Պատգամավորի կարծիքով՝ դպրոցներում ուսուցումը պետք է կազմակերպել աշակերտի քննադատական մտածողությունը զարգացնելու ուղղությամբ

0
153

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշակերտի քննադատական մտածողությունը, ինքնուրույն ուսումնասիրելու, հետազոտելու հմտությունները զարգացելու համար ուսուցիչները պետք է ոչ միայն գիտելիք հաղորդեն, այլև ուղղորդեն նրանց սովորել, կրթվել, ընդլայնել աշխարհայացքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց խոսեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանն՝ անդրադառնալով կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին։

«Պետք է զարգանա աշակերտի քննադատական մտածողությունը, ինքնուրույն ուսումնասիրելու, հետազոտելու հմտությունները։ Մենք չենք կարող բավարարվել նրանով, որ աշակերտներին գիտելիքի որոշակի քանակ տանք և մեր առաքելությունը կրթության ոլորտում կատարված համարենք։ Պետք է աշակերտին սովորեցնենք սովորել և տանք այդ հմտությունները, որպեսզի նա հետագայում կարողանա այդ հմտություններն օգտագործելով ունենալ այդ տեղեկատվությունը, ինչը նրան պետք կգա 10 տարի հետո»,- շեշտեց Մուրադյանը։

Նրա խոսքով՝ ավագ դպրոցներում այս պահին դեռևս չլուծված խնդիրներ կան։ Դրա կայացման գործընթացում շատ բան է փոխվել՝ ուսումնական պլանը, սովորողներին ներկայացվող պահանջները, անգամ տարեվերջյան քննությունները հունվար ամսին են հանձնում։ Այնուամենայնիվ, դեռ կան խնդիրներ:

Խոսելով դասագրքերի մասին՝ ՀՀԿ խմբակցության պատգամավորն ընդգծեց, որ խնդիր կա նաև դասագրքերի և ծրագրերի վերանայման հետ կապված։

«Կարծես թե այդ հարցը նախարարությունը նույնպես իր առջև դրել է։ Պետք է վերանայվեն չափորոշիչները, դասագրքերը, ինչպես նաև բեռնաթափվեն դրանք։ Մենք պետք է շեշտերը դնենք աշակերտակենտրոն ուսուցման վրա և այնպես անենք, որպեսզի այդ փոփոխությունները նպաստեն դրան»,- ասաց Ռուզաննա Մուրադյանը։

Նա նշեց, որ կրթության ոլորտում խնդիրները շատ են և, իհարկե, կրթությունն այն ոլորտներից է, որտեղ երբեք խնդիրները չեն վերջանում, ֆինանսները բավարար չեն և սա այն ոլորտն է, որն անընդհատ պետության հոգածության և ուշադրության կենտրոնում է։

Անդրադառնալով «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծին, որը դրվել է շրջանառության մեջ, Մուրադյանն ասաց, որ այժմ այն քննարկումների փուլում է և, կարծես, այդ օրենքի նախագծի ամբողջ առանցքն ուղղված է բարձրագույն կրթության ակադեմիական որակի բարելավմանը։ Նա նշեց, որ կառավարման, կառուցվածքային, ծրագրային փոփոխությունները, ընդունելության և ֆինանսավորման կարգը գալիս են ապահովելու կրթության որակը։

«Այս պահին «Բարձրագույն կրթության մասին» օրենքն ԱԺ-ում է և շուտով այն նաև առաջիկա նիստում կքննարկվի։ Սա այն ռեսուրսն է, որի վրա մենք չպետք է զլանանք ծախսել մեր միջոցները»,- եզրափակեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորը։

 

 

http://armenpress.am/arm/news/920871/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here