Պարէտ Մարոնեանի «1915թ. Կանայք» Փաստավաւերագրական Ժապաւէնը

0
179

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Պարէտ Մարոնեան անունը ծանօթ է ոչ միայն հայ հասարակութեան, այլ մօտ 50  միլիոն PBS, Direct TV, Dish Network  հեռուստադիտողների, նաեւ աշխարհի տարբեր երկրների համալսարանների, թանգարանների, գիտաժողովների մասնակիցներին` 2014-ին արտադրած «Ցեղասպանութեան որբերը» փաստավաւերագրական իր ժապաւէնով: Այն թարգմանուել է հինգ լեզուներով եւ շարունակում է ցուցադրուել, Հայոց ցեղասպանութեան անառարկելի փաստը հարիւր հազարաւոր հայ որբերի միջոցով լսելի դարձնելով աշխարհին:

Մեզնից իւրաքանչիւրը անշուշտ ծնւում է տարբեր առաքելութեամբ, եւ քչերին է յաջողւում իրականացնել ի վերուստ տրուածը: Աւելի յաճախ անձը կուլ է գնում իր դէմ ելած խոչընդոտներին եւ շեղւում իր մղումից: Սակայն` ոչ Պարէտ Մարոնեանի տարողութէան տէր ստեղծագործողը, որը մինչեւ օրս յաղթահարելով իր դէմ կանգնած ե՛ւ նիւթական, ե՛ւ հասարակական ամէն դժուարութիւն` շարունակում է հարազատ մնալ իր ընտրած առաքելութեանը:

Պարէտ Մարոնեանը ծնուած ու մեծցած լինելով Լիբանան, Արեւմտահայաստանի բռնագրաւուած տարածքներից գաղթած հայ համայնքի անմիջական կենտրոնում, բնականաբար իրեն շրջապատող միջավայրից իր արեան մէջ ներծծել էր Ցեղասպանութեան երթարկուած եւ մազապուրծ փրկուածների ապրած ողբերգութիւնը, եւ ներքին մի պահանջ նրան մղել էր  դառնալ լռութեան մատնուած նրանց ապրածի անմիջական խօսնակն ու այն մատուցողը:

Իր բնածին տաղանդը մղել է նրան իր խօսքը նաեւ տեսանելի ու լսելի դարձնել, եւ որ ամենակարեւորն է` անառարկելի փաստերով այդ ամէնը հրամցնել այդ ողբերգութեան դէմ աչք փակող աշխարհին: Վստահ եմ՝ նա անծանօթ էր վայրենացած աշխարհի շահամոլ քաղաքականութեան եւ անտեղեակ, թէ ի՛նչ պատնէշների է հանդիպելու իր ժողովրդի դէմ կատարուած ոճրի իրական տարողութիւնը բացայայտելիս: Սակայն  իր արեան մէջ վանեցու հետեւողականութիւնը յամառօրէն պարտադրում է հասնել իր մղումին: Մարոնեանին ոչ միայն յաջողուել է, այլ աւելիով` գերյաջողուել է: Օրէ օր, առանց վհատուելու, խրուելով աշխարհի տարբեր արխիւներում խորը թաղուած, լռութեան մատնուած, մինչեւ իսկ մեր երկրից անտեսուած վկայութիւնների անհաշուելի էջերի մէջ, ականաւոր մարդկանց փոշեծածկ յուշագրութիւնների, լուսանկարների միջոցով, նոր հարցադրումների պարզաբանումով, կրկին ու կրկին, առանց վհատուելու նա հաստատում է աշխարհին հայերի դէմ կատարուած անպարագրելի ոճիրը:

Լինելով վաւերագրական ժապաւէնների տասնեակից աւել հեղինակաւոր մրցանակների` 4 անգամ Ամերիկեան Էմմի մրցանակ, Արմին Թ. Վեկնըր մարդասիրական, Թորոնթոյի Նռան շարժապատկերի փառատօնի, Լաւագոյն փաստավաւերական շարժապատկերի եւ մի շարք այլ անուանի փառատօների մրցանակների արժանաւոր կրողը` Մարոնեանը շարունակում է արուեստի բարձր որակով, մանրակրկիտ ուսումնասիրուած նոր փաստերով, միայնակ աշխարհին ներկայացնել մեր Ցեղասպանութեան մանրամասները:

Արուեստագէտի իր սուր բնազդով «Ցեղասպանութեան որբերը» հիասքանչ վաւերագրական ժապաւէնից անմիջապէս յետոյ (որի մասին անդրադարձել եմ 2014թ. փետրուար 25-ի «Ասպարէզ»-ում, «Ազդակ»-ում, «Ազատ Օր»-ում), ստեղծում է, կարծես դրա շարունակութիւնը կազմող, դրան լրացնող եւ նաեւ նոր հարցադրումներ պարզող «1915թ. կանայք» փաստավաւերագրական իր նոր ժապաւէնը, որն իրապէս նախորդի շարունակութիւնը պիտի համարել իր խորքով, իրադարձութիւններով, բացայայտուող փաստերով, իր ասելիքով: Ի վերջոյ, մեր միլիոնաւոր կոտորուածներից ողջ մնացած մի բուռ հայութեան փրկութեամբ, պարտական ենք մարդկային ներքին ուժի եւ ազգի խորհուրդը ամբողջացնող այն աննկարագրելի էակներին, որոնց նա անուանել է «1915թ. կանայք»: Կոչումով հերոսներ չեն նրանք, բայց նրանցից իւրաքանչիւրը մի խօսուն առասպել է, հայ թէ օտար, ովքեր արիւնլուայ, մերկ ու բոպիկ, հազարաւոր մղոններ կտրելով, փախել, փրկուել են արիւնալի կոտորածից: Ոմանք էլ բոլորովին օտար, առանց ճանաչելու կոտորուող մի թշուառ ժողովրդի, իրենց ապահով կեանքը լքելով, վտանգելով իրենց ներկան եւ նոյնիսկ զոհուելով, ինքնակամ նետուել են արիւնալի սպանդի մէջ` փրկութեան ձեռք մեկնելով մեր անօգնական ազգին:

Թէեւ բազմաթիւ գրքեր ու գրութիւններ, ուսումնասիրութիւններ գնահատել ու մեծարել են նրանց նուիրաբերումը, սակայն ոչ մէկը այսքան պատկերաւոր, շարժապատկերի ընձեռող հնարաւորութիւնով` գրադարակներից ու արխիւային մութ սենեակներից ազատելով շարժման մէջ չի դրել ու կենդանի ներկայացրել նրանց աշխարհին, ինչպէս Մարոնեանի այս նոր գործը` «1915թ. կանայք», որը նաեւ նոր խօսք է, ողջ հայութեան երախտիքի խօսքը` այդ անձնուէր էակներին, միաժամանակ անուղղակի յիշեցում` մեր անտարբեր բացթողումների:

Էութեամբ նուրբ արուեստագէտ լինելով` Մարոնեան երբեք չոր, միայն անհերքելի փաստագրութեամբ չի սկսում իր գործերը, որը վաւերագրութեան առանձնայատկութիւննն է, այլ աստիճանաբար դիտողին ներգրաւում է տուեալ ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձութիւնների մէջ` նրա հայեացքի առաջ կենդանացնելով 1915թ. հայկական տարածքների եւ այնտեղ ապրած հայութեան դիմագիծը, նրա ոչնչացումը եւ մարդկային բարութեան ազնուագոյն ներդրումով սակաւ մի հատուածի փրկութիւնը:

Ինչպէս նախորդ` «Ցեղասպանութեան որբերը»-ում, այնպէս էլ «1915թ. կանայք» ժապաւէնում դերասաններ չկան, կան միայն արդէն խունացած լուսանկարներից մեզ յառնող, սակայն 102 տարի իրենց ազդեցութիւնը երբեք չկորցրած, մարդկային խղճի խորքը թափանցող, սոսկումից ու ահաբեկումից լայնացած իրենց բիբերում աննկարագրելի ոճիրների պատկերը հաւաքագրած, անյուսութեան մատնուած հայեացքներ, որոնց Մարոնեան բեմադրիչը այնպիսի վարպետութեամբ է հրամցնում, կարծես` կեանք է տալիս, շնչաւորում եւ մի պահ անշարժացնելով պաստառի վրայ` այն դրոշմում է յիշողութիւնը կորցրած աշխարհի յիշողութեան մէջ: Մարոնեանը այնպիսի արուեստով է օգտագործում մարդկային հայեացքը, որ այն դառնում է հոգի ծակող, հոգու հետ խօսող, աղաղակող մենախօսութիւն:

Բնականաբար իր այս ժապաւէնում էլ գլխաւոր դերակատարը թուրքն է` իր անսանձ վայրագութիւնով: Ժամանակը երբեք չխունացող 1915թ. է, իսկ վայրը` հիմնականում մեր հայրենի Արեւմտահայաստանի տարածքներն են, ուր տեղի են ունենում գործողութիւնները եւ նաեւ հպանցիկ եւրոպական այն քաղաքները, որոնք ծնունդ են տուել ու սնել մեր ազգին ողջ հոգով նուիրուած ու օգնած կանանց:

Ներկայացուող իրադարձութիւնները յաճախ ընդհատւում ու պարզաբանւում, հաստատւում են յայտնի պատմաբանների, հետազօտողների կողմից` էլ աւելի անհերքելի դարձնելով, որ աշխարհի բոլոր օրէնքներով հայերի սպանդը Ցեղասպանութիւն է ու անվերապահօրէն` պատժելի:

Ողջ նիւթը հրամցւում է 12 առանձին մասերով, իւրաքանչիւրը` իր ուրոյն անուան  բովանդակութեամբ, իւրաքանչիւրը` պատմութեան դառը իրադարձութիւններով լեցուած մի դասագիրք, միտք ու հոգի տեղաշարժող, նոր էջեր պարզող, սովորեցնող, մտածել ու վերլուծել ստիպող ու նաեւ` հրամայող: Պատկերների մի ծաւալուն շարան է ներկայացւում, իւրաքանչիւրը միս ու արիւն դառնալով, կենսագրութիւն ու կեանք ստանալով` դառնում է մեր պատմութեան ամենածանր էջը ապրողներն ու ներկայացնողները:

Ժապաւէնը ունի նաեւ յաւելուած (13-րդ հատուածը), որը դիտողին իրապէս յաւելեալ տեղեկութիւններ է տալիս, սակայն ընդհանուր ասելիքից դուրս լինելով` Պարէտ Մարոնեան բեմադրիչը չի ներառել ամբողջական գործում:

Ես փորձելու եմ իմ վերլուծումով ձեզ ներկայացնել հատուած առ հատուած այս գործը` հաստատելով, որ այսպիսի վաւերագրութիւններով ենք ներկայացնելու մեր Ցեղասպանութիւնը աշխարհին, յատկապէս` այսօրուայ եւ գալիք ելեկտրոնային հաղորդակցութեան ընձեռնած հնարաւորութիւններով:

Թող ինձ ների Պարէտը, որ զանց եմ առնելու ժապաւէնի սկիզբը, որը մատուցւում է «հոլիվուտեան նորաձեւութիւն» դարձած մանրանկարով: Որքան էլ Վահագնի ծնունդը որպէս հայութեան գոյութեան ու յարատեւման խորհրդանիշի համար օգտագործուած լինի, միեւնոյն է, ըստ ինձ, աւելորդութիւն է, որը ոչ միայն ոչինչ է աւելացնում նիւթին, այլ թուլացնում, փոքրացնում է սպասուած անմիջական կապը եւ յատկապէս ընդհանուր ոճից դուրս է:

Սակայն յարգելով իւրաքանչիւր արուեստագէտի մտայղացումը` ես կը սկսեմ երկրորդ հատուածից, որը մեզ անսպասելիօրէն տանում է Քոփենհակըն,  Դանիա, գունաւոր, կարմիր կտուրներով խաղաղ մի երկիր: Մարոնեան իր սկզբունքին հաւատարիմ` չմտածուած ոչ մէկ աւելորդ պատկեր չի  օգտագործել, անուղղակի համեմատութեամբ, յատուկ միտումով, ճերմակ, մաքուր սալայատակից աստիճանաբար մեզ առաջնորդում է 17-րդ ­դարի եկեղեցւոյ հանդարտութեան` շեշտակի ընդգծելով հայութեան համար պաշտելի Մարիա Ճէյքըպսընի զոհողութիւնը, որը  25 տարեկանին իր ետեւում թողնելով այդ գունեղ, հանդարտ ու մաքուր երկիրը, 2000 մղոն կտրելով` պիտի հասնէր Հարփուտ` մխրճուելով կախաղանների, փողոցներում ամէնուրեք փտող հայ դիակներով ծանրաբեռնուած մի օտար դժոխային երկրի իր առջեւ կատարուող ողբերգութեան մէջ` անպաշտպան  ժողովրդին օգնութեան ձեռք մեկնելու ու հետագայում նրանց մասնիկը դառնալու:

Առաջին հատուածը շատ հպանցիկ, սկսելով Մարիա Ճէյքըպսընով, որը միաժամանակ զարմացնում է ակնդիրին, որ այդքան մակերեսային է ներկայացւում մեր որբերի մայրերի մայրը, ակնդիրը այն տպաւորութիւնն է ստանում, որ ողջ ժապաւէնը օտար բարերար մեծատառով կանանց մասին է լինելու, քանզի նրանց ներդրումը մեր որբերի, կանանց եւ երիտասարդ աղջիկների փրկութեան գործում աննկարագրելի մեծ է եւ` մասնաւոր ժապաւէնների արժանի:  Սակայն Մարոնեան բեմադրիչի մտայղացումը, ինչպէս յետոյ ենք պարզում, աւելի ծաւալուն է: Աստիճանաբար նա մեզ կենտրոնացնում եւ ծանօթացնում է յատկապէս մեր ազգի այն կանանց եւ երիտասարդ աղջիկներին, որոնց երբեք չենք մեծարել, եւ սակայն որոնց քաջութեան, չընկճուող, պայքարող ազգային ոգու գոյութեամբ մեր ազգը շարունակում է յարատեւել, եւ որը իր ժապաւէնի հիմնական առանցքն է դարձրել:

Եւ ահա պաստառով մէկ յառնում է գեղեցիկ հայ պարմանուհու` Արշալոյս Մարտիկեանի անմեղ, ձգող հայեացքը, կարծես` իր մէջ ներառում է միլիոնաւոր իրենց երազանքներին չհասած, վայրագօրէն յօշոտուած իր հասակակիցների արդարութիւն հայցող հայեացքը: Վստահ եմ` շատերդ էք ծանօթ իր կենսագրութեան, նա առաջին եւ միակն էր, որ 1917թ. փրկուելով, Ամերիկա հասնելուց մէկ տարի յետոյ, 1918թ. իր ընտանիքի եւ ողջ հայութեան ջարդը ամերիկեան հասարակութեանը մատուցեց «Յօշոտուած Հայաստան» (Ravished Armenia) գրքով, իր նոր անուամբ` Աւրօրա Մարտիկեան: Գիրքը` Հարվի Գէյթի օգնութեամբ գրուած, մեծ աղմուկ ու հետաքրքրութիւն հանեց իր շուրջ, մինչեւ իսկ 1920թ. գեղարուեստական համր շարժապատկերի վերածուեց, ուր Արշալոյսը ինքն էլ խաղում էր իր դերը:

Դեռ այդ տարիներին Թուրքիան անմիջական ազդեցութիւն չունենալով Ամերիկայի վրայ, ինչպէս այսօր է, իր ամենակարող պաշտպան Անգլիոյ միջոցով կարողացաւ արգելք դնել գրքերի վաճառքի ու նաեւ շարժապատկերի օրինակների վրայ` անհետացնելով դրանք: Մեր ժողովուրդն էլ իր անտարբերութեամբ մինչեւ օրս մոռացութեան մատնեց դրա գոյութիւնը, որից պատահականօրէն պահպանուած հատ ու կենտ փոքրիկ հատուածներ յստակօրէն պարզում են թուրքի գործադրած գազանութիւնը: Նոյնիսկ այդ աննշան հատուածները այսօր էլ ստուերում են թողնում մեր ցեղասպանութիւնը ներկայացնող ժամանակակից այն ամպագորգոռ շարժապատկերները, որոնց համար հսկայական գումարներ են ծախսւում, եւ որոնց շուրջ մենք` հայերս, այդքան մեծ աղմուկ հանում: Գուցէ այսօրուայ անուանի բեմադրիչները սովորեն` ինչպէ՛ս ներկայացնել Ցեղասպանութիւնը, որն այնքան կենդանի ձեւով մատուցուել է դեռ 1919թ., եւ որի ազդեցութիւնից սարսափած թուրքերը ոտ ու ձեռ ընկած` արգիլել են դրա ցուցադրումը: Պարէտը շատ տեղին մէջբերում է շարժապատկերի պահպանուած հատուածներից` այն միահիւսելով 74-ամեայ Մարտիկեանի շատ սթափ, հիացումի արժանի յիշողութեամբ հարցազրոյցին:

Արշալոյսի, հետագայում` Աւրօրա դարձած, ընտանեկան նկարների ընդմիջով մեզ են նայում հարուստ սեղանաւոր, Մարտիկեան երջանիկ ընտանիքի ազնուազարմ եօթ անդամները, որոնցից վեցը ամենավայրագ ձեւով ոչնչացուելու է եւ միակ կենդանի մնացած, բազում տառապանքներից անցած Արշալոյսը, իր ողջ ընտանիքի գազանային սպանդը իր մէջ կրելով, երբեք չմոռանալով ողջ եղելութիւնը, իր հետ հասցնելու է մէկ այլ ցամաքամաս` Ամերիկա: Նոյն սարսափով ծեր տարիքին անգամ շարունակելու է աշխարհին պատմել այդ անմարդկային, պատկերացումից դուրս սպանդի մանրամասները` կրկին անգամ ապացուցելով, հաստատելով, որ այդ տարողութեան ոճրագործութիւնները, որը ցեղասպանութիւն անունն ու բովանդակութիւնն է կրում, երբեք չեն ջնջւում մարդկանց յիշողութիւնից, երբեք չեն մոռացւում:

Այնքան սահուն են իրար յաջորդում մեկնաբանութիւնները, տեղեկութիւնները, շաղախուած Մարտիկեանի ձայնի անհանգիստ, սպանդի տեսարանների դեռ նոյն սարսափը ապրող անմիջական վկայութեամբ, որը Պարէտը վարպետօրէն եւ տեղին օգտագործելով` դիտողին կասկածի կամ թերահաւատութեան տեղ չի թողնում: Փաստագրական տեղեկութիւններից, լուսանկարներից յետոյ, կենդանի մնացած անձի երեւոյթն անգամ ոչ միայն տպաւորիչ է, այլեւ` ազդեցիկ ու անառարկելի եւ բազում նոր մեղադրանքների շերտեր բացող մեծ տէրութիւնների պահպանած լռութեան ծալքերում:

Մարոնեան բեմադրիչը երբեք սուր հարցադրումներ չի հրամցնում, այդ սրութիւնը նա փոխարինում է առանց մեկնաբանութեան, սակայն` խորը ասելիքով, եւ Մարտիկեանի հատուածը աւարտում է անանուն ընդհանուր օտար գերեզմանաթմբի պատկերով, որի արհամարհուած գոյութիւնը յիշեցում է մեր պարտականութիւնների թերացման մասին: Մեր միլիոնաւոր զոհերի անգերեզման, անանուն վկայութեան համար մենք մեղադրում ենք թուրքին, սակայն չենք կարողանում այդ սարսափելի իրողութիւնը ապրած մեր ժողովրդի հատ ու կենտ փրկուած կարիքաւորներին արժանավայել անհատական գերեզմանի արժանացնել:

Այնուհետեւ աստիճանաբար խորանում ենք Ցեղասպանութիւնը գործադրողների ծրագրի կարեւորագոյն կէտին` ազգի ողջ արական սեռի ոչնչացման գործադրմանը, որի արդիւնքում  անպաշտպան մնացած կանանց եւ երեխաներին հեշտօրէն էին մաքրագործում: Պատմաբան, հետազօտողների մեկնաբանութիւնից յետոյ տեղափոխւում ենք Տրապիզոն, բոլորիս յայտնի ջրախեղդ արուած մեր հարիւրաւոր մանուկների գազանային ոչնչացման քաղաքներից մէկը, ուր կրկին լուսանկարներն են կենդանանալով պատմում հրէշաւոր իրականութիւնը` տոքթ. Ճեմալ Ազմիի հրամանով գործադրուած: Չարագուշակ սեւ նաւերով ու ծխով սկսուող լուսանկարը կարծես մեզ տեղափոխում է այն պահը, երբ այդ ճիւաղի հրամանով 10-13 տարեկան հայ աղջիկներին առանձնացրել է իր տղայի սեռային հաճոյքին նուիրելու, իսկ մնացած հարիւրաւորներին իրենց մօր ձեռքից, գրկից խլելով` նետել ծովի գորշ ջրերում խեղդուելու: Այս դաժան, գորշ տեսարանը կարծես սրբագրելու համար յայտնւում է անուշիկ հայ փոքրիկ աղջկայ` Ազատ Ղուլերեանի լուսանկարը, որի Տրապիզոնի ջրերում խեղդուելուց փրկուելու պատմութիւնը լսում ենք Ֆրանսայի իր զաւակից` Գայա Գերեանից, որը նաեւ գիրք է հրատարակել «Հայերը» (L՛Arménienne) վերնագրով, պատմելով իր մեծ մօր` Աշխէն Ղուլերեանի,  իր մօր եւ նրանց անցած տառապանքի մանրամասների մասին:

Թէեւ հատուածն աւարտւում է ոճրագործ Ազմիի մաքրագործումով, սակայն հայի սրտում թանձրացած շարունակւում է խեղդուող երեխաների վայնասունը` վրէժխնդրութեան եւ հաստատակամ պայքարի նոր ալիքներ ծնելով:

Ինչպէս վերը նշեցի, իր նրբամտութեամբ աչքի ընկնող Պարէտը, հրեայ Սառա Արինսոնի վկայութեան հատուածով, շեշտում է մեր Ցեղասպանութեան հարցը իրենց համար խայծ դարձրած հրեաների լաւատեղեակութիւնը մեր Ցեղասպանութեան մասին:

4 հոկտեմբեր 2017

(Շար. 1)

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here