Արմեն Սարգսյանը կոչ է անում ՀՀ նախագահին ընտրելիս չառաջնորդվել նրանով, թե որ կուսակցությունն է ներկայացրել նրա թեկնածությունը

0
141

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը հույս ունի, որ իր թեկնածությունն առաջադրելու դեպքում Ազգային ժողովում կամ դրանից դուրս քվեարկությունը կտան մարդուն և չեն առաջնորդվի նրանով, թե որ կուսակցությունն է առաջադրել նրա թեկնածությունը: Հայկական բարեգործական ընդհանուր միության երևանյան գրասենյակում կատարած շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է, որ ՀՀ Նախագահը իրեն առաջարկել է ապագա նախագահի պաշտոնում առաջադրել իր թեկնածությունը:

«Ես դեռևս առաջադրված թեկնածու չեմ:  Հանրապետության Նախագահը ինձ առաջարկել է, որպեսզի ես մտածեմ, և, եթե համաձայնություն լինի, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի առաջնորդն է հանրապետության Նախագահը,  կառաջադրի իմ թեկնածությունը: Բայց ես Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ չեմ: Ես ընդհանրապես որևէ կուսակցության անդամ չեմ, և հույս ունեմ, որ Ազգային ժողովում կամ դրանից  դուրս քվեարկությունը կլինի հօգուտ մարդու` անկախ նրանից, թե որ կուսակցությունն է առաջադրում նրա թեկնածությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով` ճիշտ չէ հասարակությանը բևեռացնել և դիրքորոշում որդեգրել, թե եթե այս կամ այն կուսակցությունն է առաջադրել անձի թեկնածությունը, դեմ են լինելու: Դիտարկմանը, թե նման դիրքորոշում ունի խորհրդարանական «Ելք» խմբակցությունը, Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Այո, ես գիտեմ նրանց դիրքորոշման մասին, որ հստակ արտահայտել են: Ես չէի գնացել նրանց հետ հանդիպելու,որպեսզի խնդրեի փոխել իրենց վերաբերմունքը, որովհետև նրանց դիրքորոշումը սկզբունքային է: Ես գնացել էի, որովհետև ես կարծում եմ, որ մեր երկրում երկխոսության կարիք կա: Մեր երկրում բոլոր կազմակերպությունները, կառույցները, կուսակցությունները` Ազգային ժողովում և դրանից դուրս,  պետք է սկսեն երկխոսություն, քանի որ հակառակ դեպքում մեր հասարակությունն ավելի մասնատված կդառնա, իսկ հասարակության առանձին մասերն ամեն անգամ յուրայիններ և հակառակորդներ կառանձնացնեն»:

http://armenpress.am/arm/news/922766/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here