Լիբանան – Վերադարձի Երկիր

0
275

ԵՐՈՒԱՆԴ ՏԷՐ ԽԱՉԱՏՐԵԱՆ

Վայրեր կան, որոնցից միշտ ափսոսանքով ես բաժանւում եւ հեռանալուց յետոյ ուզում ես անմիջապէս վերադառնալ: Դրանք ձգողական անդիմադրելի ուժով, անբացատրելի հմայք ունեցող վայրեր են, ուր միշտ ուզում ես վերադառնալ: Ինձ համար այդպիսի վայր, այդպիսի երկիր է Լիբանանը…

* * *

Իրերի պատեհ բերումով սրանից մօտ երկու տասնամեակ առաջ երեւանեան ձմեռից դուրս գալով` ես յայտնուեցի Լիբանանում: Մինչեւ Լիբանանը տեսնելը ես, ով գիտի, հազար անգամ արտասանել եմ Լիբանան բառը. Արմենակ Շահմուրադեանի «Կիլիկիա»-ն էինք լսում եւ հետը երգում էինք` «Լեառն Լիբանան եւ իւր մայրերը…»: Եւ հիմա ես եկել էի հանդիպելու մեզ համար անիրական թուացող երկրի հետ: Մինչ այդ ես, խորհրդային երկրում ծնուած, խորհրդային երկիրը տեսած, այդ երկրում ապրած անձս (սա ինչ-որ բան ասում է) եղել էի արտասահմանեան երկրներում` Լեհաստան, Հնդկաստան, Մալեզիա, Սինկափուր, Ամերիկա… Եւ բնական է` շատ բանի վրայ զարմացել եմ, շա՜տ ու շա՛տ բաներով հիացել եմ, բայց վերադարձել եմ, մխրճուել առօրեայի մէջ եւ… մոռացել:

Լիբանանի պարագային ամէն բան այլ կերպ եղաւ:

Նախ ասեմ, որ բախտս բերեց եւ Լիբանանում ես ծանօթացայ մի հրաշալի եւ բացառիկ անձնաւորութեան` նկարիչ ու բազմաշնորհ Շահէ Տէր Յարութիւնեանի հետ: Շահէն կեանքին ու բնութեանը սիրահարուած մարդ է: Ես չգիտեմ, չեմ էլ կարող պատկերացնել, թէ Լիբանանում կայ, ապրում է մի երկրորդ անձնաւորութիւն, որն այդքան մանրամասնօրէն գիտի Լիբանանի ամէն մի գիւղը, ամէն մի անկիւնը եւ այդքան մանրամասնօրէն է սիրում այդ երկիրը:

Եւ ահա Շահէն դարձաւ իմ առաջնորդը` իմ լիբանանեան կեանքի բոլոր ազատ օրերին: Շահէն մի փոքրիկ ինքնաշարժ ունէր, ու մեր բոլոր ազատ օրերին մենք շրջում էինք ողջ Լիբանանով մէկ, հիւսիսից հարաւ, Քֆար Նունից մինչեւ Պելֆոր: Մենք ծրագիր էինք կազմել, քարտէզ ունէինք եւ անցանք Լիբանանի գրեթէ բոլոր քաղաքներով ու գիւղերով, լեռները բարձրացանք եւ իջանք գեղեցիկ հովիտները: Շահէն ինձ ցոյց տուեց փիւնիկեան հնագոյն երկիր Լիբանանը` իր պատմական վկայութիւններով, հռոմէական հզօր կայսրութեան հարուստ նահանգ Լիբանանը` անկրկնելի ու աննման, ուղղակի համաշխարհային հռչակ վայելող յուշարձաններով, ժամանակակից Լիբանանը` իր ողջ գեղեցկութեամբ, Ատմայի նման շքեղ ու տպաւորիչ բնակավայրերով:

Շահէն ինձ ցոյց տուեց Լիբանանի բնութեան ողջ գեղեցկութիւնն ու հմայքը` իմ առջեւ բաց անելով Լիբանանի բնութեան գաղտնարանները, մատնացոյց անելով մարդկանց աչքերից ծածկուած, հեռու մնացած գողտրիկ անկիւնները` լեցուն կեանքի հրճուանքով եւ բանաստեղծութեամբ: Յայտնի վայրերը բոլորը գիտեն` Ժայիթա, Պաալպէք, Ժիպէյլ, Սուր, Սայտա… Եւ, ի հարկէ, լիբանանեան նշանաւոր մայրիները, Պշարրէի հարեւանութեամբ, Արզում, ապա Թաննուրինը, Շուֆը… Պեքաայի արեւաշող հովիտը, Լիթանին` Շուֆի բարձրութիւնից դիտուած… Այս թուարկումը կարող եմ անվերջ շարունակել…

Բայց ես այլ վայրեր եմ ուզում յիշել… Հնարաւոր չէ մոռանալ Քֆար Հելտայի եռաստիճան ջրվէժը, անձայն, որովհետեւ մեզ` դիմացի լանջից ջրվէժը դիտողներիս, պարզ ու սքանչելի օրուայ մէջ ձայնը չէր հասնում: Աֆկայի պաղ ջրերը, Սաննինի լանջերի ձիւնհալը, Եահշուշ գետի երգեցիկ մեղեդին, Աքքարի ամրոցը, Զահլէի հարեւանութեամբ, Նիհա գիւղի մօտ գտնուող հռոմէական տաճարը, Ֆարայայի խստաշունչ ձիւներն ու վարը փռուած հովիտը, Ազունիէից Պարուք ձգուող կանաչագեղ անտառները, Ռաշայայի հնձած արտերի թախծալի գեղեցկութիւնը…

Անկարելի է դիմանալ գայթակղութեանը եւ չյիշել Զահլէն` աննման, թագի ադամանդի նման շողուն ու կատարեալ Զահլէն` Պեքաայի նորահարսը: Զահլէի մասին ո՛չ խօսել է պէտք, ո՛չ պատմել. Զահլէն տեսնել է պէտք: Զահլէն արժի ե՛ւ պոէմ, ե՛ւ վէպ, ե՛ւ, ի հարկէ, պատարագ: Զահլէ հասնելու համար Շթորայից պէտք է թեքուել ձախ:

Լիբանանը վայրեր ունի, որոնք մեզ` հայերիս համար առանձնակի իմաստ ու նշանակութիւն ունեն: Շթորայի անունը տուեցի. Շթորան այդ վայրերից մէկն է: Այստեղ ապրել է մեր ժողովրդի մեծ զաւակներից մէկը` ընտիր գրականագէտ եւ բանասէր, անմրցելի գրաքննադատ Նիկոլ Աղբալեանը: Նա այստեղ տուն է կառուցել. իր ժամանակակիցները, ճեմարանում դասաւանդած իր գործընկերները պատմում էին, թէ ի՛նչ դժուարութեամբ, ի՛նչ տառապանքով է պարզ ուսուցիչ Նիկոլ Աղբալեանը կառուցել այդ տունը… Այստեղ էլ նա կնքել է իր մահկանացուն:

Շթորայում մի օր մենք գտանք Նիկոլ Աղբալեանի  տունը: Բակ մտանք: Տան դռները, անշուշտ փակ էին: Բարձրացանք երկրորդ յարկ տանող դրսի աստիճաններով: Յարկը ապակեպատ պատշգամբ-նախամուտք ունէր, ապակեպատ դռնով, որ նոյնպէս փակ էր: Նախամուտք-պատշգամբի ներսը պարզ երեւում էր: Մեզ առաջնորդում էր մի տարեց հայ կին, որի տունը գտնւում էր Աղբալեանի տնից մի երկու տուն այն կողմ: Կինը մեզ պատմեց, որ Աղբալեանը հէնց այդ պատշգամբում է կաթուածահար վայր ընկել: Հայաստանից` ընտանիքից նամակ է ստացել, բացել է եւ կարդալիս կաթուածահար վայր ընկել…

Լուռ կանգնեցինք ու խոնարհուեցինք…

Տասնամեակներ էին անցել, բայց Աղբալեանի տունը անվթար կանգնած էր. թւում էր` տանտէրը այստեղ է, մօտակայքում ինչ-որ տեղ: Սա ցոյց էր տալիս, թէ ի՛նչ ազնիւ մարդիկ են ապրում Շթորայում, ի՛նչ ազնիւ են եղել Աղբալեանի անցեալ ու ներկայ հարեւանները:

Շթորան Աղբալեանով ու իր տնով դարձաւ մեզ համար առանձնապէս սիրելի:

Լիբանանում ես տեսայ, թէ ինչքա՛ն լաւ են զգում իմ հայրենակիցները այս երկրում: Տասնամեակներ շարունակ Լիբանանում եղել է լիարիւն հայկական կեանք, ստեղծուել է մշակոյթ, մշակուել է գրականութիւն, եղել են գրական-մշակութային, կրթական-հասարակական ազգային հաստատութիւններ` դպրոցներ եւ զանազան այլ կրթօճախներ, թատրոն եւ երաժշտութիւն, մամուլ եւ հրատարակչութիւններ, մի խօսքով` ամէն բան, ինչ անհրաժեշտ է ազգային կեանքով ապրող համայնքի համար: Եւ արդէն պարզ դարձաւ, թէ ինչո՛ւ է Լիբանանի հայութիւնը այդքան ջերմ սիրով կապուած այդ երկրի հետ, նրա բարքերին, կեանքին, սովորութիւններին, լեզուին ու խոհանոցին: Եւ հասկացայ, որ իմ հայրենակիցների` Լիբանանի հանդէպ ունեցած սէրն ու առանձնակի վերաբերմունքը նոյնպէս ազդել են ինձ վրայ, որոշակի բաժին աւելացնելով իմ վերաբերմունքին: Ես տեսայ նաեւ այն խորին յարգանքը, որ Լիբանանի իշխանութիւնները եւ Լիբանանի ժողովուրդը ունեն հայութեան, Հայ եկեղեցու եւ հայ մշակոյթի հանդէպ: Սա նոյնպէս, իր հերթին եւ իր չափով, իմ մէջ աւելացրել է Լիբանանի հանդէպ ունեցած իմ սիրոյ եւ յարգանքի չափը:

Լիբանանում ես շատ բան տեսայ. մանրամասն պատմելու համար հարիւրաւոր էջեր են պէտք: Տեսայ նաեւ ստուէրներ եւ անցանկալի գոյներ. կա՞յ իր կամ առարկայ, որ ստուէր չունենայ: Տեսայ, ասենք, Պուրճ Համուտի հսկայ աղբակոյտը, որ եգիպտական բուրգերի հետ կարող է մրցել, տեսայ… Բայց, ճիշդն ասած, դրանք մոռացուել են, ես Լիբանանից միայն լաւ եւ գեղեցիկ պատկերներ ու զգացումներ եմ յիշում… Այնպէս որ, ես միշտ պատրաստ եմ Լիբանան վերադառնալու:

* * *

Լիբանան այցելելուց, Լիբանանը ճանաչելուց յետոյ ես եղայ եւրոպական եւ այլ շատ երկրներում` Ֆրանսա Սպանիա, Պելճիքա, Հոլանտա, Իտալիա եւ այլն: Եւ այնուամենայնիւ, Լիբանանը ինձ համար մնում է այն երկիրը, ուր կ՛ուզէի միշտ վերադառնալ: Դա սքանչելի գեղեցկութեամբ երկիր է, ուր ապրում են ինձ շատ սիրելի մարդիկ` իմ ընկերներն ու բարեկամները:

Մի օր տղաս ծիծաղելով ինձ ասաց. «Հայրի՛կ, ինձ թւում է, որ եթէ մի օր քեզ առաջարկեն ընտրութիւն անել` գնալ անծանօթ ու շատ հետաքրքրական մի երկիր կամ թէ նորից, հերթական անգամ այցելել Լիբանան, դու հաստատ կ՛ընտրես Լիբանանը»:

Հաստա՛տ: Իսկապէս կ՛ընտրէի Լիբանանը:

Ինձ համար Լիբանանը այն երկիրն է, ուր միշտ կ՛ուզէի վերադառնալ…

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here