«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

0
235

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Հելսինկիի ոգու աղաղակող ոտնահարում է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ: Դա հատկապես ակնառու է հարևան երկրում մեկնարկած նախընտրական շրջանում:  Մյունխենի անվտանգության համաժողովին  «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ այս մասին իր ելույթում նշեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ փաստելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ ավելի, ոչ պակաս տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: «Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ: Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի որքան հնարավոր է շուտ՝ խաղաղ ճանապարհով»,- ասել է ՀՀ նախագահը: Ի պատասխան ադրբեջանցի պատվիրակի հարցին, որին, ի դեպ, ընդհատեց անգամ նիստը վարողը, քանի որ նրա հարցը բավականին երկարեց ու նմանվեց քաղաքական ելույթի, ՀՀ Նախագահը պատասխանեց հանդուրժողականության ու քաղաքավարության սեփական օրինակով։ «Մի հռետորական հարց տամ. եթե ձեր երկրի նախագահը տարածքային հավակնություններ է արտահայտում Երևանի նկատմամբ այս տարի, երբ հոկտեմբերին նշելու ենք Երևանի հիմնադրման 2800-ամյակը, ինչպես կարող է կարգավորվել ԼՂ հակամարտությունը: Դուք ցանկանում եք ապրել ազատ, ցանկանում եք ապրել Ղարաբաղում, ես ձեզ վստահեցնում եմ, որ ԼՂ ժողովուրդը ևս ցանկանում է ապրել ազատ, և նրանք ցանկանում են ապրել իրենց պատմական տարածքներում, որտեղ նրանց ժառանգությունն ունի հազարավոր տարիների պատմություն: Նրանք չեն ցանկանում, որ դուք ավերեք այդ ժառանգությունը»,- ասաց ՀՀ Նախագահը և հավելեց. «Հայ ժողովուրդն ապրում է իր պատմական հողում նվազագույնը 5000 տարի, ադրբեջանցիներն ու այլ ժողովուրդներ, որոնք Աստված գիտե, թե երբ են ձևավորել իրենց ինքնությունը, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը»։

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցի արդյունքներով հայտարարություն են տարածել: Համանախագահներն ընդգծել են 2017 թվականի հոկտեմբերին Ժնևի, իսկ ավելի վաղ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված բոլոր հանձնառությունների իրականացման կարևորությունը: Համանախագահներն արտահայտել են իրենց խորը մտահոգությունը շփման գծում մահվան վերջին դեպքերի առնչությամբ: Համանախագահները կոչ են անում կողմերին ձեռնարկել հավելյալ քայլեր լարվածության թուլացման նպատակով՝ ինչի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել Ժնևում, ինչպես նաև հարգել հրադադարի ռեժիմը։

ՌԴ ԱԳ նախարարությունն անդրադարձել է «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության համագումարի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությանը, թե «Հայաստանի նկատմամբ ճնշումները շարունակվելու են, որպեսզի վերադարձնեն իրենց պատմական հողերը՝ Երևանը և, ընդհանրապես, Հայաստանը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է. «Ռուսաստանում տեսել են Ադրբեջանի նախագահի ելույթը՝ իշխող կուսակցության համագումարում: Հիանալի գիտենք, որ Ադրբեջանի հարաբերությունները հարևան Հայաստանի հետ խիստ լարված են և նման հայտարարություններն ակնհայտորեն չեն նպաստում լարվածության թուլացմանը»:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի  Վերածննդի հրապարակում Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված բազմահազարանոց հանրահավաքին եւ հանդես եկել ելույթով: «1988 թվականը բեկումնային եղավ հայ ժողովրդի պատմության մեջ: Երեք տասնամյակ առաջ այս օրերին համայն հայությունը համախմբվեց, դարձավ մի բռունցք՝ ողջ աշխարհին ազդարարելով սեփական բնօրրանում ազատ ու անվտանգ ապրելու համար մաքառելու իր պատրաստակամության մասին»,- նշել է Բակո Սահակյանը և հավելել. «Հակառակորդը միշտ պետք է իմանա, որ մեզ հետ ուժի լեզվով խոսելը դատապարտված է ձախողման: Մեր ժողովուրդը, մեր բանակը եւ ողջ հայությունը ցանկացած պահի արժանի հակահարված կտան մեր ազատությանն ու անվտանգությանը սպառնացող յուրաքանչյուր ոտնձգության»: Ստեփանակերտում կայացել է Արցախի Ազատամարտիկների միության (ԱԱՄ) 7-րդ համաժողովը, որին մասնակցել են 308 պատվիրակներ մայրաքաղաքից և հանրապետության բոլոր շրջաններից: Համագումարին ներկայացվել է ԱԱՄ վարչության և վերահսկիչ հանձնաժողովի մասին հաշվետվության, ԱԱՄ և վերահսկիչ հանձնաժողովի ընտրության մասին հարցերը: Քննարկված հարցերի վերաբերյալ ներկայացվել է նախագիծ, որի որոշումն ընդունվել է միաձայն: Ընտրվել է 27 անդամից բաղկացած վարչության կազմը, իսկ միության նախագահ է վերընտրվել Սամվել Կարապետյանը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովի մասնակիցներին: «Ուրախ եմ, որ դուք շարունակում եք աչքի լույսի պես պահպանել մարտի դաշտում կոփված եղբայրությունը՝ ինքնակազմակերպվելով և իրար նեցուկ կանգնելով: Արցախը դարձավ մեր նորագույն պատմության Հայոց բերդը, հայ ժողովրդի պատվախնդրության, տոկունության և հաղթանակի խորհրդանիշը: Ուղիղ 30 տարի առաջ արցախցին ոտքի կանգնեց՝ շտկելով իր մեջքը, պահանջեց ազատություն՝ մերժելով իրեն պարտադրված օտար լծի կապանքները»,- նշել է ՀՀ Նախագահը։

Հայոց ցեղասպանության դատապարտում

Պետական այցով Հայաստանում գտնված Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Բուլղարիայի նախագահը տիկնոջ հետ շրջայց կատարեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ Ցեղասպանության մասին վկայող նյութերին, գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում. «Ինձ խորապես անհանգստացնում է այն, որ այդ հայերը և նրանց ընտանիքները, ովքեր պայքարել են ապրելու համար, ստիպված են եղել հանգրվան գտնել այլ երկրներում: Ես հպարտ եմ, որ այդ բարդ ժամանակահատվածում Բուլղարիայում հաստատված և այն իրենց երկրորդ հայրենիք համարող հայերի սերունդները կողք կողքի ապրում են իրենց բուլղարացի համաքաղաքացիների հետ»։

ԱՄՆ Կալիֆորնիայի Սան Դիեգո համալսարանի դիմաց մի խումբ ուսանողներ լուռ ակցիա են անցկացրել՝ բողոքելով այն փաստի դեմ, որ Միացյալ Նահանգները մինչ օրս հրաժարվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Իսրայելի Կնեսետը քննարկել է Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծը, որը ներկայացրել էր «Եշ Աթիդ» իսրայելական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յայիր Լապիդը: Բանաձևին դեմ է քվեարկել 41, կողմ՝ 28 պատգամավոր: «Չկա պատճառ, որի համար Կնեսետը, որը ներկայացնում է Հոլոքոստի միջով անցած մի երկիր, չճանաչի Հայոց ցեղասպանությունն ու դրան նվիրված հիշատակության օր չունենա», – ասել է Լապիդը:
Երկրի փոխարտգործնախարար Ցիպի Հոտովելին նշել է, որ խորհրդարանական պատվիրակություն է ուղարկել Երևան՝ մասնակցելու 100-ամյա տարելիցի միջոցառումներին, սակայն պաշտոնական դիրքորոշում չի ներկայացնի՝ պայմանավորված «դրա բարդությամբ և քաղաքական հետևանքներով, և քանի որ դա հստակ քաղաքական ասոցացում ունի»:

Թուրք պատմաբան Շյուքրյու Ըլըջաքը հայատառ թուրքերենով գրված նամակների ուսումնասիրության արդյունքում ցույց է տվել, որ թուրքական պաշտոնական պատմագրությունը ամենևին էլ չի արտացոլում Օսմանյան կայսրությունում բնակված հայերի վերաբերյալ իրական պատկերը: Նա գիտական ուսումնասիրության է ենթարկել Կեսարիայի հայ  ընտանիքներից Քոջայան ընտանիքի հայատառ թուրքերենով գրված ընտանեկան նամակները:

 

Նիդերլանդներում շրջանառության մեջ դրված Հայոց ցեղասպանության առնչությամբ օրենքների նախագծերը կքննարկվեն մինչև խորհրդարանի գարնանային արձակուրդը: ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը նշել է, նախագծերը խորհրդարանը դեռ չի ընդունել: Փետրվարի 15-ին նախատեսվում էր խորհրդարանում պատգամավորական հարց ու պատասխանի ժամ, որտեղ նորից քննության առարկա պետք է լինեին Հայոց Ցեղասպանությանն առնչվող նախագծերը։

Հայաստան և աշխարհ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը՝ տիկնոջ հետ: Հանրապետության Նախագահի նստավայրում նախագահ Ռումեն Ռադևին և տիկին Դեսիսլավա Ռադևային դիմավորել են Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռումեն Ռադևի առանձնազրույցը: «Ցանկանում եմ շնորհավորել Բուլղարիային Եվրոպական միության խորհրդում նախագահության կապակցությամբ և մաղթել ձեզ հաջողություններ ձեր նախագահության առաջնահերթություններն իրականացնելու գործում: Դա նաև կարևոր է մեզ համար, որովհետև մենք էլ ձգտում ենք մերձենալ Եվրոպական միության հետ: Մեկ անգամ ևս բարի գալուստ Հայաստան»,- ասել է Նախագահ Սարգսյանը: «Մեր երկու երկրների միջև փոխհարաբերությունները պարզապես բարեկամական չեն՝ դրանք, իսկապես, բարեկամական են պատմական առումով: Ինչպես Դուք ասացիք՝ մեր երկու ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն իրենց պատմական ճակատագրի հարցում և նրանք միմյանց նկատմամբ մեծ հարգանք ու սեր են տածում»,- նշել է Բուլղարիայի նախագահը: Բուլղարիայի նախագահի պետական այցի շրջանակներում Նախագահի նստավայրում նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռումեն Ռադևի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված կազմով բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ, որից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Բուլղարիան և Հայաստանն ունեն մեկ ընդհանուր դիրքորոշում Պարսից ծոցը Սև ծովով Եվրոպային միացնող տրանսպորտային բազմամոդալ միջանցքի ստեղծման հարցում: Այս մասին ՀՀ նախագահական նստավայրում հայտարարեց Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը: «Մեր երկրները ռազմավարական նշանակություն ունեն բազմամոդալ միջանցքի ստեղծման հարցում: Ողջունում եմ նախագահ Սերժ Սարգսյանի գաղափարը, որ այս հարցը լինի շահագրգիռ երկրների տրանսպորտի նախարարների ուշադրության կենտրոնում»,- ասաց Բուլղարիայի նախագահը: Ի պատիվ պետական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի և տիկին Դեսիսլավա Ռադևայի՝  Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի անունից տրվել է պետական ճաշ:

 

Մյունխենի անվտանգության համաժողովը նախագահող, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հրավերով աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին: Համաժողովի «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ ՀՀ Նախագահը հանդես է եկել ելույթով: Սերժ Սարգսյանը վստահեցնում է, որ Հայաստանը չի հրաժարվել Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից, այլ Եվրամիությունը չի ցանկացել Հայաստանի հետ ստորագրել համաձայնագիրը: Մյունխենի անվտանգության գագաթնաժողովի ընթացքում ՀՀ Նախագահը շեշտեց, որ Հայաստանը մշտապես բաց և անկեղծ է եղել իր գործընկերների հետ՝ հատկապես կապված ինտեգրացիոն գործընկերների հետ: ՀՀ Նախագահը նշել է, որ սառը պատերազմի տարիներին Հայաստանը երկու հակադիր բևեռներից մեկի սահմանին էր։ Բեռլինի պատի անկումից շուրջ երեսուն տարի անց Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը: Նախագահն ընդգծեց, որ ժամանակն այստեղ կարծես կանգ է առել: «Արդյո՞ք Ադրբեջանն է խոչընդոտում Թուրքիային Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում, ինչպես մեզ շատերը փորձում են համոզել։ Ո՛չ, հիմնական խոչընդոտը Թուրքիայի առաջնորդների քաղաքական կամքի բացակայությունն է: Կարծում եմ՝ պատկերացնում եք, որ հայկական սփյուռքի շատ ու շատ ներկայացուցիչներ այնքան էլ երջանիկ չէին մեր այդ որոշմամբ։ Դա բնական էր, քանի որ նրանք ցեղասպանություն վերապրածների և հայրենազրկման ենթարկվածների ժառանգներն են։ Ես շրջագայեցի ողջ աշխարհով, հանդիպեցի սփյուռքի մեր քույրերի և եղբայրների հետ՝ համայնք առ համայնք, քննարկեցի նրանց հետ չափազանց զգայուն այս խնդիրը։ Արդյո՞ք Թուրքիայի ղեկավարները դրսևորեցին նման քաղաքական կամք, արդյո՞ք նրանք որևէ կերպ տեր կանգնեցին իրենց իսկ ստորագրած փաստաթղթերին։ Մենք չենք կարող առհավետ սպասել Թուրքիայի պատասխան քայլերին»,-ավելացրեց Սերժ Սարգսյանը: Նա նշեց, որ Հայաստանը Սև ծովի և Պարսից ծոցի միջև տարանցիկ միջանցք ձևավորելու հարցով բանակցություններ է վարում բոլոր շահագրգիռ երկրների հետ: «Հուսով ենք, որ հաջողության դեպքում դրա շահառուների ցանկը կլինի ավելի ընդարձակ, քան բանակցային փուլում ներգրավված երկրներն են»,-  ընդգծեց ՀՀ Նախագահը:

Հայաստանը և Ճապոնիան ներդրումների ազատականացման, խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր ստորագրեցին: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին Ճապոնիայի դեսպանությունում ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի` հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման սարքավորումների բարելավման ծրագիր» դրամաշնորհի համաձայնագիրը։ 69,7 մլն  ճապոնական յենի դրամաշնորհով (մոտ 654 հազար ԱՄՆ դոլարին) կլուծվեն «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պեղումների արդյունքում կուտակված հսկայական հնագիտական արժեքների, ճարտարապետական կոթողների՝ լավագույն մեթոդներով վերականգնման խնդիրները, Կենտրոնի հնագիտական վերականգնման լաբորատորիայի համար ձեռք կբերվեն նորագույն սարքավորումներ:

Ներհայաստանյան զարգացումներ

ՀՀ Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է նախորդ հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները, ոլորտում արձանագրված բարեփոխումներն ու դեռևս առկա խնդիրները, ինչպես նաև 2018թ. անելիքները: Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը զեկուցել է Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները, ոլորտում արձանագրված բարեփոխումներն ու դեռևս առկա խնդիրները, ինչպես նաև 2018թ. նախանշված աշխատանքների հիմնական ուղղությունները:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Կոտայքի մարզ` ծանոթանալու 2017թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն` ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: Վարչապետն այցելել է ՀՀ սփյուռքի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ արդարադատության նախարարություն` ծանոթանալու 2017 թվականի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ։ Արմեն Սարգսյանը նշել է, որ նախատեսած հանդիպումներն ավարտել է և դրանց արդյունքում կայացրել իր որոշումը. Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ նախագահի թեկնածու դառնալու առաջարկը։ ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածուն Հանրապետության Նախագահի հետ հանդիպմանը հանգամանորեն ներկայացրել է իր որոշման հիմնավորումները:

 

ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը մտքեր են փոխանակել երկրի տնտեսական զարգացման հեռանկարների, արտաքին տնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման շուրջ:

Երևանի ավագանու՝ 2018թ. առաջին նիստի ընթացքում սկանդալային միջադեպ է գրանցվել: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն իրենց հետ բերել էին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի վնասված կոյուղու ջրից և նիստի ընթացքում բացեցին կեղտաջրով լի սրվակը` հոտը տարածելով նիստերի դահլիճում, ստեղծելով խառնաշփոթ: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները սրվակը բացելուց հետո ավագանու մի քանի անդամների և լրագրողների բաժանեցին պաշտպանիչ դիմակներ: Կեղտաջուրը նիստերի դահլիճում տարածելու նրանց գործողությունները փորձեցին կանխել նիստին ներկաներն ու արձանագրվեց անգամ հրմշտոց: Նիստը ժամանակավորապես ընդմիջվեց: Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Երևան քաղաքի ավագանու 2018թ. փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ՝ նշելով. «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների կողմից թույլ է տրվել ավագանու ինստիտուտը վարկաբեկող, ավագանու նիստի կանոնակարգը միտումնավոր խախտող, ավագանու մյուս անդամների, նիստին ներկա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքները ոտնահարող, հային, երևանցուն և, ընդհանրապես, անթույլատրելի ու բանական մարդուն ոչ վայել, կանխամտածված արարք՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ և ժամանակավորապես խաթարելով ավագանու բնականոն աշխատանքը»: ՀՀԿ-ն անթույլատրելի է համարում  ոչ քաղաքակիրթ ու ոչ կոռեկտ, էթիկայի սահմաններից դուրս ցանկացած արարք և բռնություն, և չի կարող խրախուսել նման պահվածքը։ Անթույլատրելի, ոչ քաղաքակիրթ և էթիկայի սահմաններից  դուրս է որակում  Երևանի ավագանու սկանդալային նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչների պահվածքը։ Շարմազանովն ընդգծեց, որ խնդիրը գտնվում է իրավապահների տիրույթում, և չի ցանկանում որևէ մեկնաբանություն անել՝ բռնություն եղել է, թե չի եղել, որ կողմն է ենթարկել բռնության, կամ որ կողմն է ենթարկվել: «Նուբարաշեն» ՔԿՀ տարածքում կոյուղագծերի վերականգնման աշխատանքները մեկնարկել են, նշեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: «Բավականին տևական ժամանակ առաջ սկսվել է այդ գործընթացը: Ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ և այսօր կեսօրվանից սկսվել են վերակառուցման աշխատանքները»,- ասաց Ղլեչյանը:

Սփյուռք

Ստամբուլի Ֆերիքյոյի հայկական եկեղեցում կիրակնօրյա պատարագի ժամանակ հավատացյալներից մեկն իր բողոքն է հայտնել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դեմ, ում Թուրքիայի իշխանություններն ընդունում են որպես պատրիարքական փոխանորդ: Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ում թուրքական իշխանությունները պաշտոնապես հրաժարվեցին ճանաչել որպես Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ, Թուրքիայից հեռանալուց առաջ հրաժեշտի նամակ է հրապարակել: Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության շուրջ առաջացած ճգնաժամի միակ լուծումն արդար քվեարկության կազմակերպումն ու այդ ճանապարհով 85-րդ պատրիարքի ընտրությունն է: Այս մասին ասաց Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ով կոչ արեց տեղի հայ համայնքին ամենևին չհուսահատվել և չընդունել այն, ինչ պարտադրվում է:

 

Միջազգային խճանկար

Ան-148 մարդատար օդանավը ռադիոտեղորոշիչների տեսադաշտից կորել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո, փետրվարի 11-ի Մոսկվայի ժամանակով 14։27-ի սահմաններում (Երևանի ժամանակով 15։27)։ Այն կատարում էր Մոսկվա-Օրսկ չվերթը։ որ օդանավում գտնվել է 65 ուղևոր և անձնակազմը։ Ընդհանուր առմամբ, օդանավում եղել է 71 մարդ։ Մոսկվայի փետրվարի 11-ի ցերեկը կործանված Ան-148 մարդատար օդանավի հայ զոհերը երկուսն են։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:

83 տարեկան հասակում վախճանվել Է Դանիայի Մարգրետե Երկրորդ թագուհու ամուսինը՝ արքայազն Հենրիկը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դանիայի Թագուհի Մարգրեթ Երկրորդին՝ ամուսնու՝ Արքայազն Հենրիկի մահվան կապակցությամբ:

19-ամյա Նիկոլաս Քրուզին, որն աշակերտների վրա կրակ Է բացել ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցում, կանխամտածված սպանության մեղադրանք են առաջադրել 17 կետով: Երիտասարդին մեղադրանքներ առաջադրելու մասին հայտնել են հարցաքննության արդյունքների հիման վրա: Դրանից հետո Քրուզին տեղափոխել են Բրոուարդի օկրուգի բանտ:

Փարքլենդի Marjory Stoneman Douglas դպրոցում հրաձգության զոհ Է դարձել 17 մարդ: Տեղի երեք հոսպիտալներ Է տեղափոխվել 17 մարդ: Երկու վիրավորներ մահացել են վիրահատական սեղաններին, երեքը գտնվում են ծանր վիճակում: Նախագահ Սերժ Սարգսյանը ցակակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն անդրադարձել է Թուրքիայի և Հունաստանի միջև առկա լարվածությանը, որն առաջացել է Կիպրոսում նավթ արդյունահանելու հույների փորձերին Թուրքիայի կողմից խոչնդոտելու պատճառով:

Ավելի քան 70 մարդ Է հոսպիտալացվել սիբիրախտի բռնկման պատճառով, որ արձանագրվել Է Թուրքիայի Տրապիզոնի նահանգի Աքչաաբաթ բնակավայրում, որը ելք ունի դեպի Սեւ ծով, սիբիրախտի բռնկում Է արձանագրվել: Հոսպիտալացվել Է ավելի քան 70 մարդ, որոնցից երեքի մոտ ախտորոշումը հաստատվել Է լաբորատոր եղանակով:

Նավթի-գազի ճյուղում Ռուսաստանի եւ Սիրիայի համագործակցության ճանապարհային քարտեզը նախատեսում Է արաբական այս երկրում նավթի-գազի հանքավայրերի վերականգնում եւ նորերի շահագործում, ինչպես նաեւ երկրաբանական հետախուզում: լրագրողներին ասել Է ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

Թուրքիայի իշխանություններն ԱՄՆ-ին առաջարկել են իրենց զորակազմերը համատեղ տեղակայել սիրիական Մանբիջում, ինչպես նաեւ հայտարարել են, որ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈւ) քրդական ջոկատները պետք Է Եփրատ գետից հետ քաշվեն դեպի արեւելք: ԱՄՆ-ը քննարկում Է այդ առաջարկությունը, որն արվել Է Պետդեպարտամենտի ղեկավար Ռեքս Թիլերսոնի Անկարա կատարած այցի ընթացքում։ Սիրիայի կառավարությունը եւ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» քրդական կազմավորումները համաձայնության են հասել հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներ տեղաբաշխել Աֆրինի տարածաշրջանում: Թուրք զինվորականները թունավոր նյութեր են կիրառել Սիրիայի Աֆրինի շրջանում, 6 մարդ հոսպիտալացվել է շնչահեղձության նշաններով:

 

Մշակույթ

Լեհ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 85-ամյակին նվիրված փառատոնին կհնչեն մի շարք ստեղծագործություններ, որոնք Հայաստանում դեռ չեն կատարվել: Պենդերեցկու հոբելյանին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց փետրվարի 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Պենդերեցկին իր ներկայությամբ պատվեց փառատոնը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը՝ Էլժբիետա Պենդերեցկային: Անվանի երաժիշտը Հայաստանում է իր 85-ամյակին նվիրված փառատոնի շրջանակներում: Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ մշտապես ուրախ են նրանց հյուրընկալելու Հայաստանում, որտեղ սիրում և ճանաչում են Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա արվեստը:

 

System of a Down ռոք խումբը Սերժ Թանկյանի գլխավորությամբ համերգով հանդես կգա Վրաստանում: Համերգը կայանալու է 2018 թվականի հուլիսի 27-ին՝ Բաթումիում:

Սերժ Թանգյանը և Creative Armenia-ն ներկայացրեցին Սերժ Թանկյանի՝ «7 նոտա» երաժշտական մարտահրավերի հաղթողներին։

Ավստրիացի նշանավոր կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի հանրահայտ ու սիրված ստեղծագործությունները յուրովի մեկնաբանությամբ կատարեց Չինաստանից Հայաստան ժամանած երիտասարդ և խոստումնալից դաշնակահար Հայոու Չժանը: «Չժան Հայոուն նվագում է Մոցարտ» խորագրով համերգային ծրագիրն անցկացվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) նվագակցությամբ:

Սպորտ

Ձյուդոյի Հայաստանի պատանիների հավաքականն ավարտել է ելույթները Եվրոպայի գավաթի խաղարկությունում: 50 կգ քաշային Յուրի Իսրայելյանը դարձել է արծաթե, 55 կգ քաշային Ստյոպա Դարբինյանը`բրոնզե մեդալակիր:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը արտագնա խաղում խոշոր հաշվով (0:3) հաղթեց «Էստերսունդ»-ին: Շվեդական թիմի դեմ խաղի 13-րդ րոպեին Նաչո Մոնրեալի գոլն առաջ մղեց «զինագործներին»: Առաջին կեսի 24-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ «Էստերսունդ»-ի ֆուտբոլիստ Սոտրիոսը: «Զինագորրծները» զարգացրեցին հաջողությունն արդեն երկրորդ կեսում: Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո «Արսենալ»-ի 3-րդ գնդակը խփեց Մեսութ Օզիլը: Ի վերջո, լոնդոնյան ակումբին հաջողվեց գերազանցել մրցակցին 0:3 հաշվով: «Արսենալի» երկրպագուների վարածով ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի «Էստերսունդ»-«Արսենալ» խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը:

Գերմանիայի օլիմպիական հավաքականը գլխավորում է մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Ձմեռային Օլիմպիական խաղերում։ 6-օրյա պայքարից հետո Գերմանիան ունի 9 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ (ընդհանուր 15): Երկրորդ տեղում 6 ոսկե մեդալով Նորվեգիայի հավաքականն է: Նրանք ունեն 8 արծաթե և 5 բրոնզե մեդալ (ընդհանուր 19): Եռյակի վերջում Նիդեռլանդներն են` 6 ոսկե 5 արծաթե և 2 բրոնզե մեդալներով (ընդհանուր 13):

http://armenpress.am/arm/news/923077/

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here