Ադրբեջանը շարունակում է լռել Կասպրշիկի գրասենյակի մասին Կրակովում ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ. Նալբանդյան

0
135

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Կրակով քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել ավելացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի թիմի անդամների թիվը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ վերահաստատեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայաստանը միշտ կողմ է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հնարավորությունների ընդլայնմանը: Դա հակամարտության գոտում միջազգային կառույցի կողմից դիտորդական առաքելություն իրականացնող միակ կառույցն է, և, իհարկե, եթե ավելացնենք այդ առաքելությունների թե քանակը, թե արդյունավետությունը, այսինքն՝ ավելի ինտենսիվ դարձնենք այդ մոնիտորինգային առաքելությունները, ապա դա կարող է նպաստավոր լինել հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը և 1994-1995 թվականներին զինադադարի վերաբերյալ ձեռք բերված համաձայնություններին»,- ասաց Նալբանդյանը:

 Նա հիշեցրեց, որ այս մասին պայմանավորվածություններ էին ձեռք բերվել դեռևս Վիեննայում, մի քանի առաջարկ էր արվել այն ժամանակ ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիայի կողմից: «Հայկական կողմերը՝ Հայաստանն ու Արցախը, դրան տվել էին իրենց համաձայնությունը: Սակայն Կասպշիկի թիմի հնարավորություններն ընդլայնել հնարավոր չեղավ, որովհետև Ադրբեջանը շատ խոչընդոտներ առաջ բերեց:

Կրակովում նախարարների մակարդակով սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել մեկ քայլ առաջ անել՝ 7-ով ավելացնելով Կասպշիկի թիմի միջազգային անձնակազմը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը: Նա ընդգծեց, որ թե՛ եռանախագահող երկրները, թե՛ Հայաստանն իրենց հայտարարություններում նշեցին այս մասին՝ ի տարբերություն Ադրբեջանի, որն իրեն յուրահատուկ ստեղծագործ մոտեցում է ցուցաբերում հանդիպումներից հետո, պատահական չէ, որ այդ երկրի հայտարարություններն ամբողջովին տարբերվում են այն հայտարարությունից, որն անում է Հայաստանը կամ եռանախագահող երկրները: «Նույնը պատահեց Կրակովից հետո: Ադրբեջանը դեռ լռում է, որևէ բան չի ասել նման համաձայնություն ձեռք բերելու մասին: Այդ մասին ասում են Հայաստանն ու եռանախագահող երկրները: Մոտ օրերս համանախագահներն այցելելու են տարածաշրջան՝ լինելով Ադրբեջանում, Հայաստանում և Արցախում: Հույս ունենանք, որ այդ պայմանավորվածությունը կիրագործվի և ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ հետ քայլ չի անի»,- նշեց Նալբանդյանը:

Արտգործնախարարն անդրադարձավ նաև հետաքննության մեխանիզմների ստեղծման հարցին՝ ընդգծելով, որ այդ մասին ոչ միայն պայմանավորվածություն էր ձեռք բերվել Վիեննայի գագաթնաժողովի ժամանակ, այլևս այդ մասին խոսվում է առնվազն 8-9 տարի:

«Այս մասին առաջարկ էր արվել եռանախագահողների կողմից: Շատ անգամ եկել էինք փոխըմբռնման, որ պետք է այդ կառույցը ստեղծվի, բայց կրկին Ադրբեջանն էր, որը հետ էր կանգնել պայմանավորվածություններից: Եռանախագահող երկրներն առնվազն 2 անգամ ասել էին, որ Հայաստանը տվել է համաձայնությունը և իրենք սպասում են Ադրբեջանի համաձայնությանը մեխանիզմի ստեղծման համար: Հարցը մնում է օրակարգում: Հուսանք, որ ապագայում դա հնարավոր կլինի ստեղծել, քանի որ դա կարող է կարևոր գործիք հանդիսանալ ոչ միայն դեպքերի հետաքննության իմաստով, այլև գործիք տարածաշրջանում լարվածության նվազեցման համար, այն կարող է ծառայել որպես կանխարգելման գործիք»,- հայտարարեց Էդվարդ Նալբանդյանը:

http://armenpress.am/arm/news/920673/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here