Հելսինիքիի Փառատօնին «Վերջին Բնակիչը» Ապահոված Է Երկու Մրցանակ

0
206

ԵՐԵՒԱՆ.- Ջիւան Աւետիսեանի «Վերջին Բնակիչը» շարժապատկերը Հելսինքիի մէջ տեղի ունեցող Սկանտինաւեան միջազգային շարժապատկերի փառատօնին (Scandinavian International Film Festival) մրցանակներ ստացաւ՝ իբրեւ «Լաւագոյն գեղարուեստական շարժապատկեր» եւ «Լաւագոյն դերասան՝ Ալեքսանդր Խաչատրեան»:

25 Հոկտեմբերին մեկնարկած փառատօնին ներկայ էր «Վերջին Բնակիչը» շարժապատկերի դերասաններու խումբը՝ բեմադրիչ Ջիւան Աւետիսեանի գլխաւորութեամբ:

Ջիւան Աւետիսեան այս առիթով ըսաւ. ««Վերջին Բնակիչը» ֆիլմի ունեցած յաջողութիւնները նպաստում են հայկական կինոյի (շարժապատկերի-Խմբ.) միջազգայնացման ջանքերին, ղարաբաղեան հիմնախնդրի ճշգրիտ ներկայացմանը եւ Արցախի վերաբերեալ միջազգային իրազեկուածութեան բարձրացմանը: Դրանք նաեւ օգնում են մեր թիմին համագործակցութիւն ձեւաւորել եւ ամրապնդել մի շարք երկրների կինեմատոգրաֆիստների (շարժապատկերի մասնագէտներու-Խմբ.) հետ, ինչը կարեւոր հիմք կը դառնայ իմ յաջորդ կինոնախագծի՝ «Դրախտի Դարպասը» ֆիլմի բարեյաջող նկարահանման եւ առաջխաղացման համար: Այն հիմա զգալի ուշադրութիւն եւ աջակցութիւն է ստանում տարբեր առաջատար դերասանների, պրոդիւսորների (արտադրողներու-Խմ.) եւ դիստրիբիւտորների (տարածողներու-Խմբ.) կողմից, եւ բոլոր հիմքերը կան ակնկալելու, որ կարող է արժանանալ աւելի մեծ միջազգային գնահատականի, քան իմ նախորդ կինօնախագծերը: Յուսով եմ, որ հայկական եւ միջազգային տարբեր շրջանակների համատեղ ջանքերի շնորհիւ՝ նոր ֆիլմը կը կարողանայ նոր խօսք ասել հայկական կինեմատոգրաֆիայում եւ Արցախի բնակչութեան պայքարի բովանդակութիւնն աշխարհին հաւուր պատշաճի ներկայացնելու գործում»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here