Հայաստանում նշվում է գրադարանավարի մասնագիտական տոնը. հարցազրույց Հասմիկ Կարապետյանի հետ

0
120

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 7-ին նշվում է Գրադարանավարի օրը։ Նման տոնի առկայությունը վկայում է, թե ինչ կարևորություն է տրվում մեզանում գրադարաններին, որոնց դերը ժողովրդի, հատկապես երիտասարդ սերնդի գեղագիտական ու նաև հայրենասիրական դաստիարակության գործում անուրանալի է։ Տոնի կապակցությամբ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանի հետ։

-Նախ, եկեք հիշենք, թե որերորդ անգամ է մեզանում նշվում այդ տոնը, որը հիրավի վերածվել է համաժողովրդական տոնի, ինչպես, օրինակ, ընդամենը երկու օր առաջ նշված Ուսուցչի օրը։

-Տասը տարուց ավելի, ավելի ստույգ՝ 2004 թվականից, մենք նշում ենք Գրադարանավարի օրը։

-Ձեր գրադարանի անվան մեջ նշված է «կենտրոնական» բառը։ Իսկ դա ենթադրում է նաև մասնաճյուղերի առկայությունը։ Քանի՞ մասնաճյուղ ունի Իսահակյանի անունը կրող գրադարանը։

-Այո, Դուք իրավացի եք։ Մեր գրադարանը մեր մայրաքաղաքի տարբեր շրջաններում ունի յոթ մասնաճյուղ։

-Իսկ որքա՞ն աշխատող ունեք և ինչպիսի՞ն է գրադարանի ֆոնդը։

-Աշխատողների թիվը 170 է, իսկ մեր ֆոնդը բաղկացած է ավելի քան մեկ միլիոն հատորից։ Ունենք 22 բաժին, գրադարանում գործում են գրական և թատերական ստուդիաները։ Մասնավորապես, մեր գրադարանն է հիմնադրել «Նռան հատիկ» մանկական թատերական արվեստի հանրապետական փառատոնը, որին ահա քառորդ դար ակտիվորեն մասնակցում է Իսահակյանի անվան գրադարանի թատերական ստուդիան, իսկ գրական ստուդիան արդեն հրատարակել է չորս ժողովածու, որտեղ տեղ են գտել այդ խմբակի անդամների լավագույն ստեղծագործությունները։

-Տիկին Կարապետյան, կարծեմ, Իսահակյանի գրադարանում գործում է չորս միջազգային կենտրոն։ Որո՞նք են դրանք և ո՞րն է նրանց գործունեության նպատակը։

-Այո, ունենք և այդպիսիք չորսն են՝ ամերիկյան, բրիտանական, ֆրանկոֆոնիայի և ասիական։ Ճանաչողական այդ կենտրոնների ստեղծմանը մեծապես նպաստել են այդ երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանությունները։ Այդ կենտրոններում ընդգրկված տարբեր տարիքի ընթերցողների համար կազմակերպվում են լեզուների ուսուցման դասընթացներ։ Նրանք ծանոթանում են այդ երկրների մշակույթին և պատմությանը, ավանդույթներին։

-Տիկին Կարապետյան, Դուք վերջերս Երևանի պատվիրակության կազմում եղաք Սանկտ Պետերբուրգում։ Ենթադրում եմ, որ Դուք այնտեղ  ծանոթացաք նաև Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքի գրադարանների գործունեությանը։

 -Այո, Դուք իրավացի եք։ Մենք Պիտերում եղանք քաղաքի երկու՝ Վլադիմիր Մայակովսկու անվան կենտրոնական հանրային և Միխայիլ Լերմոնտովի անվան միջշրջանային գրադարաններում, ծանոթացանք նրանց գործունեությանը։ Ոչ միայն ծանոթացանք, այլև համագործակցության համաձայնագրեր ստորագրեցինք նրանց հետ։

Մասնավորապես, Մայակովսկու անվան գրադարանի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց պարբերաբար փոխանակել մեր գրադարաններում մշակված անհրաժեշտ գիտագործնական, մեթոդական նյութերով, համատեղ միջոցառումներ կազմակերպել, նպաստել միմյանց առաջընթացին, փորձի փոխանակում կատարել և այլն։    

Լերմոնտովի անվան գրադարանի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել առաջիկայում անցկացնել ռուսական և հայկական մշակույթների օրեր, հայ և ռուս դասական գրողներին նվիրված  ցերեկույթներ, երկու երկրների երիտասարդ գրողների երկերի համատեղ քննարկումներ և այլ միջոցառումներ։ Մի խոսքով, համոզված եմ, որ երկու քույր քաղաքների գրադարանների համագործակցությունը, անշուշտ, կնպաստի մեր երկրների բարեկամության հետագա խորացմանը։

-Տիկին Կարապետյան, թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ և Հայաստանի բոլոր գրադարանավարներին՝ պրոֆեսիոնալ տոնի առթիվ և ցանկանալ Ձեր բոլոր իղձերի իրականացում։ Շնորհակալություն հարցազրույցի համար։                                                                                         

Հարցազրույցը՝ Լևոն Ազրոյանի

http://armenpress.am/arm/news/908132/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here