Իսլամացուած Հայեր Եւ «Հասկացողութիւններ, Որոնք Արիւնահոսութեան Պատճառ Են Դառնում»

0
265

ՆՈՒՐՀԱՔ ԵԸԼՄԱԶ

Տիարպեքիրի (Տիգրանակերտ) բնակիչները տարիներ շարունակ Պայծառ Ալաթային եւ ամուսնուն` Սարգիս Էքենին որպէս քաղաքի «վերջին հայերի» էին ճանաչում: Մենք` լրագրողներս էլ շատ հեշտութեամբ յարմարուեցինք նրանց անուան առաջ դրուած այդ «վերջին» բառին, քանզի հաւատացել էինք, որ երբ այս տարեց զոյգը կեանքից հեռանայ, ապա քաղաքում այլեւս հայ չի մնայ: Հաւանաբար նրանց «վերջին հայեր» ընդունելու ամենահիմնական պատճառն այն էր, որ նրանք օգտագործում էին իրենց հայկական անունները` Պայծառ եւ Սարգիս, ապրում էին եկեղեցու այգում եւ իրենց քրիստոնեայ համարում:

Մինչդեռ անմտութիւն է մտածել, որ այս հողերում խոր արմատներ ձգած այս ժողովուրդը մի վայրկեանում յօդս է ցնդել, եւ թէ` նրանից ընդամէնը երկու հոգի է մնացել: Բացի այդ, անգիտակցաբար «մեծ մեղք էինք գործում»: Ամէն անգամ այս արտայայտութիւնն արտաբերելիս մեզանից ոչ շատ հեռու` Տիգրանակերտի Պաղլարում, Տիճլեքենթում եւ Կազիլերում որքա՜ն սրտեր ենք ստիպել արիւնահոսել: Չգիտէինք… Սա այն դէպքը չէ, որ մեզ հանգստացնենք` ասելով, թէ` «չիմանալն ամօթ չէ», որովհետեւ ուղիղ 102 տարի առաջ` այսինքն 1915 թ., այստեղի բնակիչներն ապրում էին` միախառնուած քարին, հողին եւ օդին …

Կարճ ասած` թէեւ «ծպտեալ», սակայն հայերը շատ աւելի են, քան կարծում ենք: Գոնէ վերջին երկուսը չեն: Սա հասկացանք, երբ 2011 թ. պատմական Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին վերանորոգեցին եւ նրա դռները բացեցին հաւատացեալների առջեւ: Ժամանակի ընթացքում եկեղեցին դարձաւ մի տեղ, որ տիգրանակերտցի հայերը յաճախ էին այցելում: Ժամանակի ընթացքում դարձաւ ինքնութեան հետ հանդիպման վայր: Իրավիճակն այսպիսին էր, մինչեւ որ Սուրում բախումներ սկսուեցին, եւ եկեղեցին էլ ներառուեց արգելուած վայրերի ցանկում: 2015 թ. դեկտեմբերի 11-ից ի վեր ոեւէ մէկը եկեղեցի ո՛չ գնացել է, ո՛չ էլ տեսել…

Վերադառնալով Պայծառին եւ Սարգսին` նշեմ, որ նրանք երիտասարդ տարիքում ամուսնացել են եկեղեցում կայացած պսակադրութեամբ: Տարիներ շարունակ ապրել են Սուրի միակ անվնաս եկեղեցու` Սուրբ Մարիամ Աստուածածին ասորական եկեղեցու բակում: Եւ Պայծառի ցանկութեամբ, շուրջ 60 տարի անց` 2014 թ., պաշտօնապէս գրանցել են իրենց ամուսնութիւնը: Այդ ժամանակ Պայծառը 87 տարեկան էր, Սարգիսը` 84: Ամուսնութիւնից մէկ ամիս անց Պայծառը մահացել է, իսկ Սարգիսը մահացել է 2016 թ.` Պայծառի մահից յետոյ: Թերթերը Սարգսի մահուան լուրը կրկին մատուցեցին որպէս «վերջին հայի» վախճան: Մինչդեռ նրան վերջին հրաժեշտն էին տուել նաեւ տիգրանակերտցի հայերը:

«Թշնամի Հասկացողութիւններ»

Լա՛ւ, իսկ ինչու՞ ոչ ոք չտեսաւ այդ հայերին, որովհետեւ նրանց «ծպտեալ» կամ «իսլամացուած» հայեր էին անուանում: Այսինքն նրանք նրանց թոռներն էին, ովքեր կենդանի մնալու համար ստիպուած կրօնափոխ էին եղել: Նրանց «թրի տակ մնացածներ» ասողներ էլ կան: Կան նաեւ այնպիսիք, ովքեր համարում են` այլեւս հայկականութեան հետ որեւէ կապ չունեն, քանի որ կրօնափոխ են եղել:

«Իսլամացուած հայեր» արտայայտութիւնը հայ համայնքում սկսեցին օգտագործել 2000-ական թթ., սակայն Պայծառի եւ Սարգսի համար կիրառուող «վերջին» ածականը, ինչպէս նաեւ «իսլամացուած հայեր» հասկացողութիւնը երկու հայ երիտասարդի համար, որոնց հանդիպել էի Տիգրանակերտի Օֆիս կոչուած վայրում, կրակի պէս այրող են: Բնականաբար, երբ խօսում ես հայի հետ, պէտք է ուշադրութիւն դարձնես լեզուիդ, քանզի մեր առօրեայում այնքան «թշնամի հասկացողութիւններ» կան, որոնք հայերին վիրաւորելու, ստորնացնելու եւ ոչնչացնելու համար են ստեղծուած: Այս երկու երիտասարդի հայ ծնողները բռնի իսլամացուած տատիկի ու պապիկի երեխաներն են: Սակայն Ն.-ն ու ե.-ն, ում հետ խօսել էի, կրօնափոխութիւնը դիտարկում են ոչ թէ «հաւատքի», այլեւ` ինքնութեան ոչնչացման տեսանկիւնից: Այդ պատճառով էլ Ն.-ն վզին խաչ է կրում: 29 տարեկան է եւ հայկական անուն է կրում, մինչդեռ անձնագրում մուսուլմանի անուն է նշուած: Սկզբում չէր  ցանկանում պատասխանել որեւէ հարցի: «Իսլամացում» բառին այնպիսի արձագանգ տուեց, որ զայրոյթը դրոշմուեց դէմքին` «Ես կրօնի վերաբերեալ խօսել չեմ ցանկանում: Խօսելու բան չկայ»: Իմ յամառ պնդումներից յետոյ ասաց.

– Մէկի պատուի հետ ես խաղում եւ դա բռնի ես անում: Այնուհետեւ դրան անուն ես դնում: Ասում ես` իսլամացուած: Նման մի բան է, որ կայ:

Անցեալ Տարի Մեր Տունը Քարկոծութեան Ենթարկուեց

Չնայած իմ յամառ պնդումներին` Ն.-ն այս հասկացողութեան մասին այլեւս չի խօսում, սակայն անձնական կեանքում հայկական ինքնութեան պատճառով ապրած պատմութիւնները հետեւում են մէկը միւսին.

– Ընկերներ են լինում, որ նման արձագանգ են տալիս` «Հա՜, պարզւում է հայ ես, չէիր ասել դրա մասին»: Ես էլ նրանց հարցնում եմ. «Ինձ հետ ծանօթանալիս դուք ասու՞մ էք` «Բարե՛ւ, ես թուրք ե՜մ»: Հարցնում եմ` «Ինչու՞ ես վզիդ թալիսման կախել»: Մի օր մի տեղ էինք, կայծակ խփեց, ինքնաբերաբար Աստուածաշնչից աղօթք արտասանեցի: Կողքիններս ասացին` «Մի տես, է՜, նորից կեաւուրի լեզուով սկսեցիր խօսել, ի՞նչ ասացիր»: Ես էլ պատասխանեցի, որ «Ֆաթիհա»-ի տիպի մի աղօթք ասացի: Պնդեցին, որ յայտնեմ` ինչ եմ ասել: Պատասխանեցի` «Չգիտէ՞ք, թէ «Ֆաթիհա»-ում ինչ է ասւում»: Աստուածաշնչից Ֆաթիհային համարժէք աղօթքն էի արտասանել: Ղուրանն էլ շատ լաւ գիտեմ, նախկինում բազմիցս կարդացել եմ: Անցեալ Նոր տարուն հարբած մէկը մեր տունը քարկոծեց` ասելով. «Էս կեաւուրները այս գիշեր նորից ի՞նչ են անում»: Մեր պատուհանի վրայ քար նետողը մեր հարեւանն էր: Էլ ի՞նչ պատմեմ քեզ, օրինակ` նախակրթարանում դասընկերներս պահանջեցին ինձ քննութեան թերթիկիս վրայ պիսմիլլահ (Ղուրանի բոլոր սուրահները, բացի 9-րդից սկսում են այս արտայայտութեամբ- «Ակունք»-ի խմբ.) գրեմ: Եւ սա արեցին լոկ այն պատճառով, որ հայ եմ: Նախկինում ամէն ինչ շատ դժուար էր, հիմա էլ հեշտ չէ:

Ն.-ն հաւատքի պատճառով նաեւ ընկերային ցանցերում է լինչի դատաստանի ենթարկւում: Իր իսկ խօսքերից պարզ է դառնում, որ` «ընկեր համարուողների մէջ էլ հայի թշնամիներ կան»: Մի օր ընկերային ցանցի իր էջում Աստուածաշնչից մի հատուած է տեղադրել, որից անմիջապէս յետոյ բողոքների պատճառով ընկերային ցանցի էջը երկու անգամ փակել են: Երկու անգամ էլ Ն.-ին յաջողուել է էջը վերականգնել, սակայն երրորդ եւ վերջին անգամ փակելուց յետոյ այլեւս չի կարողացել վերականգնել: Վերոնշեալ ընկերային ցանցի վարիչների հետ նամակագրութիւնից պարզել է, որ որ իր էջի դէմ 6000 բողոք է եղել: «Ընդհանրապէս ինձ չի հետաքրքրում` ընկերային ցանցում կը լինեմ, թէ ոչ: Բողոքողներն իմ ընկերներն էին: Հասկացայ, թէ կողքիններս ովքե՛ր էին: Տեսայ, թէ դէմքիս ժպտալով` թիկունքիցս ինչեր են անում»:

Ն.ն իր ջանքերով հայերէն է սովորել: Մի օր պատահաբար տնից գտած Աստուածաշնչի միջի նօթերից իմացել է, թէ ովքեր են իրենց պապն ու պապի պապը: 1915 թ. յետոյ պապի հետ կտրուած կապը վերականգնել է այս Աստուածաշնչի միջոցով: Ն.-ի վերջին խօսքն ու ցանկութիւնը հետեւեալն է.

– Պապիս անձնագրում մուսուլման են գրել, սակայն 1942 թ. ունեցուածքի հարկ են գանձել: Բա՛ մուսուլմաններից Ունեցուածքի հարկ չէի՞ն գանձում: «Տեք» կոչուած դաջուածքը 1915 թ. յետոյ միայն հայ կանանց դէմքներին էին դաջում, որպէսզի հայ կանայք միւս կանանց հետ չխառնուեն: Այդ դաջուածքները նրանց ստորնացնելու համար էին կատարել: Հետագայում է մոտա դարձել, բոլոր կանայք այդ դաջուածքից էին դաջում: Ծնողներս երբեմն ինձ այնպիսի հայեացքով են նայում, կարծես ասելիս լինեն. «Դու ոչինչ չես ապրել»: Հայրս երբեմն ինձ հեռուից ցոյց է տալիս եղբօր գերեզմանը, որտեղ ամփոփուած են նաեւ պապիս ոսկորները: Չի շրջւում եւ նայում այն կողմ: Մինչեւ հիմա Նոր տարուն ընտանիքս նուռ է գետնովը տալիս: Բոլոր հայկական ծէսերը կատարում են: Ես միայն ուզում եմ այսպէս ապրել: Ձեզանից ուրիշ ոչինչ չեմ ուզում, ա՛յ ընկեր:

Եկեղեցին Մեզ Համար Մի Նոր Յոյս Էր

Իսկ Է.ն ծնուել 1980 թ: Մայրը հայ է, հայրը` մուսուլման: Ծնուել է Տիգրանակերտի Սուր գաւառում: Մինչեւ 9 տարեկանը Սուրի փողոցներում է վազվզել: Մեզ հետ զրոյցում ասում է.

– Ես Ն.-ի կամ էլ մեր մեծերի ցնցումները չեմ ապրել: Ինքնութեանս հետ հանդիպումս այդքան ցաւալի չի եղել: Միշտ էլ իմացել եմ, որ հայ եմ: Չգիտեմ, թէ առաջին անգամ ե՛րբ եմ այդ մասին իմացել:

Մանկութեանս ժամանակ Սուրբ Կիրակոսի աւերակների մօտ մատուռ կար, քահանայ էլ կար այնտեղ: Այնտեղ էինք գնում: Աւերակների վերածուած եկեղեցու բակում գնդակ խաղալով մեծացայ: Մեզ մօտ ծիսական արարողութեան համար տարեց կանայք եւ հարեւաններ էլ էին գալիս: Մոմ էին վառում: Մանկութեան ժամանակ, երբ որ գնում էինք Պոլիս, մայրս այնտեղ էլ էր մոմ վառում, սակայն մուսուլմաններին եւ մեզ ոչինչ չէր պատմում:

Հրանդից Յետոյ Որոշ Բաներ Կատարուեցին

Իսկ ինքութեանը, որի մասին գիտէր մանկութիւնից ի վեր, սկսել է տէր կանգնել Հրանդ Տինքի դէպքից յետոյ: Այս մասին ասում է. «Հրանդից յետոյ որոշ բաներ կատարուեցին: Սկսեցի կարդալ, փորփրել, աւելի շատ բան հասկանալ»:

Սուրբ Կիրակոս եկեղեցին Է.-ի համար բաւականին մեծ նշանակութիւն ունի: Կրկին հաւատացեալների առջեւ իր դռները բացելուց յետոյ մշտական այցելուներից է եղել:  Է.-ն եկեղեցու վերաբերեալ ասում է. «Եկեղեցին մեզ համար վերստին գոյատեւելու յոյս էր: Ինձ համար ինքնութիւն էր: Ինձ համար եկեղեցու քարին դիպչելն անգամ մեծ արժէք ունէր: Ինձ համար կարեւորն իմ ինքնութիւնն է»:

Նախքան Սուրում բախումներ սկսուելը` եկեղեցին  ոչ միայն սրբավայր էր, այլ նաեւ այնտեղ կրօնական զանազան միջոցառումներ էին կազմակերպւում: Այդ միջոցառումներից մէկն էլ «Մի հայ ընտանիքի կորուսեալ անցեալի վերաբերեալ վկայութիւններ Տիլտիլեան եղբայրների ոսպնեակից» խորագրով լուսանկարների ցուցահանդէսն էր, որը պատմում էր Սվազում, Մերզիֆոնում եւ Սամսոնում լուսանկարչութեամբ զբաղուած Տիլտիլեան ընտանիքի պատմութիւնը: Է.-ն ուշադրութիւն է հրաւիրում ցուցահանդէսի յուշատետրի նօթերին.

– Եկեղեցում ե՛ւ շատ լաւ, ե՛ւ շատ զայրոյթով լի պահեր եմ ունեցել: Տիլտիլեան եղբայրների ցուցահանդէսի ժամանակ յուշատետր էր դրուել: Յուշատետրում բազմաթիւ հայհոյանքներ էին գրել: Մեզ հրաւիրում էին գտնելու ճշմարիտ ուղին, ճշմարիտ կրօնը: Ըստ էութեան, գողացան նաեւ այդ յուշատետրը, չնայած որ կապել էինք: Բնականաբար շատ լաւ բաներ էլ էին գրել: Բազմաթիւ մարդիկ կային, ովքեր իրենց պապերի կատարած սխալների համար անհատապէս ներողութիւն էին խնդրում: Ճիշդ չի լինի, եթէ միայն վատի մասին ասեմ:

Է.-ն մտածում է մկրտուելու մասին: Հարցին, թէ ինչո՞ւ, պատասխանում է. «Մկրտուելով եւ մկրտութեան վկայականը վերցնելով` այս հողերի վրայ ապրող հայերի թիւը մի հոգով էլ կ՛աւելանայ»: Այս պատասխանը եւս մէկ անգամ ինձ յիշեցնում է Պայծառի եւ Սարգսի համար մեր կիրառած «վերջին հայեր» արտայայտութիւնը եւ այն, որ մեր օգտագործած հասկացողութիւններն ինչ-որ մի տեղ ինչ որ մէկին այդքան ցաւ են պատճառում:

Թարգմանեց ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆԸ

«Ակունք»

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here