Գործազուրկների թիվը նվազել է, սակայն աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի անհամապատասխանություն կա

0
113

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործազուրկների թիվը 2017-ին նվազել է 7 տոկոսով նախորդ տարվա համեմատ: Այնուամենայնիվ, աշխատաշուկայի գերակա խնդիրն է շարունակում մնալ առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունը. գործատուները փնտրում են մի քանի հմտություններով օժտված մասնագետների: Գործազրկության, աշխատաշուկայի վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ՀՀ զբաղվածության պետական գործակալության աշխատաշուկայի  վերլուծության, կանխատեսման և գնահատման բաժնի պետ Հասմիկ Թադևոսյանի հետ:

-Տիկին Թադևոսյան, աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվն այս տարի որքա՞ն է:

 Հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք է փնտրում 88609 մարդ, որոնցից գործազուրկի կարգավիճակ ունի 73621-ը:  Գործազուրկների թվաքանակում ամենաշատը ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողներն են՝ 54.8 տոկոս: Բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների քանակը կազմում է 12.5 տոկոս, միջին մասնագիտական կրթություն ունեցողներինը՝  18.1,  նախնական մասնագիտական կրթություն ունեցողներինը՝ 5.5 տոկոս: Հիմնականում նրանք աշխատանք են փնտրում իրենց մասնագիտությամբ, իսկ չունեցողներին ցանկության դեպքում ընդգրկում ենք մասնագիտական ուսուցման դասընթացներում:

Իսկ ինչպիսի՞ն է ցուցանիշը նախորդ տարվա համեմատ:

-2016-ին աշխատանք փնտրողների թիվը եղել է 96 106, գործազուրկներինը՝ 79 195: Նախորդ տարվա համեմատ այս տարի ցուցանիշները նվազել են՝ 7.8 տոկոսով աշխատանք փնտրողների թիվը, իսկ մոտ 7 տոկոսով՝ գործազուրկներինը:

-Ո՞ր մարզում է ամենաբարձ և որո՞ւմ ամենացածր գործազրկությունը: Ինչո՞վ է պայմանավորված:

-Ամենաշատ գործազուրկների թիվն այս տարի գրանցվել է Շիրակում: Հոկտեմբերի 1-ի դրությամբ ունենք 16244 աշխատանք փնտրող, որից 13236-ն ունեն գործազուրկի կարգավիճակ: Ամենաքիչ գործազրկությունն ունի Վայոց ձորը: 1810 աշխատանք փնտրող կա գրանցված, որոնցից 1275-ն ունեն գործազուրկի կարգավիճակ: Նման ցուցանիշը, իհարկե, կապված է բնակչության թվաքանակի հետ:

-Գործակալության միջոցով այս տարի որքա՞ն մարդ է տեղավորվել աշխատանքի և ո՞ր ոլորտներում:

 Հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանքի է տեղավորվել 6162 աշխատանք փնտրող: Աշխատատեղերը եղել են ՝ արդյունաբերության , մեծածախ  և մանրածախ  ավտոմեքենաների, մոտոցիկլների նորոգման, սպասարկման  և այլ ոլորտներում: Ի դեպ, նախորդի համեմատ այս տարի ավելի շատ մարդ է տեղավորվել աշխատանքի:

-Ցուցանիշի բարելավումն ինչո՞վ է պայմանավորված, ի՞նչ քայլեր են իրականացվել այդ ուղղությամբ:

 – Այդ ուղղությամբ իրականացվել են մի շարք քայլեր: Ակտիվացրել են ԶՏԿ-ների և գործատուների միջև համագործակցությունը: Սեպտեմբերից սկած իրականացնում ենք նաև տոնավաճառներ, որի արդյունքում հայտնաբերվում են թափուր աշխատատեղեր, ինչպես նաև առաջիկայում կանխատեսվող աշխատատեղեր:  Կառավարությամբ համապատասխան որոշումը ևս նպաստել է ցուցանիշի բարելավմանը:

-Աշխատանքի տեղավորվածներից քանի՞սն են եղել անմրցունակ և նրանցից քանի՞սը հաշմանդամություն ունեցող անձինք: Ի՞նչ ծրագրեր են նպաստել նրանց տեղավորմանը:

Աշխատանքի տեղավորվածներից անմրցունակ անձանց թիվը 5405 է: Հաշմանդամություն ունեցողներինը՝ 117-ը: Անմրցունակ անձանց աշխատաքի տեղավորմանը նպաստելու համար իրականացրել ենք երկու հիմնական ծրագիր՝ գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում՝ 680 անմրցունակ անձի և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործատուներին աջակցության տրամադրման ծրագրով՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ 240 անձի: Նախորդ տարի նույն ժամանակում աշխատանքի էր տեղավորվել  ավելի շատ անմրցունակ անձ՝ 5900:

-Իսկ ինչո՞վ կպայմանավորեք այս տարի աշխատանքի տեղավորված անմրցունակ անձանց թվաքանակի կրճատումը:

– Նախորդ տարվա ցուցանիշը փոքր-ինչ բարձր էր, քանի գործում էին նաև այլ ծրագրեր: Դրանցից էին այլ վայր գործուղման, ձեռնարկատիրական , սեզոնային աշխատանքներին վերաբերող ծրագրերը: Այս ծրագրերը 2016-ի սեպտեմբերին կառավարության որոշումով  հաստատվել էին: Սակայն 2017-ի մարտին կառավարության արձանագրային որոշմամբ՝ ավելի շատ շեշտադրում արվեց նվազ ծախս պահանջվող ծրագրերին՝  գործատուին միանվագ փոխհատուցման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործատուներին աջակցության տրամադրմանը:

-Որքա՞ն և ո՞ր ոլորտներում են առկա ամենաշատ թափուր աշխատատեղերը:

 Տարեսկզբից հավաքագրվել է շուրջ 6839 թափուր աշխատատեղ: Առյուծի բաժինը թեթև արդյունաբերության,  սպասարկման և առևտրի ոլորտներում է: Այս երեք ոլորտներում պահանջարկն ավելի շատ է, սակայն առկա են թափուր տեղեր նաև կրթության, գյուղատնտեսության, առողջապահության, գյուղատնտեսության ոլորտներում:  Առողջապահության ոլորտում ունենք 469, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում՝ 489  թափուր աշխատատեղ: Մարզերում ամենաշատ թափուր աշխատատեղեր կան բժշկի, դասավանդողների, ճարտարապետների մասնագիտությամբ:  Երևանում և մարզերում միջին մասնագիտական կրթությամբ պահանջված մասնագիտություններն են ֆինանսի, առևտրի բնագավառի  գործակալները, գանձապահները, միջին բժշկական անձնակազմը, արվեստի, մարզական բնագավառների աշխատողները, փականագործները:

-Ո՞րն է աշխատաշուկայի գերակա խնդիրն այսօր:

-Ամենամեծ խնդիրն առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունն է: Բոլոր մասնագիտություններով մենք առաջարկ ունենք, սակայն առկա է որակի խնդիր՝ պահանջում են բարձր որակավորման մասնագետներ: Հաճախ գործատուները փնտրում են մի քանի հմտություններով օժտված մասնագետի՝ օտար լեզուների, համակարգչային գիտելիքների իմացությամբ, ինչը դժվար է գտնվում:  Կան աշխատատեղեր, որոնք երկար ժամանակ թափուր են մնացել, քանի որ գործատուն չի գիտել համապատասխան հմտություններ ունեցող մասնագետի: Սա դեռևս աշխատաշուկայի գերակա խնդիրն է:

Հարցազրույցը` Աննա Գրիգորյանի

http://armenpress.am/arm/news/909392/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here