Հայաստանը մերժում է բռնությունը որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց. Աշոտյան

0
221

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մարտի 21-ին ընդունել է Կոլումբիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Խորխե Ալբերտո Բարանտես Ուլլոային: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանն անդրադարձել է հայ-կոլումբիական հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես խորհրդարանական համագործակցության խթանմանը: Այս համատեքստում կարեւորել է միջխորհրդարանական հարթակներում երկխոսության ակտիվացմանն ուղղված աշխատանքների իրականացումը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ չէ երկու երկրների ու ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդման համար եւ Հայաստանը պատրաստ է առավել խոր ու գործընկերային հարաբերությունների զարգացման իբերիկ երկրների հետ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է այս հարցում Կոլումբիայի իշխանությունների աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին եւ ընդգծել, որ հայկական կողմն ակնկալում է Կոլումբիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ զերծ ադրբեջանական ապակառուցողական ազդեցությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությանը:

Արմեն Աշոտյանը կարեւորել է նաեւ երկու երկրների միջեւ մարդկային շփումների աշխուժացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ հանրային դիվանագիտության ակտիվացումը՝ հաշվի առնելով քաղաքակրթական հարցերում ընդհանուր մոտեցումները: Այս առնչությամբ կողմերն ընդգծել են, որ երկու ժողովուրդների միջեւ առկա ջերմ հարաբերությունները լավ հիմք են միջպետական կապերի ամրապնդման համար:

Կողմերն անդրադարձել են նաեւ Կոլումբիայում առկա ներքաղաքական զարգացումներին, ինչի առնչությամբ Արմեն Աշոտյանն ընդգծել է այն հանգամանքը, որ Հայաստանը մերժում է բռնությունը որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց:

http://armenpress.am/arm/news/927104/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here