ՍԱՊԾ պետը վստահ է՝ Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է զարգացման նոր փուլ

0
146

ԵՐԵՎԱՆ 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մասնագետները Հայաստանում սննդի անվտանգության առումով իրավիճակը 2017-ին համարում են բարեհաջող՝ հաշվի առնելով, որ չեն գրանցվել սննդային թունավորման զանգվածային դեպքեր, չեն հայտնաբերվել վնասակար օրգանիզմների նոր օջախներ, արձանագրվել է կայուն անասնահամաճարակային վիճակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը։ «Սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի մասին խոսելիս պետք է նկատի ունենանք մի շարք բաղադրիչներ, ինչպիսիք են ռիսկերի գնահատումը, պարտադիր սպանդանոցային մորթը, անասնաբույժների ինստիտուտի ձևավորումն ու կենդանիների համարակալումը, սննդամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցներին սանիտարական անձնագրերի տրամադրումը և տարբեր ուղղություններով իրականացվող մի շարք միջոցառումներ, որոնց մի մասն արդյունավետորեն կատարվել է անցած տարի և պետք է շարունակվեն նաև ընթացիկ տարում»,-ասաց Իշխան Կարապետյանը։

Պաշտոնյայի խոսքով՝ աշխարհում անհնար է պատկերացնել մի երկիր, ուր այս ոլորտում չլինեն խնդիրներ, սակայն վերոնշյալ միջոցառումների արդյունքում սննդի անվտանգության ապահովման համակարգը Հայաստանում կթևակոխի զարգացման որակապես նոր փուլ։ «Հայաստանում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք վերաբերում են սննդամթերքի անվտանգությանը, դա մի կողմից կարող է տնտեսավարողի մեղքը լինել, մյուս կողմից՝  իրացման ցանցի անբարեխիղճ աշխատանքը, թույլ վերահսկողությունը, վերահսկողության մեխանիզմների բացակայությունը։ Դրա համար այս խնդրին պետք է նայենք համալիր»,-ավելացրեց Իշխան Կարապետյանը։ 

Ծառայության պետը հատկանշական համարեց իրենց ծառայության կողմից 2017-ին արձանագրած մի շարք ցուցանիշներում աճը։ «Ծառայությունը ձևավորել է սննդի շղթայի օպերատորների բազա՝ վերահսկողությունն ավելի նպատակային իրականացնելու համար. 16 անգամ աճել է ՍԱՊԾ տեղեկատվական բազայում գրանցված սննդի շղթայի օպերատորների թիվը՝ 855-ից (2016 թ.) հասնելով 13794-ի (2017 թ.), 3 անգամ ավելացել է թեժ գծով ստացված բողոքների քանակը: Իրականացվել է ավելի քան 1300 պետական վերահսկողական միջոցառում՝ 717 ստուգում, 608 դիտարկում և 84 մշտադիտարկում»,-ասաց ՍԱՊԾ պետը՝ հավելելով, որ պետական վերահսկողությունն իրականացվել է «խորհրդատվություն- ժամանակի տրամադրում իրավիճակը շտկելու համար-հետո միայն՝ վարչական պատասխանատվության կիրառում» շղթայով։ 

http://armenpress.am/arm/news/919733/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here