Դանիայի դեմ խաղային տակտիկան կորոշենք ֆիզիկական վիճակից ելնելով. Արթուր Պետրոսյան

0
158

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի կարծիքով ազգային ընտրանին հոգեբանորեն պատրաստ է Դանիայի դեմ խաղին:

«Ռումինիայի դեմ խաղում մինչև կարմիր քարտը մեզ մոտ լավ ստացվեց: Կարողանում էինք լավ պաշտպանվել և գրոհներ կազմակերպել: Իսկ կարմիր քարտից հետո մենք փոխեցինք խաղային տակտիկան՝ դարձանք նորից 4 պաշտպանի: Իսկ ինչ կապված է Տարոն Ոսկանյանի կարմիր քարտին, ապա այն մեծ հարված էր թիմի համար: Վաղվա խաղին կփորձենք ելքը գտնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պետրոսյանը:

Գլխավոր մարզիչը խոսեց նաև դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանի և Սարգիս Ադամյանի մասին, ովքեր նոր են հրավիրվել հավաքական. «Մելիքսեթյանը բարձր մակարդակի խաղ անցկացրեց: Հուսով եմ նույնությամբ կշարունակի: Իսկ ինչ կապված է Ադամյանին, ապա իմ կարծիքով նա կարող է մեր թիմին օգնել: Նա իր 20 րոպե խաղադաշտում մեծ նվիրվածությամբ անցկացրեց»:

Լրագրողների այն հարցին, թե ինչ կարծիք ունի Պետրոսյանը Մխիթարյանի՝ Ռումինիայի դեմ խաղի մասին, մարզիչն ասաց. «Իմ կարծիքով Հենրիխը շատ լավ խաղաց ռումինացիների դեմ: Նա ահռելի աշխատանք է կատարում թիմի համար: Մենք Հենրիխից 3 գոլային փոխանցում և 2 գոլ ենք սպասում: Սա թիմային խաղ է, Մխիթարյանը պետք է թիմին օգնի, թիմը՝ Մխիթարյանին: Դանիայի դեմ խաղային տակտիկան կորոշենք ֆիզիկական վիճակից ելնելով, քանի որ հոգեբանորեն պատրաստ ենք այս խաղին»:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության E խմբի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի մարզադաշտում կհյուրընկալի Դանիայի թիմին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

http://armenpress.am/arm/news/903994/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here