Սիրիայի խորհրդարանի Հայաստան-Սիրիա բարեկամության խումբն այցելել է Սիրիայում ՀՀ դեսպանություն

0
207

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը մարտի 20-ին ընդունել է ՍԱՀ Ժողովրդական Ժողովի Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին՝ նախագաh Նորա Արիսյանի գլխավորությամբ, և ՍԱՀ ԺԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Բուտրոս Մրջանիին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման ընթացքում Հայաստան-Սիրիա բարեկամության խմբի նախագահ Արիսյանը խմբի անդամների անունից ջերմ շնորհավորանքներ փոխանցեց ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին՝ մաղթելով նրան հաջողություններ իր պաշտոնավարման ընթացքում: ՍԱՀ ԺԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մրջանին իր հերթին շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը՝ սահմանադրական բարեփոխումների հաջող ընթացքի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ դրանք էլ ավելի կամրապնդեն Հայոց պետականությունը:

Իր խոսքում դեսպան Փոլադյանը սիրիացի պատգամավորներին ներկայացրեց նոր սահմանադրության համաձայն ՀՀ քաղաքական համակարգում սպասվող բարեփոխումները և երկրի բարձրաստիճան ղեկավարության լիազորությունները: Դեսպանը հյուրերին համառոտ ներկայացրեց նաև ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին, որպես քաղաքական գործիչ, դիվանագետ և մտավորական՝ վստահեցնելով, որ նոր նախագահի պաշտոնավարումը էլ ավելի կամրապնդի հայ-սիրիական բարեկամությունը:

Այնուհետ դեսպան Փոլադյանն անդրադարձավ հայ-սիրիական հարաբերություններին՝ նշելով, որ Սիրիան առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի հայ ժողովրդի պատմության մեջ, և հայ ազգը մշտապես երախտագիտությամբ է հիշում այն մարդասիրական վերաբերմունքը, որը սիրիացի ժողովուրդը ցուցաբերեց Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայորդիներին:

Հանդիպմանը քննարկվեցին նաև տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր»:

 

http://armenpress.am/arm/news/927140/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here