Ֆրանսիայի նախագահը սիրով ընդունել է Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին մասնակցելու Նախագահ Սարգսյանի հրավերը

0
151

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 23-ին Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահ Մակրոնը ողջունել է Հայաստանի Նախագահին Ֆրանսիայում և նշել, որ հանդիպման ժամանակ ակնկալում է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններից բացի, քննարկել բազմակողմ ձևաչափով, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո: Ֆրանսիայի նախագահը գործընկերոջից հետաքրքրվել է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներով և այդ գործընթացն առաջ մղելու հնարավորությունների վերաբերյալ Նախագահ Սարգսյանի մոտեցումներով, ինչպես նաև տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի հարաբերություններով:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմանուել Մակրոնը երկուստեք կարևորել են հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների շարունակական զարգացումը, տնտեսական ոլորտում համագործակցության ակտիվացումը՝ ընդգծելով, որ տնտեսական հարաբերություններն անհրաժեշտ է հասցնել վերընթաց զարգացող երկկողմ քաղաքական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին:

Անդրադառնալով Հայաստանում այս տարի անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին՝ նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է և հնարավորինս կաջակցի գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար: Նախագահ Մակրոնը սիրով ընդունել է գագաթնաժողովին մասնակցելու Նախագահ Սարգսյանի հրավերը և նշել, որ մեծ նշանակություն է տալիս այդ կարևոր իրադարձությանը:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմանուել Մակրոնը հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-ների առջև հայտարարություններով:

http://armenpress.am/arm/news/919979/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here