Հայ-ռուսական համալսարանը դարձավ առաջին հայկական համալսարանը SAP դաշինքում

0
157

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական համալսարանը սեպտեմբերի 1-ին պայմանագիր է կնքել համաշխարհային SAP համալսարանական դաշինքի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայ-ռուսական համալսարանը դարձավ առաջին հայկական բուհը, որը ընդգրկված է այդ դաշինքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառման ժամանակ Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը բարձր գնահատեց SAP դաշինքի հետ համագործակցությունը և նշեց, որ տվյալ կազմակերպությունը ծրագրային լուծումների և թվային տնտեսության ոլորտում համարվում է առաջատարը աշխարհում, ինչպես նաև հույս հայտնեց, որ ՀՌՀ-ի և SAP-ի համագործակցությունը արդյունավետ կլինի նոր սերնդի համար:

SAP-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Խաչատուր Շերենցի խոսքով՝ Հայ-ռուսական համալսարանի ուսանողները ոչ միայն սովորելու են նորարարություն, այլ նաև ամբողջ աշխարհում աշխատելու են SAP գործընկերների և հաճախորդների նախագծերի վրա:

« Մենք ուրախ ենք հայտարարելու այն մասին, որ Հայ-ռուսական համալսարանը Հայաստանում առաջին բուհն է, որը մուտք է գործում SAP համակարգ:

Հայ-ռուսական համալսարանի ուսանողները, ծանոթանալով բիզնեսի կառավարման առաջադեմ լուծումներին, կկարողանան ընդլայնել իրենց մասնագիտական հմտությունները՝ ստանալով մուտք դեպի նորարական լուծումներ, որոնք ամբողջ աշխարհում օգտագործում են SAP-ի բոլոր հաճախորդները եւ գործընկերները:

SAP համակարգը համալսարաններին նոր հնարավորություններ և մրցակցային առավելություններ է տալիս: Համալսարաններից դուրս են գալիս այնպիսի երիտասարդ մասնագետներ, ովքեր պահանջված են համաշխարհային շուկայում»,- ասաց Խաչատուր Շերենցը:

ՀՌՀ-ի ուսանողների և դասախոսների համար սեպտեմբերի 1-ին կազմակերպվեց SAP տեխնոլոգիաների օր:

Հայ-ռուսական համալսարանի հենքի վրա գործարկվելու է նորարարության և կապեր հաստատելու SAP Next-Gen Lab կենտրոնը, որտեղ ուսանողները ոչ միայն սովորելու են տեխնոլոգիաները, այլ նաև աշխատելու են SAP գործընկերների և հաճախորդների նախագծերի վրա ամբողջ աշխարհում:

SAP համալսարանական դաշինքը համաշխարհային կրթական ծրագիր է, որը ծանոթացնում է ուսանողներին և դասախոսներին SAP ծրագրային ապահովմանը և նորարարական տեխնոլոգիաներին:

Ծրագրի նպատակն է զարգացնել տեխնիկական եւ կառավարման հմտությունները, ներառելով SAP-ի լուծումները կրթական գործընթացում: SAP-ին միացել է աշխարհի 106 երկրների 3300 ուսումնական հաստատություն:

http://armenpress.am/arm/news/903912/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here