Մեզ համար անընդունելի է, որ ՀԱՊԿ անդամ երկիրը կարող է զենք վաճառել Ադրբեջանին. Կորյուն Նահապետյան

0
134

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն անընդունելի է համարում Հավաքական պայմանագրի կազմակերպության անդամ երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր վաճառելու հավանականությանը, Կորյուն Նահապետյանն ընդգծեց, որ Հայաստանի համար ցավալի է, որ ՀԱՊԿ անդամ երկիրը կարող է զենք վաճառել մի պետության, որը ագրեսիվ քաղաքականություն է իրականացնում նույն այդ կազմակերպության անդամ երկրի դեմ:

«Սա մենք պետք է փաստենք և սրա մասին պետք է բարձրաձայն խոսենք: Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել տարբեր պետություններից, և որևէ պետություն ինքն է որոշում, թե ինչպիսի համագործակցություն իրականացնի մեկ այլ երկրի հետ, այդ թվում` ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում»,- ասաց Նահապետյանը:

Պատգամավորը հավելեց`  եթե մենք ՀԱՊԿ շրջանակներում ունենք միասնական մոտեցում, և մեր շահերն անվտանգության ապահովման տեսանկյունից պետք է լինեն համընդհանուր, ապա հավաքական անվտանգության կազմակերպումը գերակա պետք է լինի կազմակերպության բոլոր անդամների համար: «Այդ իսկ պատճառով ես դա համարում եմ անընդունելի»,- եզրափակեց Կորյուն Նահապետյանը:

Բելառուսական և ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածել այն մասին, թե Ադրբեջանի և Բելառուսի նախագահները քննարկել են Բաքվին բելառուսական «Պոլոնեզ» հրթիռային համակարգերի մատակարարման հարցը: 

 

 

 

http://armenpress.am/arm/news/909255/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here