Արցախի անկախության համար կռվել է մեր ազգի սերուցքը. Մշակութային գործիչները խոսել են Արցախի անկախության մասին

0
164

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ և անկախ Արցախը սեպտեմբերի 2-ին տոնում է անկախության 26-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ «Արմենպրես»-ի թղթակցի զրուցեց Հայաստանի մշակութային գործիչների հետ, որոնք յուրովի են գնահատում ու արժևորում Արցախի անկախության փաստը:

«Արցախի անկախությունը կարելի է երկու կողմից դիտարկել. մի կողմից ասես Հայաստանը դրանից տուժեց, քանի որ փակվեցին սահմանները և բարդացավ մեր երկրի տնտեսական վիճակը, սակայն դա միայն մակերեսային հայացք է: Մյուս կողմից, խոր նայելով, տեսնում ենք, որ եթե չլիներ արցախյան շարժումը, դեմոգրաֆիական վիճակը Հայաստանում սարսափելի կլիներ. մեծ քանակով ադրբեջանցիներ, թուրքեր կապրեին մեր երկրում, իսկ նրանք արագ են բազմանում:

Արցախյան շարժման շնորհիվ մենք այսօր ունենք մաքուր էթնիկ հանրապետություն, որի նմանը, թերևս, աշխարհում չկա: Կարծում եմ, որ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի համար դա պատմական անհրաժեշտություն էր, փրկության օղակ: Պարզապես պետք է դիմանալ, ճկուն քաղաքականություն վարել, որպեսզի պատերազմը արգելակվի, մարդիկ չզոհվեն: Վստահ եմ, որ ամեն բան լավ է լինելու»,-նշեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Գուրգեն Խանջյանը:

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի խոսքով՝ ինչքան օդը, ջուրը, կյանքը, նվիրումը, հայրենիքն են անհրաժեշտ ապրելու համար, այնքան էլ՝ անկախության զգացումը, փաստը: «Մեր երկիրը սկսեց պատմական նոր շնչով ապրել Արցախի անկախության հռչակագրի ստորագրումից հետո միայն: Կարծում եմ՝ պետք է փորձենք ավելի գործնական լինել մեր անկախությունը պահպանելու համար:

Անկախությունն առաջին հերթին գիտակցություն է: Մարդը կարող է ֆիզիկապես բանտարկված, բայց հոգեպես, մտքով ազատ լինել: Տարիների ընթացքում արցախյան երևույթը մեր մեջ մնաց ոչ թե պատմականորեն կայացած փաստ, այլ երազանքի պարտադիր պատգամ»,-շեշտեց Ամիրխանյանը:

«Մինչև Արցախի ազատագրումը սեպտեմբերի 2-ը միշտ եղել է իմ ծննդյան օրը, հիմա, սակայն, այն շատ ավելի մեծ խորհուրդ է պարունակում ինձ համար. ազատագրված է հայոց պատմական աշխարհի մի մասնիկը կազմող մեր Արցախ դրախտավայրը, որը մեծագույն ջանքերի ու կորուստների գնով կարողացանք հետ նվաճել: Այնտեղ կռվեց մեր ազգի սերուցքը: Արցախյան գոյամարտի շնորհիվ հայը նորից բարձրացրեց գլուխն ու նորովի արժևորեց «միացում» հրաշագեղ բառը, որն իր գոյության բանալին է: Հիմա էլ հայ տղաները շարունակում են իրենց հայրերի ու ավագ եղբայրների կռիվը, պատերազմ, որն, ըստ էության, երբեք էլ չի ընդհատվել: Եվ նրանք էլ, իրենց ավագների պես ունեն հաղթանակածի գիտակցությունը: Փառք ու պատիվ հայրենիքի բոլոր իսկական զավակներին, բոլոր մտքերս միշտ նրանց հետ են:

Մաղթանքներ առանձնապես չեմ սիրում, մաղթել կարելի է ինչ ասես, խոսքերից շատ ավելի արժեքավոր գործերն ու ձեռքբերումներն են: Միակ ցանկությունս ապրել, կռվել ու արարել հային վայել, մի բան, որ ցանկանում եմ բոլորիս:

Ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ նույնիսկ արտասահմանցիներն են սկսել Ղարաբաղի փոխարեն կիրառել Արցախ. աշխարհը մի օր ընդունելու է հայոց երկրորդ հանրապետության անկախությունը, մի բան, որ ավելի շատ պետք է հենց իրեն` աշխարհին: Տարոսը Հայքի մյուս տարածաշրջաններին, որոնք դեռևս օտարի լծի տակ են: Ու թող ոչ ոք չասի, թե փոքրաթիվ ենք` ապրիլյան քառօրյան ցույց տվեց ու ապացուցեց, որ հայրենիք պաշտպանելիս աշխարհի տարբեր ծայրերից շուտափույթ ժամանող հայերը գիտեն միավորվել ու զորավիգ լինել միմյանց՝ թողած սեփական հոգսերն ու խնդիրները:

Շնորհավորում եմ բոլորիս`կեցցե՛ ազատ ու անկախ Արցախը, կեցցե՛ ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ սփյուռքը: Պայքարը շարունակվում է, մեր կյանքը իմաստավորված է հենց դրանով»,-ասաց երգահան, դրամատուրգ, սցենարիստ, գրող Քրիստ Մանարյանը:

1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում: Այդպիսով իրականացվեց մի իրավունք, որն արտացոլված էր այն ժամանակ գործող օրենսդրության մեջ, մասնավորապես 1990 թվականի ապրիլի 3-ին ընդունված օրենքը, որը նախատեսում էր ազգային ինքնավարություններին իրավունք տրամադրել ինքնուրույն կերպով որոշելու սեփական պետաիրավական կարգավիճակը՝ ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում: 1991 թվականի դեկտեմբեր 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, արտահայտվեց Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին: Դրան հետևած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարան, որն էլ կազմեց առաջին կառավարությունը: Անկախ ԼՂՀ կառավարությունը իր պարտականությունների իրականացմանն անցավ բացարձակ շրջափակման և նրան հետևած Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում: Հաղթահարելով պատերազմը` ԼՂՀ-ն պահպանեց ինքնիշխանությունը:

Անժելա Համբարձումյան

http://armenpress.am/arm/news/903939/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here