«ՆԻՈՒԶ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆԻ ՀԵՏ

0
357

«Հրադադարի Ռեժիմը Մինչ Օրս Պահպանւում Է Զէնքի Ուժի Շնորհիւ»

Ստորեւ՝ Արցախի պաշտպանութեան նախարար, պաշտպանութեան բանակի հրամանատար, գեներալ-լէյտենանտ Լեւոն Մնացականեանի «Նիուզ»ի հետ ունեցած բացառիկ հարցազրոյցը:

«ՆԻՈՒԶ».- Նախօրէին Արցախի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում ԵԱՀԿ հերթական դիտարկումն է կայացել: Դիտարկումն անցել է առանց միջադէպերի, սակայն դրա աւարտից կարճ ժամանակ անց ադրբեջանական կողմի կրակոցից Արցախի ԶՈՒ զինծառայող է զոհուել: Ընդհանուր առմամբ, ինչպէ՞ս էք գնահատում իրավիճակը շփման գծում:

ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Ոչ պատերազմի, ոչ խաղաղութեան, ոչ կայունութեան, ոչ լարուածութան վիճակ է: Այդպիսին էր իրավիճակը 2017 թուականին, նոյնը շարունակւում է նաեւ այսօր: Իսկապէս, նախօրէին կայացել է ԵԱՀԿ դիտարկումը, յայտնի է, որ տարածաշրջան այցելեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Դիտարկման ընթացքում խախտումներ չեն արձանագրուել: Բայց հէնց ԵԱՀԿ ներկայացուցիչները լքեցին առաջին գիծը, հակառակորդը սկսեց կրակել: Դա, ի դէպ, ադրբեջանական կողմի սովորական ձեռագիրն է, եւ ես բազմիցս նման փաստերի մասին յայտնել եմ անձամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջէյ Կասպրշիկին: Վերջին շրջանում հակառակորդն աւելի շատ հրաձգային զէնք է օգտագործում, բայց նախկինում եղել են ականանետերի եւ հրետանու օգտագործման դէպքեր: Եղել են դէպքեր, երբ դեսպանը շփման գծի ճանապարհին էր, որ հրադադարի խախտումներ են եղել: Հակառակորդի պահուածքը վկայում է, որ հրադադարի ռեժիմի (դրութեան-Խմբ.) պահպանման յայտարարութիւններն արւում են բացառապէս ուշադրութիւն շեղելու համար: Ասում են՝ պատրաստ են պահպանել ռեժիմը, իսկ իրականում հակառակն են անում: Վերջին միջադէպը դրա եւս մէկ վկայութիւնն է:

 

«ՆԻՈՒԶ».- Երկար տարիներ խօսւում է Կասպրշիկի թիմի ընդլայնման եւ միջադէպերի հետաքննութեան մեխանիզմների ներդրման մասին: Եթէ երկրորդ հարցում առկայ է Ադրբեջանի ակնյայտ հակազդեցութիւնը, առաջինի դէպքում, թերեւս, որոշակի տեղաշարժեր կան: Ձեր կարծիքով, գործնականում Կասպրշիկի թիմի ընդլայնումը գործուն արդիւնքներ կը տա՞յ:

ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Իհարկէ, որոշակի առումով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման անհրաժեշտութիւն կայ. աւելի շատ դաշտային օգնականներ՝ դիտարկման եւ վերահսկման աւելի մեծ հնարաւորութիւններ: Բայց այդ հարցում խօսքը ոչ այնքան անձնակազմի թուաքանակի ընդլայման մասին է, որքան վստահութեան մթնոլորտ ստեղծելուն ուղղուած Բաքուի կամքի դրսեւորման: Իսկապէս այնտեղ ուզո՞ւմ են: Եթէ ուզենան, պէտք է կամք դրսեւօրէն եւ համաձայնեն անձնակազմի ընդլայնմանը: Մեր կողմից վստահութեան մթնոլորտի ստեղծման, լարուածութեան նուազման կամք միշտ է դրսեւորուել: Ադրբեջանական կողմից էլ իրականացւում են տեսադիտարկման համակարգի ներդրման աշխատանքներ: Ոչ այնպիսի ծաւալներով, որքան մեզ մօտ, բայց դա էլ բաւարար է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ստեփանակերտ այցի ընթացքում մենք ներկայացրել ենք տեսադիտարկման մեր համակարգի հնարաւորութիւնները եւ ռեժիմի իրական խախտողի մասին տեղեկութիւնները: Մենք նախկինում էլ միշտ պատրաստակամութիւն ենք յայտնել  աջակցել միջադէպերի հետաքննութեան մեխանիզմների (մեքենակառոյցներու-Խմբ.) ներդրմանը: Որպէս Արցախի պաշտպանութեան նախարար եւ Պաշտպանութեան բանակի հրամանատար, ես ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջ1յ Կասպրշիկի հետ առաջին հանդիպման ժամանակ էլ ասել եմ այդ մասին, եւ մնում եմ իմ կարծիքին: Պարոն դեսպանը համաձայն է, որ մեխանիզմներն անհրաժեշտ է ներդնել: Թէ որքանով հնարաւոր կը լինի հասնել երկու հարցերի կատարմանը, ցոյց կը տայ ժամանակը:

 

«ՆԻՈՒԶ».- Հայկական կողմը բազմիցս կարծիք է յայտնել տեղական հրամանատարների միջեւ ուղիղ շփումների օգտակարութեան մասին‘ միջադէպի դէպքում իրավիճակի սրում թոյլ չտալու համար: Ին՞չ էք մտածում այդ մասին:

ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Մենք պատրաստ ենք դրան: Բայց իրականութիւնը ցոյց է տալիս, որ հակառակորդը պատրաստ չէ: Յաճախ են դէպքերը, երբ ԵԱՀԿ դիտարկումների ընթացքում ադրբեջանական կողմը խմբին դուրս չի բերել վաղօրօք նախանշուած վայր‘ վկայակոչելով այս կամ այն յօրինուած պատճառը: Դա վկայում են նաեւ դիտորդները: Եղել են հրադադարի ռեժիմի խախտման դէպքեր հէնց դիտարկումների ժամանակ, նոյնիսկ մեր կողմից զինծառայողի վիրաւորման ցաւալի փաստ: Այսինքն, ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումները կրում են մշտական բնոյթ, եւ դիտարկման ընթացքում տրուող երաշխիքները եւս զսպող գործօններ չեն:

 

«ՆԻՈՒԶ».- Ադրբեջանական կողմից պարբերաբար յայտարարութիւններ են հնչում այս կամ այն հզօր սպառազինութեան ձեռքբերման մասին: Որքանո՞վ են դրանք համապատասխանում իրականութեանը:

ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Մի առիթով ասել եմ. իսկապէս Ադրբեջանը ահռելի գումարներ է ծախսում սպառազինութիւններ գնելու վրայ: Հնարաւոր է‘ այդ գումարները դուրս են գրւում‘ հանգրուանելով պաշտօնեաների գրպաններում: Սակայն գործնականում իրողութիւնն այլ է, քան դա փորձում է ներկայացնել Բաքուն: Այսպէս, բոլորովին վերջերս հիւսիսային ուղղութեամբ մենք հնարաւորութիւն ունեցանք դիտելու այդ «ժամանանակից սպառազինութեան» ցուցանմուշ եւ ցոյց տուեցին ԶԼՄներով: Սովորական սիրողական անօդաչու, եւ դա առաջին դէպքը չէր: Ադրբեջանը սպառազինութիւն է գնում ոչ այն քանակութեամբ, որ փորձում է ներկայացնել:

 

«ՆԻՈՒԶ».- Ի՞նչ հետեւութիւններ են արուել 2016 թուականի ապրիլեան ագրեսիայից յետոյ:

ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Բնականաբար, իւրաքանչիւր միջադէպից յետոյ մանրամասն վերլուծութիւն է կատարւում: Այդպէս արուել է նաեւ 2016ի Ապրիլից յետոյ: Ուսումնասիրուել ու վերլուծուել են բոլոր գործողութիւններն ու իրադարձութիւնները, արուել են համապատասխան եզրակացութիւններ, դրանց արդիւնքում անցկացուել ու շարունակում է անցկացուել հսկայական աշխատանք: Շեշտը դրուել է առաջնագծի սարքաւորումներով յագեցման, մարտական հերթապահութեան պայմանների բարելաւման, առաջնագծում զինծառայողների անվտանգութեան բարձրացման, մարտական եւ թիկունքային ապահովութեան, կառավարման արդիւնաւէտութեան բարձրացման, տեսադիտարկման համակարգի կատարելագործման վրայ: Այսինքն աշխատանք է տարուել բոլոր ուղղութիւններով, եւ այդ աշխատանքը շարունակւում է: Կարելի է ասել, որ անհնար է համեմատել այն ինչ կար ու այն ինչ հիմա կայ: Բայց մենք բաւարարուած չենք ձեռք բերածով, չենք կարծում, որ դա բաւարար է, եւ աշխատանքը շարունակւում է:

 

«ՆԻՈՒԶ».- Հասարակութեանը մտահոգում է Ադրբեջանի կողմից ռուսական սպառազինութեան գնումը: Ինչպիսի՞ն է ձեր կարծիքը դրա վերաբերեալ:

ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Բոլոր հնարաւոր ուղիներն օգտագործելով սպառազինութիւն ձեռք բերելու Բաքուի ձգտումը բնական է: Հասկանալի է նաեւ, որ Ռուսաստանից չգնուած սպառազինութիւնը Ադրբեջանը կարող է փոխարինել այլ երկրներից մատակարարումներով, ասենք՝ Թուրքիայից: Առաջին դէպքում որոշակի վերահսկողութիւն կայ սպառազինութեան տեսակների ու քանակի նկատմամբ, ինչպէս նաեւ անհրաժեշտութեան դէպքում կան ազդեցութեան լծակներ: Մենք մեր կողմից գնում ենք մեզ անհրաժեշտ սպառազինութիւնը: Ինչ վերաբերում է հաւասարակշռութիւնը խախտելու մասին յայտարարութիւններին, ապա եկէք յիշենք, որ հաւասարակշռութիւնը խախտուել էր 1992 թուականից առաջ ու յետոյ, բայց հարցն այն է, թէ արդեօք դա ադրբեջանական կողմին առաւելութիւն տուե՞ց եւ ինչպիսի՞ն եղաւ արդիւնքը: 1992 թուականին մենք հրաշալի կատարեցինք մեր խնդիրը, եւ հրադադարի ռեժիմը մինչ օրս պահպանւում է հէնց զէնքի ուժի շնորհիւ: Վստահ եմ, որ այսուհետ եւս Զինուած ուժերը, չնայած Բաքուի զանազան գնումներին, պատուով կը կատարեն իրենց առջեւ դրուած խնդիրները:

 

«ՆԻՈՒԶ».- Պայքարի տարրերից մէկը քարոզչութիւնն է: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը այդ նպատակներով հսկայական միջոցներ է ծախսում: Ի՞նչ տեղ է յատկացնում քարոզչութեանը ղարաբաղեան կողմը:

ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Քարոզչութիւնն, իսկապէս, մեծ նշանակութիւն ունի, բայց անհրաժեշտ է յիշել, որ գոյութիւն ունի երկու ուղղութիւն՝ իրական քարոզչութիւն եւ ապատեղեկատուութիւն: Դրանք տարբեր բաներ են: Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսում ապատեղեկատուութիւն տարածելու համար, եւ բոլորը հասկանում են դա: Կան գործիչներ, այդ թւում օտարերկրացի, որոնք փորձում են աջակցել Բաքուին այդ գործում: Բայց ես այդ մարդկանց նոյնիսկ չէի անուանի Ադրբեջանի կողմնակիցներ կամ բարեկամներ: Այդ մարդկանց համար նման պահուածքը բիզնես է, որը նրանց շատ կոնկրետ (յստակ-Խմբ.) նիւթական օգուտ է բերում: Մեր կողմից քարոզչութիւն վարւում է, եւ այն հիմնուած է փաստերի ու պատմութեան վրայ, ընդ որում օգտագործւում է ինչպէս հայրենական, այնպէս էլ արտասահմանեան պատմական աղբիւրներ: Հայկական կողմը աշխատանքը վարում է համոզիչ եւ ապացուցողական բազայով (հիմքով-Խմբ.): Այնպէս որ քարոզչութեան մեթոդները համեմատելի չեն:

 

«ՆԻՈՒԶ».- Վերջերս Ադրբեջանի նախագահը հերթական ագրեսիւ (յարձակողական-Խմբ.) յայտարարութիւնն է արել՝ խոստանալով «վերադառնալ Երեւան»: Ինչպէ՞ս կը մեկնաբանէք այդ յայտարարութիւնը:

ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Յիշում էք, նրանք ժամանակին ուզում էին թէյ խմել Շուշիում եւ իրենց դրօշը բարձրացնել Ստեփանակերտում: Ապրիլից առաջ (2016ին-Խմբ.) նրանք բարձրագոչ յայտարարութիւններ էին անում, նկարահանումներ էին անում, բայց այն վայրերը, որտեղ նրանք իրականացնում էին իրենց, այսպէս կոչուած, քարոզչական նկարահանումները, աւելի մօտ էին Բաքուին, քան Երեւանին: Ոտնձգութիւնների դէպքում այդ վայրերն աւելի հեռու կը լինեն: Նման յայտարարութիւնները ներքին լսարանի համար են: Ադրբեջանում շուտով ընտրութիւններ են եւ եթէ Ալիեւի իշխանութեան համար ամէն բան լաւ է ու հանգիստ, ինչո՞ւ անհրաժեշտ եղաւ փոխել ընտրութիւնների ամսաթիւը:

 

«ՆԻՈՒԶ».- Ցաւօք, դեռեւս բանակում միջադէպեր են գրանցւում, որոնք կապուած չեն հակառակորդի գործողութիւնների հետ: Ինչի՞ մասին է խօսում իրավիճակի վերլուծութիւնը:

ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Իրավիճակի վերլուծութիւնը ցոյց է տալիս, որ 2015 թուականից նկատւում է մահուան ելքով միջադէպերի թուի նուազում: Միջադէպերի թուի որոշակի աճ է գրանցուել՝ կապուած ոչ կանոնադրական յարաբերութիւնների հետ: Իհարկէ, ցանկացած թիւ անհանգստութիւն է պատճառում, սակայն օբյեկտիւ (առարկայական-Խմբ.) իրականութիւնն այնպիսին է, որ վերջին տարիներին մահուան ելքով միջադէպերի թիւը կրճատւում է: Ինչ վերաբերում է ոչ կանոնադրական յարաբերութիւններին, ապա այս ուղղութեամբ բացատրական աշխատանք է տարւում:

 

«ՆԻՈՒԶ».- Արցախը բազմաթիւ փառապանծ զինուորականների հայրենիքն է: Ինչպիսի՞ն է վիճակը կադրերի պատրաստման ոլորտում:

ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Սպաների հիմնական դարբնոցը Վազգէն Սարգսեանի անուան ռազմական համալսարանն է, ինչպէս նաեւ մեր սպաները պատրաստութիւն են անցնում որոշ արտասահմանեան ռազմական բուհերում: Ընթացքում է «Պատիւ ունեմ» ծրագիրը եւ արդէն կան շատերը, որոնք ուզում են մասնակցել այդ ծրագրին եւ բուհն աւարտելուց յետոյ նրանք որպէս սպայ ծառայութեան կ՛անցնեն Արցախի զինուած ուժերում: Այսինքն, կադրերով համալրման աղբիւրը ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքացիական բուհերն են:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here