2012-2016 Թուականներին Հայաստանի Տնտեսապէս Ակտիւ Բնակչութիւնը Կրճատուել Է Մօտ 200 Հազարով

0
152

ՍԱՐԳԻՍ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Նախորդ հինգ տարիներին Հայաստանի տնտեսապէս ակտիւ բնակչութիւնը կրճատուել է շուրջ 200 հազարով: Ազգային վիճակագրական ծառայութեան համաձայն՝ 2012 թուականին երկրի տնտեսապէս ակտիւ բնակչութիւնը մէկ միլիոն 418 հազար էր, 2016-ին՝ մէկ միլիոն 226 հազար:

Եթէ ստացուած թիւը բաժանենք տարիների, ապա նախորդ հինգ տարուայ ընթացքում իւրաքանչիւր տարի Հայաստանի տնտեսապէս ակտիւ բնակչութիւնը կրճատուել է միջինը մօտ 40 հազարով:

Մինչ տնտեսագէտները նշուածը «աղէտ» են որակում երկրի տնտեսութեան համար, կառավարութիւնում լաւատես են։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրէն Կարայեանն այսօր խորհուրդ տուեց աւել շատ կենտրոնանալ ՀՆԱի (Համախառն Ներքին Արդիւնքի), արդիւնաբերութեան եւ արտահանման աճի վրայ. «Ես ճիշդ չեմ համարում, որ մենք ներկայումս մեկնաբանենք, թէ 12-16 թուականների ընթացքում ինչքանով է կրճատուել: Ես կարող եմ եւ կոչ կ՛անեմ, որպէսզի մենք անդրադառնանք վերջին տարուայ ընթացքին։ Մենք բազմիցս յայտարարել ենք, որ նոր աշխատատեղեր են ստեղծւում, եւ եթէ մենք ուզում ենք խօսենք տնտեսութեան զարգացման ուղղութիւնների վերաբերեալ, մենք պէտք է վերցնենք այն մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք վերաբերում են երկրի տնտեսական զարգացմանը: Դա առաջին հերթին համախառն ներքին արդիւնքի աճն է, դա արտահանման աճն է, դա արդիւնաբերութեան աճն է եւ մնացած այլ ցուցանիշները»:

Անցած տարի Հայաստանը փակեց ընդամէնը 0.2 տոկոս տնտեսական աճով, ինչը ամենացածար ցուցանիշն էր 2009թ. տնտեսական խորը անկումից յետոյ:

Ազգային վիճակագրական ծառայութեան եւ Ֆինանսների նախարարութեան տուեալներով, եթէ 2008 թուականին՝ տնտեսական ճգնաժամին նախորդած տարում, երկրի համախառն ներքին արդիւնքը կազմում էր 11.9 միլիարդ դոլար, իսկ պետական պարտքը 1.9 միլիարդ դոլար էր, ապա 2016ը փակեցինք 10.5 միլիարդ դոլար ՀՆԱով, իսկ պետական պարտքն աւելացել էր աւելի քան երեք անգամ՝ կազմելով 5 միլիարդ 942 միլիոն դոլար:

Փաստօրէն իշխանութիւնները յաջողացրել են անգամներով աւելացնել պետական պարտքը, սակայն չեն յաջողել վերականգնել շուտով տասը տարուայ վաղեմութեան տնտեսական մակարդակը:

Այս տարուայ ընթացքում պետական պարտքը շարունակել է աճել։ Ֆինանսների նախարարութեան տուեալներով, 2017-ի առաջին եօթ ամիսներին պետական պարտքն աւելացել է 259 միլիոն դոլարով եւ 31 Յուլիսի դրութեամբ կազմել 6 միլիարդ 201 միլիոն դոլար:

Հայաստանի Կենտրոնական բանկը 1994-1998 թուականներին ղեկավարած Բագրատ Ասատրեանի խօսքով, տնտեսապէս ակտիւ բնակչութեան նման աղէտալի կրճատումը եւ ՀՆԱ-ի ու պետական պարտքի մակարդակները ի ցոյց են դնում տնտեսութեան վատ վիճակը. «Մարդիկ գնում են Հայաստանից՝ զբաղուածները կամ տնտեսապէս ակտիւները: Դա 16-ից մինչեւ թոշակային տարիքի բնակչութիւնն է. լքում են: Սա մի գործօնն է: Երկրորդը, իհարկէ, ժողովրդագրական կառուցուածքն է. մեր բնակչութեան ժողովրդագրական կառուցուածքում, ինչպէս նաեւ աշխատանքային ռեսուրսների կամ աշխատող-չաշխատող յարաբերակցութեան որոշակի ոչ դրական տեղաշարժեր են տեղի ունենում»:

Ըստ Ասատրեանի՝ բնակչութեան շարունակուող կորստով Հայաստան տարէցտարի նուազեցնում է տնտեսական զարգացման անցնելու իր հնարաւորութիւնը. «Տնտեսութիւն ասածը մի քանի տիպի ռեսուրսներ են: Ռեսուրսներից կարեւորագոյնը կամ ոչ պակաս կարեւորը աշխատանքային ռեսուրսն է: Սա տնտեսութեան այբուբենն է, եւ այս պրոբլեմը (հարցը, խնդիրը-Խմբ.) շատ-շատ լուրջ է, բայց համարժէք վերաբերմունքի այդպէս էլ չի արժանացել իշխանութիւնների կողմից»:

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here