «Դեռեւս խմբակցութեան նիստ չենք արել, բայց հնարաւոր է, որ համապատասխան խորհրդարանական յանձնաժողովում այդ հարցը նորից բարձրացնենք: Մինչեւ հիմա էլ ամէն անգամ, երբ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատուական տեխնոլոգիաների նախարարը որեւէ հարց է զեկուցում, միշտ այդ հարցը քննարկման առարկայ դարձրել ենք: Չի բացառւում, որ նաեւ այս ընթացքում մենք դրա հետ կապուած հարցեր բարձրաձայնենք»:

«Թերթ»ը փորձեց տեղեկանալ նաեւ ՀՀ վերահսկիչ պալատի իրականացրած գործունէութեան մասին գրաւոր հարցումով, քանի որ Վերահսկիչ պալատի պաշտօնական կայքում «Հիւսիս-հարաւ» ծրագրի մասին տուեալներ չկան:

Սակայն, Վերահսկիչ պալատի 2016 թուականի տարեկան հաշուետուութեան մէջ անդրադարձ կայ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարութեանը, որտեղ նշւում է, որ 2016-ին վերահսկողութեան օբիեկտ (ենթակայ, առարկայ-Խմբ.) է հանդիսացել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարութիւնը:

Վերահսկողութեան իրականացման ընթացքում կիրառուել են դիտարկման եւ վերլուծութեան ձեւերը, ինչպէս նաեւ համապատասխանութեան, կատարողական եւ ֆինանսական վերահսկողութեան տեսակները:

Վերահսկողութեան արդիւնքներով արուած հիմնական եզրահանգումները հետեւեալն են.

«Աւտոճանապարհների պահպանում եւ շահագործում» ծրագրում աւտոմոբիլային ճանապարհների վիճակի գնահատումն իրականացուել է առանց լրացուցիչ ցուցանիշները հաշուի առնելու:
«Աւտոճանապարհների պահպանում եւ շահագործում», «Պետական նշանակութեան աւտոճանապարհների հիմնանորոգում» եւ «Տրանսպորտային օբիեկտների հիմնանորոգում» ծրագրերը աւարտուած չեն՝ ընթացքի մէջ են, ուստի ծրագրերի ցուցանիշների կատարումը անհրաժեշտ է ուսումնասիրել եւ կատարման արդիւնաւէտութեան վերաբերեալ եզրակացութիւն տալ հնարաւոր կը լինի ծրագրերով նախատեսուած աշխատանքների աւարտից յետոյ:

Վերահսկողութեան արդիւնքներով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարութեանը առաջարկուել է ձեռնարկել միջոցներ ծրագրերով նախատեսուած բոլոր աշխատանքները սահմանուած ժամկէտում աւարտելու, ինչպէս նաեւ՝ ծրագրերով սահմանուած արդիւնքային ցուցանիշների կատարումն ապահովելու ուղղութեամբ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here