Բրիտանական կրթական ցուցահանդեսը ՀՀ քաղաքացիներին կծանոթացնի Մեծ Բրիտանիայում կրթություն ստանալու հնարավորություններին

0
133

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Best of British Education կրթական ցուցահանդեսը Հայաստանում հնարավորություն կընձեռի ծանոթանալու բրիտանական որակյալ կրթություն ստանալու հնարավորություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասացին կազմակերպիչները:

«Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը շատ ուրախ է Բրիտանական խորհրդի հետ համատեղ կազմակերպելու ցուցահանդես, որի շրջանակում կներկայացվեն Մեծ Բրիտանիայում  և Հայաստանում բրիտանական որակյալ կրթություն ստանալու և զարգացնելու հնարավորությունները: Այն հիանալի հնարավորություն է ինչպես Հայաստանի դպրոցականների և երիտասարդների, այնպես էլ տարբեր ոլորտների մասնագետների համար»,-ասաց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը ու առանձնացրեց ցուցահանդեսի շրջանակում ներկայացվելիք երկու ՝  Chevening կրթաթոշակի և John Smith Fellowship ծրագրերը:

 Chevening կրթաթոշակի ծրագիրը հնարավորություն է ընձեռում հայաստանցի ուսանողներին իրենց մագիստրոսական կրթությունն անվճար ստանալ բրիտանական լավագույն համալսարաններում: Կրթաթոշակի շրջանակներում ֆինանսավորվելու է ուսանողների ինչպես կրթության ողջ վճարը, այնպես էլ կեցության և ուղևորության ծախսերը: Իսկ John Smith Fellowship ծրագրով նախատեսված կրթաթոշակն ուղղվում  է սկսնակներին: Այն հնարավորություն է ընձեռում 4 շաբաթ ուսուցում անցնել բրիտանական պետական և մասնավոր կառույցներում: Հայտագրումների փուլն արդեն բաց է:

«Հայաստանում գտնվելու երկու տարիներին նկատել եմ, որ այստեղ բարձր են գնահատում կրթությունը: Եվ բրիտանական բուհերը ևս շահագրգռված են հայկական բուհերի հետ համագործակցությունն ամրապնդելու հարցում: Նաև ուրախ եմ, որ հետաքրքրված է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ օգտագործելու բրիտանական փորձը՝ դպրոցներում անգլերենի ուսուցումը բարելավելու համար»,-ընդգծեց դեսպանը:

Ցուցահանդեսը կազմակերպվում է մի շարք միջոցառումների շրջանակում, որով տոնում ենք Բրիտանիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:  «Պատահական չէ, որ կազմակերպել ենք մի շարք մշակութային և կրթական ծրագրեր: Մենք համոզված են, որ կրթության և մշակույթի միջոցով կարող ենք վստահություն սերմանել երկու երկրներին միջև և խրախուսել համագործակցությունը: Best of British Education-ն այդ ծրագրերից հերթականն է»,-նշեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Ցուցահանդեսին ներկայացվելու են շատ ծրագրեր՝ բրիտանական խորհրդի անգլերենի ուսուցման և դասավանդման ծրագրերը, անգլերենի իմացության IELS, APTIS թեստերը, Դիլիջանի միջազգային դպրոցը, Քեմբրիջի միջազգային դպրոցը, Հայաստանում բրիտանական միջազգային դպրոցը և այլն:

Ներկայացված են լինելու տարբեր կազմակերպություններ, որոնք Հայաստանում ներկայացնում են կրթական տարբեր ծրագրեր, թեստեր, որակավորումներ: Կառաջարկվեն տարբեր ռեսուրսներ, որոնք երեխաները կարող են օգտագործել անգլերենը բարելավելու համար: Կլինեն նաև կազմակերպություններ, որոնք կներկայացնեն վերապատրաստման ծրագրեր անգլերենի ուսուցիչների համար:

Բրիտանական կրթական ծրագրերի ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:

 

 

http://armenpress.am/arm/news/909815/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here