Արտաշես Գեղամյանը Նիկոլ Փաշինյանին իր անհամաձայնությունը հայտնել է բացատրական աշխատանքի միջոցով

0
119

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը շարունակում է պնդել, որ բռունցքներով չի հարձակվել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի վրա: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և Վահրամ Բաղդասարյանի հետ շուրջ մեկ ժամ տևած քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում Արտաշես Գեղամյանն ասաց, որ բռունցքներ չի օգտագործել: «Ես ընդամենը իմ անհամաձայնություններն եմ հայտնել այն երևույթներին, որոնք դրսևորվել են Ազգային ժողովում վերջին օրերին, սակայն բռունցքներ ես չեմ օգտագործել: Իմ անհամաձայնությունը ես հայտնել եմ բացատրական աշխատանքով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գեղամյանը:

Նա հավելեց, որ իր կարծիքով Ազգային ժողովի ամբիոնից պետք է միայն խնդրո առարկայի վերաբերյալ խոսել, ոչ թե անդրադառնալ այս կամ այն անձին՝ այն էլ նրան նմանակելու և, միգուցե, մի փոքր տգեղ գործողությունների միջոցով:

Գեղամյանը վստահեցնում է, որ իր անհամաձայնությունները Նիկոլ Փաշինյանին հայտնել է միայն բացատրական աշխատանքի միջոցով՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է իր ասածները: Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը չի ընդունել, պատգամավորը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ համոզիչ եմ ասել, իսկ նա ընդունել է: Եթե չի ընդունել, ես ի՞նչ կարող եմ ասել իր փոխարեն: Իսկ բռունցք ես չեմ օգտագործել: Եթե օգտագործեի, հետևանքներն ավելի լուրջ կլինեին»:

Պատգամավորն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե Արտաշես Գեղամյանի վրա կոշիկները փայլեցրել է: «Ես կարդացել եմ, որ իմ վրա կոշիկներ են փայլեցրել: Նման բան չի եղել, բայց որպես կատակ ինձ շատ է դուր եկել»,- ասաց Արտաշես Գեղամյանը:

 

http://armenpress.am/arm/news/907897/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here