Նկարիչ Պետիկ Պետրոսյանի գեղանկարչական և գրաֆիկական գործերը ներկայացվեցին արվեստասերներին

0
168

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարահայ նկարիչ Պետիկ Պետրոսյանի  «Նավամատույցներ» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան 90 գեղանկարչական ու գրաֆիկական երկեր, որոնք պատմում են Հայաստանի, Սիլիստրայի գեղատեսիլ վայրերի ու գողտրիկ անկյունների մասին: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 3-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:

«Պետիկ Պետրոսյանի կտավներն առաջին անգամ են ցուցադրվում նրա հայրենիքում: Չունենալով բաձրագույն  կրթություն` նա իր արվեստը կերտել է` հենվելով ռումինական նկարչության վրա: Պետրոսյանի աշխատանքներում նկատելի է նաև բուլղարացի նկարիչների ազդեցությունը»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ` նշեց ցուցադրության համադրող Մարգարիտա Խաչատրյանը: Նա ընդգծեց, որ շեշտը դրել է նկարչի ստեղծած ծովային տեսարանների վրա: «Առանձին սրահում ներկայացված են ցամաքային պատկերները, սոցռեալիստական շրջանի  աշխատանքները, Սիլիստրայի Սուրբ Աստվածածին հայկական առաքելական եկեղեցու  սրբապատկերը,  զարդանախշերի վերատպությունները»,-եզրափակեց նա:

Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովայի խոսքով` ցուցահանդեսի «Նավամատույցներ» խորագիրը վերաբերում է Բուլղարիային, որը հայ ազգի համար ծանր ժամանակաշրջանում ապաստան է տրամադրել նկարչին: «Քանի որ այս տարի լրանում է Բուլղարիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ես չեմ կարող չընդգծել գեղանկարչի աշխատանքների հիմնական հաղորդագրությունների արդիականությունն ու վավերականությունը ներկայիս համատեքստում: Նրա անձնական և գեղարվեստական ժառանգությունը հարստացրել ու ամրապնդել են  Բուլղարիայի և Հայաստանի միջև մշակութային երկխոսությունը»,-եզրափակեց դեսպանը:

Ընդգրկված էին աշխատանքներ նկարչի ընտանիքի և մասնավոր հավաքածուներից, Սոֆիայի, Վառնայի, Պլովդիվի պատկերասրահներից, բնանկարներ, քաղաքային ու ծովային տեսարաններ, ինչպես նաև մեկ սրբապատկեր և եկեղեցու զարդապատկերների վերատպություններ:

Ցուցահանդեսն իրականացվեց ՀԲԸՄ Հայաստանը` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանավորությամբ, Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարիա Պավլովա Ցոցորկովայի, Հայաստանի Ազգային պատկերասրահի և Սոֆիայի քաղաքային պատկերասրահի աջակցությամբ:
http://armenpress.am/arm/news/907620/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here