Ադրբեջանի գործողությունները հարցականի տակ են դնում իր վստահելիությունը որպես բանակցային կողմ. ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է 2017 թվականը

0
149

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է 2017 թվականի գործունեության ամփոփիչ զեկույցը: Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ զեկույցում, մասնավորապես, ասված է, որ Հայաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության հետ համատեղ, շարունակել է ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված քայլերը։

«Տարվա սկզբին ադրբեջանական կողմը, խախտելով 1994-95 թվականներին կնքված եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերը, Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծին եւ Հայաստանի հետ սահմանի երկայնքով նախաձեռնել է սադրանքների և դիվերսիոն գործողությունների նոր ալիք, ինչը հանգեցրել է կորուստների նաև քաղաքացիական բնակչության շրջանում: Կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը՝ ադրբեջանական կողմը թիրախավորել է նաև քաղաքացիական նշանակության օբյեկտներ: Բաքուն շարունակել է իր զինված ուժերի հենակետերն ադրբեջանական բնակավայրերում ու դրանց անմիջական հարևանությամբ տեղակայելու և այդտեղից սադրանքներ նախաձեռնելու՝ խստորեն դատապարտելի իր գործելաոճը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացրել է ՀՀ արտգործնախարարությունը:

Հիշատակված է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 18-ի հասցեական հայտարարությանը, որին հանգեցրել են Ադրբեջանի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման ուղղությամբ շարունակաբար ձեռնարկվող գործողությունները:

2017 թվականին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացել է հինգ հանդիպում` փետրվարի 16-ին Մյունխենում, ապրիլի 28-ին՝ Մոսկվայում, հուլիսի 11-ին` Բրյուսելում, սեպտեմբերի 23-ին` Նյու Յորքում, դեկտեմբերի 6-ին` Վիեննայում:  

«Նախարարների միջև հանդիպումները և համանախագահների գործուն միջնորդական ջանքերը հնարավորություն են ընձեռել 16 ամսվա ընդմիջումից հետո՝ 2017 թվականի հոկտեմբերի 16-ին, Ժնևում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, որի շրջանակում մոտ չորս տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարություն է ընդունվել, որում, մասնավորապես, նշվել է ձեռք բերված պայմանավորվածության մասին` ակտիվացնել բանակցային գործընթացը և լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու նպատակով, այն նույն քայլերը, որոնց մասին ասվում էր 2016 թվականի Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին արված հայտարարություններում և որոնց նկատմամբ Հայաստանը բազմիցս հայտարարել է իր աջակցությունը: Սակայն Բաքուն, հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած գործելաոճին, գագաթաժողովից անմիջապես հետո վերսկսեց իր անհիմն մեղադրանքները և ռազմատենչ հռետորաբանությունը»:

Զեկույցում շեշտված է, որ Բաքուն հետ է կանգնել բազմաթիվ այլ պայմանավորվածություններից, և այդ օրինակներն իրավամբ հարցականի տակ են դնում Ադրբեջանի՝ որպես բանակցային կողմի վստահելիությունը:

Նախորդ տարի  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով ընդունվել է 14 հայտարարություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրականացրել են երեք տարածաշրջանային այց՝ մարտի 27-ին, հունիսի 10-ին և հոկտեմբերի 6-ին, որոնց շրջանակներում Երևանում համանախագահներին ընդունել է Հանրապետության Նախագահը, կայացել են, հանդիպումներ նաև ԱԳ նախարարի հետ:

Նոյեմբերի 24-ին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մեջ ամրագրվել է Մինսկի խմբի համանախագահներին և որպես հիմնախնդրի կարգավորման հիմք նրանց կողմից առաջարկված միջազգային իրավունքի երեք սկզբունքներին աջակցության մասին դրույթը։

http://armenpress.am/arm/news/920642/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here