Արցախեան Շարժման 30ամեակին Նուիրուած Հանրահաւաքին Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակօ Սահակեանի Արտասանած Խօսքը

0
276

Մեծարգո՛յ նախագահ Արկադի Ղուկասեան,

Գերաշնո՛րհ սրբազան հայր,

Թանկագի՛ն հայրենակիցներ,

Արցախեան շարժման յարգելի՛ վետերաններ,

 

Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների եւ անձամբ իմ անունից ջերմօրէն շնորհաւորում եմ բոլորիս, մեր ողջ ժողովրդին Արցախեան շարժման 30րդ տարեդարձի առթիւ:

1988 թուականը բեկումնային եղաւ հայ ժողովրդի պատմութեան մէջ: Երեք տասնամեակ առաջ այս օրերին համայն հայութիւնը համախմբուեց, դարձաւ մի բռունցք՝ ողջ աշխարհին ազդարարելով սեփական բնօրրանում ազատ ու անվտանգ ապրելու համար մաքառելու իր պատրաստակամութեան մասին:

Համաժողովրդական այս պոռթկումը մարտահրաւէր էր բռնատիրութեանը, հալածանքներին, մարդու իրաւունքների խախտումներին, բոլոր այն արհաւիրքներին, որոնց միջով անցել է մեր ժողովուրդը իր բազմադարեայ պատմութեան ընթացքում: Եւ այս շարժման պսակը դարձաւ հայոց անկախ պետականութեան վերականգնումը:

Իր կամքին հակառակ գտնուելով օտար ու արհեստածին Ադրբեջանի կազմում՝ Արցախը դատապարտուած էր հայաթափման եւ կործանման: Այդպիսի ճակատագիր ունեցան Նախիջեւանը, Ադրբեջանին բռնակցուած պատմական հայկական այլ տարածքներ: Բազմաթիւ ազգային փոխրամասնութիւններ այդ երկրում ենթարկուեցին բռնաձուլման եւ վերացան պատմական ասպարէզից:

Մենք այլընտրանք չունէինք եւ երբեւիցէ չենք համակերպուել գերութեան հետ՝ բազմաթիւ փորձեր ձեռնարկելով օտար լուծը թօթափելու ուղղութեամբ: Ինչպէս հանրաճանաչ ակադեմիկոս Անդրէյ Սախարովն է ժամանակին ասել՝ հայերի համար այս պայքարը կեանքի ու մահուան հարց է, Ադրբեջանի համար՝ ամբիցիաների:

Չնայած այդ ամէնին՝ Արցախեան շարժումը ազգային-ազատագրական պայքարի այն բացառիկ օրինակներից մէկն է, որն ի սկզբանէ որդեգրել էր պատմական արդարութեան եւ ոտնահարուած իրաւունքների վերականգնումը քաղաքակիրթ ու խաղաղ միջոցներով, միջազգային նորմերին ու կանոններին խիստ համահունչ:

Դրան ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանութիւնները կրկին առանց վարանելու դիմեցին բռնութիւնների՝ կազմակերպելով խաղաղ հայ բնակչութեան կոտորածներ, ջարդեր, տեղահանումներ, որոնք դարձան մարդկութեան դէմ յանցագործութիւնների ամենագարշելի դրսեւորումներից:

Այդ ցեղասպան քաղաքականութեան արդիւնքում հարիւր-հազարաւոր հայեր բռնատեղահանուեցին իրենց օջախներից, մեր պատմական հայրենիքի զանազան վայրերից, հազարաւոր մարդիկ զոհուեցին ու վիրաւորուեցին, ոչնչացուեց հայ մշակոյթի նիւթական եւ ոչ նիւթական հարուստ ժառանգութիւնը ներկայիս Ադրբեջանի Հանրապետութեան տարածքում:

Անմարդկային այս քաղաքականութիւնը Ադրբեջանը շարունակում է նաեւ այսօր: Բաքուի իշխանութիւնները չեն հրաժարուել Արցախեան հիմնախնդիրը ուժային տարբերակով լուծելու իրենց նպատակներից՝ դիմելով տարբեր սադրանքների, ամէն օր խախտելով զինադադարի ռեժիմը, ագրեսիւ քաղաքականութիւն վարելով Արցախի եւ Մայր Հայաստանի դէմ տեղեկատուական, քաղաքական, դիւանագիտական եւ այլ հարթութիւններում: Իսկ 2016 թուականի Ապրիլին անցնելով լայնածաւալ յարձակման՝ Ադրբեջանը պլանաւորում էր սրընթաց պատերազմի միջոցով ոչնչացնել արցախեան պետականութիւնը:

Բոլոր այդ փորձերը ձախողուեցին, եւ թշնամին ետ շպրտուեց՝ տալով զգալի մարդկային, նիւթական ու բարոյական կորուստներ: Այդպէս եղել է եւ այդպէս կը լինի ընդմիշտ:

Դրա երաշխիքը մեր հզօր բանակն է, Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնը, իր երկիրը եւ յուսալի ապագան սեփական ուժերով կերտող մեր ժողովուրդը, հայրենիքի պաշտպանութեան ժամանակ կոփուած հայրենասէր ու հզօր անկախութեան սերունդը:

Պաշտպանութեան բանակը եւ հայոց զինուած ուժերը մեր ազգային-ազատագրական պայքարի, մեր անկախ պետականութեան ամենամեծ ձեռքբերումներից են, մեր ժողովրդի եւ հայրենիքի անվտանգութեան ապահովման, նրա բնականոն զարգացման ամենայուսալի գրաւականը, տարածաշրջանում կայունութեան ու խաղաղութեան պահպանման ամենաազդեցիկ գործօններից մէկը:

Յաւե՜րժ փառք մեր հերոսական եւ ազատարար բանակին:

Պետութիւնը այսուհետ էլ անելու է ամէն ինչ երկրի պաշտպանունակութեան ամրապնդման, մեր զինուած ուժերի մարտունակութեան բարձր մակարդակի ապահովման, բանակը ժամանակակից զինտեխնիկայով յագեցման ուղղութեամբ:

Այս գոյապայքարում, դժբախտաբար, մենք ունենում ենք նաեւ անդառնալի կորուստներ: Հայրենիքի պաշտպանութեան սուրբ գործին իրենց կեանքն են նուիրաբերել մեր ժողովրդի լաւագոյն զաւակները: Նրանք զոհ չեն, նրանք մարտիրոսուած հերոսներ են, ովքեր անմահացան եւ շարունակում են իրականացնել հայրենիքի պաշտպանի իրենց սուրբ առաքելութիւնը՝ ոգեշնչելով եւ պարտաւորեցնելով՝ անմնացորդ ծառայել հայրենիքին, աշխատել ի փառս նրա զարգացման ու զօրացման:

Մեր բոլոր կորուստները չսպիացող վէրքեր են եւ միշտ կը մնան մեր ժողովրդի յիշողութեան ու պատմութեան մէջ:

Թանկագի՛ն հայրենակիցներ,

1988ի ոգին ու պատգամը երեսուն տարի անց շարունակում են մեզ համար ուղենիշ հանդիսանալ, եւ մեր հայեացքը ուղղուած է միմիայն դէպի ապագան:

Մենք շարունակելու ենք կերտել եւ կառուցել անկախ ժողովրդավարական ու սոցիալական երկիր, էլ աւելի ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնը: Անկախ պետականութիւնը մեր ամենամեծ արժէքն է, եւ բոլորիս պարտքն է առաւելագոյնը անել նրա շարունակական զարգացման ու զօրացման համար:

Վերջին երեք տասնամեակներում Արցախը անցել է պետականաշինութեան լուրջ ճանապարհ: Մեր ժողովուրդը արդիւնաւէտօրէն իրականացրել է իր առջեւ դրուած ամենաբարդ առաջադրանքները: Մենք պաշտպանել ենք մեր պետութիւնը, նրա անկախութիւնն ու ազատութիւնը, վերականգնել ենք պատերազմի հետեւանքով գրեթէ հիմնովին աւերուած տնտեսութիւնը եւ թեւակոխել կայուն զարգացման փուլ:

Ներկայ դրութեամբ հաստատուն կերպով զարգանում են տնտեսութեան գրեթէ բոլոր ճիւղերը, հետեւողականօրէն բարձրանում է ժողովրդի կենսամակարդակը: Ընթացքի մէջ է Արցախի միջազգային ճանաչման գործընթացը: Մեր երկիրը օրէցօր ճանաչելի է դառնում աշխարհին եւ բազմակողմանի կապեր հաստատում տարբեր միաւորումների հետ:

Այս բոլոր տարիների ընթացքում մենք մշտապէս զգացել ենք Մայր Հայաստանի յատուկ հոգատարութիւնը Արցախի նկատմամբ: Անհնարին է պատկերացնել մեր ձեռքբերումներն ու յաղթանակները առանց Հայաստանի Հանրապետութեան գործուն եւ անմիջական մասնակցութեան:

Այսօր էլ միասին լուծում ենք մեծ ու պատասխանատու խնդիրներ: Բոլորս հաստատակամ ենք եւ կ՛անենք հնարաւորը, որպէսզի վաղուայ օրը լինի յուսալի, մեր հայրենիքը՝ աւելի հզօր ու բարեկեցիկ:

Հակառակորդը միշտ պէտք է իմանայ, որ մեզ հետ ուժի լեզուով խօսելը դատապարտուած է ձախողման: Մեր ժողովուրդը, մեր բանակը եւ ողջ հայութիւնը ցանկացած պահի արժանի հակահարուած կը տան մեր ազատութեանն ու անվտանգութեանը սպառնացող իւրաքանչիւր ոտնձգութեան:

Փա՜ռք ազատ ու անկախ Արցախին:

Փա՜ռք Մայր Հայաստանին:

Փա՜ռք հերոսական հայ ժողովրդին:

 

ք. Ստեփանակերտ

13 Փետրուարի 2018թ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here