Մենք Պէտք է Կերտենք Նոր, Երիտասարդ, Ստեղծագործ Հայաստան. Արմէն Սարգսյան

0
181

ՀՀ Ազգային ժողովի յատուկ նիստի ընթացքին երդմամբ Արմէն Սարգսեան ստանձնեց ՀՀ նախագահի լիազօրութիւնները:

Ստորեւ կը ներկայացնենք Արմէն Սարգիսեանի ելոյթը․

Վեհափառ Տէր,
Մեծարգոյ պարոն Նախագահ եւ տիկին Սարգսեան,
Արցախի Հանրապետութեան մեծարգոյ Նախագահ,
Ազգային ժողովի մեծարգոյ նախագահ եւ յարգելի պատգամաւորներ,
Մեծարգոյ վարչապետ, կառավարութեան յարգելի անդամներ,
Ձերդ Գերազանցութիւններ, դիւանագիտական կորպուսի յարգելի ներկայացուցիչներ,
Թանկագին հայրենակիցներ եւ հիւրեր,
Տիկնայք եւ պարոնայք,

Այսօր ինձ համար մեծ պատիւ է ստանձնելու Հայաստանի Հանրապետութեան նախագահի բարձր պաշտօնը: Սա վիթխարի պատասխանատուութիւն է երկրի, ժողովրդի եւ պատմութեան առջեւ:

Այն ինձ մղում է լարել իմ ողջ ուժերն ու եռանդը` արդարացնելու համար այն վստահութիւնը, որ Մարտի 2-ին իմ հանդէպ ցուցաբերեց Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովը: Արդարացնելու համար նաեւ այն յոյսերը, որ ինձ հետ կապում են Հայաստանի հասարակութեան ամենատարբեր շերտերը, մտաւորականներից մինչեւ պարզ քաղաքացիներ, ինչպէս նաեւ Արցախի եւ Սփիւռքի մեր հայրենակիցները, որոնք սրտացաւ եւ ուշադիր հետեւում են Մայր Հայրենիքի ձեռքբերումներին ու մաքառումներին:

Ինձ ուժ է տալիս հաւատը: Հաւատը մեր երկրի եւ ժողովրդի ապագայի հանդէպ,
հաւատը Հայաստանի քաղաքացիների եւ աշխարհով մէկ սփռուած մեր քոյրերի ու եղբայրների տոկունութեան, աշխատասիրութեան ու տաղանդի հանդէպ:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք գտնւում ենք Առաջին Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակի շեմին, եւ անցում կատարում պետական կառավարման նոր` խորհրդարանական համակարգի:
այսինքն, մի կողմից, ունենք հանրապետական կարգերի 100-ամեայ պատմութիւն, միւս կողմից, խորհրդանշական կերպով սկսում ենք նոր էջից:

Մէկ դար առաջ, հայ ժողովրդի ծանրագոյն կորուստներից յետոյ, գերմարդկային ջանքեր եւ սխրանք էր պէտք` փրկելու եւ ապրեցնելու այն փոքրիկ հողակտորը, որը մնացել էր մեր մեծ Հայրենիքից: Ի պատիւ նախորդ սերունդների` թէ՛ Առաջին, թէ՛ Երկրորդ Հանրապետութեան օրօք, մեր ժողովուրդը կարողացաւ ոչ միայն ոտքի կանգնել, ուղղել մէջքը, այլ նաեւ արժանապատիւ կերպով ներկայանալ աշխարհին:

Հէնց դրա շնորհիւ մեզ` մեր ներկայ սերնդին, բախտ վիճակուեց ոչ միայն հռչակել Երրորդ Հանրապետութիւնը, այլեւ կայացնել մեր Հայրենիքի անկախութիւնը:
ամրապնդել մեր ինքնուրոյնութիւնն ու ինքնիշխանութիւնը: Ստեղծել ամուր եւ հզօր բանակ:

Յանուն Արցախի մղած յաղթական ազատամարտը մեզ վերադարձրեց մեր ազգային արժանապատուութիւնը: Այն բարձրացրեց մեր ոգին:

Եւ այսօր, որեւէ մէկը թող չկասկածի, որ Հայաստանը եւ ողջ հայ ժողովուրդը կանգնած է Արցախի թիկունքին ու պայքարելու է նրա արդար իրաւունքների համար.

Երէկ, այսօր եւ վաղը:

Փա՛ռք ու պատիւ՛ մեր ժողովրդին եւ նրա հերոսներին:

Փա՛ռք Հայոց յաղթական բանակին:

Թանկագին բարեկամներ,

Ես մեծապէս գնահատում եմ այն վիթխարի աշխատանքը, որ մեր ժողովրդի տոկունութեան, համբերութեան եւ հերոսութեան շնորհիւ` ու, շատ յաճախ, նաեւ նրա մեծ զրկանքների գնով, վերջին երեք տասնամեակի ընթացքում կատարուել է Հանրապետութեան երեք նախագահների` Լեւոն Տէր Պետրոսեանի, Ռոբերտ Քոչարեանի եւ Սերժ Սարգսեանի ղեկավարութեամբ:

Ժամանակն, ի հարկէ, լիակատար գնահատական կը տայ մեր անցած ուղուն, սակայն այսօր իսկ կարելի է ամենայն անաչառութեամբ եւ վստահութեամբ ասել, որ ԽՍՀՄ փլուզման պայմաններում, Սպիտակի աւերիչ երկրաշարժի, Արցախի գոյամարտի, քայքայուած տնտեսութեան ու շրջափակման պայմաններում, այնուամենայնիւ, մեզ յաջողուել է ստեղծել պետական կուռ համակարգով, բաց հասարակութեան գաղափարով եւ համամարդկային արժէքներով առաջնորդուող երկիր: Երկիր, որն, իրաւամբ վայելում է համաշխարհային հանրութեան յարգանքը եւ վստահելի գործընկերոջ համբաւը: Հակառակ դեռեւս առկայ խնդիրներին, սա պատմական շատ կարեւոր ձեռքբերում է:

Հայաստանի անդամակցութիւնը Եւրասիական տնտեսական միութեանը եւ Եւրոպական միութեան հետ ստորագրուած համապարփակ եւ ընդլայնուած համագործակցութեան համաձայնագիրը երկրի զարգացման համար նոր հեռանկարներ եւ հնարաւորութիւններ են բացում: Իսկ կառավարման խորհրդարանական համակարգը լաւագոյն պայմաններն է ստեղծում դրա համար: Այս առումով ես ուզում եմ արժանին մատուցել Նախագահ Սերժ Սարգսեանի քաղաքական հեռատեսութեանը եւ պետական գործչի ու կազմակերպչի հմտութեանը:

Սիրելի բարեկամներ,

Հայ ժողովրդի հերոսական անցեալն ու փորձը ցոյց են տալիս, որ մեր պատմութիւնն առաւելապէս ոգու պատմութիւն է: Առանց այդ ոգու եւ հաւատի, մենք չէինք կարող խոր հնադարից հասնել այսօր, եւ այդ ընթացքում համաքայլ ընթանալ առաջաւոր մարդկութեան հետ ու մեր նպաստը բերել համաշխարհային առաջընթացին:

Մենք եղել ենք արդի համամարդկային արժէքների ակունքներում` սկսած Հին Հռոմի ու Յունաստանի դասական շրջանից, քրիստոնէութեան ծագումից մինչեւ մեր օրերը:
իրաւամբ կարող ենք հպարտանալ, որ ժառանգներն ենք հազարամեակների ընթացքում Հայկական բարձրաւանդակի վրայ ձեւաւորուած ու կայացած հայկական իւրայատուկ ու ինքնատիպ քաղաքակրթութեան:

Ժամանակային եւ տարածական այդ վիթխարի տիրոյթներում մենք տարբեր ժողովուրդների հետ համերաշխ համակեցութեան անգնահատելի ու անանց փորձ ենք ձեռք բերել:

Մեր ողջ պատմութեամբ մենք ապացուցել ենք, որ արարող, ստեղծագործող, հաշտ ու խաղաղ ժողովուրդ ենք:

Ահա թէ ինչու, Հայաստանը հետեւողականօրէն առաջ է տանում բոլոր հակամարտութիւնները եւ քաղաքական խնդիրները խաղաղ եւ բանակցային ճանապարհով լուծելու քաղաքականութիւնը, Ցեղասպանութիւնները եւ մարդկութեան դէմ գործած այլ յանցագործութիւնները կանխարգելելու քաղաքականութիւնը:

Այն մեծ ողբերգութիւնը, որը հայ ժողովուրդը կրել է 100 տարի առաջ` Մեծ Եղեռնի տարիներին, զգօնութեան դաս պէտք է լինի բոլորի համար:

Ուստի, այսօր Հայոց ցեղասպանութեան ճանաչումը ինքնանպատակ չէ: Մարդկութեան դէմ գործած այդ ահաւոր ոճրի միջազգային ճանաչումը եւ դատապարտումը կարեւոր քայլ է դրա կրկնութիւնը որեւէ տեղ աշխարհում բացառելու նպատակով:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մեր երկրի եւ ողջ ժողովրդի համար առանցքային է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ եւ բանակցային կարգաւորումը: Դրա առաջին երաշխիքը, ի հարկէ, հզօր Հայաստանը եւ ամուր Արցախն են: Իրօք, արդարացի լուծման հասնելու եւ Արցախի ժողովրդի անքակտելի իրաւունքները լաւագոյնս պաշտպանելու համար մենք պէտք է շարունակենք կերտել ամուր, տնտեսապէս զարգացող ծաղկուն եւ հզօր Հայաստան:

Յանուն այդպիսի Հայաստանի` մենք պէտք է ապահովենք մեր քաղաքացու ինքնադրսեւորման համար լաւագոյն միջավայրը: Միասին պէտք է հետեւողական պայքար մղենք պետական համակարգում, հասարակութեան մէջ, մեր շրջապատում առկայ բոլոր բացասական եւ արատաւոր երեւոյթների դէմ: Կոռուպցիայից մինչեւ սոցիալական անարդարութիւն, անտարբերութիւնից մինչեւ անպատասխանատուութիւն: Այս անզիջում եւ արդար պայքարում մեզանից իւրաքանչիւրի դերակատարումը անհրաժեշտ է:

Մենք կը յաջողենք, եթէ ոչ միայն քննադատենք, այլ նաեւ լուծումներ առաջարկենք, եթէ, ջրբաժաններ ստեղծելու փոխարէն, համախմբուենք եւ աշխատենք միասին:

Բարեկամներ,

Յանուն համազգային նպատակների իրականացման` մեր առաջնահերթութիւններից պէտք է լինի Հայաստան-Արցախ-սփիւռք միասնութեան համակողմանի ամրապնդումը եւ նրա ներուժի առաւել արդիւնաւէտ իրացումը:

Մեր ազգային միասնութեան ամենակարեւոր գրաւականն ու յենարանը եկեղեցին է, համաշխարհային ազգային մի կառոյց, որի շուրջ դարեր ի վեր համախմբուել է մեր ողջ ժողովուրդը: Պէտք է անենք հնարաւոր ամէն բան` արհեստական հակասութիւնների վերացման եւ մեր հաւաքականութեան իրական ուժի գիտակցման ուղղութեամբ:
մշակենք համազգային խնդիրների լուծմանը ծառայող արդիւնաւէտ նոր մեխանիզմներ:

Միացեալ օրակարգ, ընդհանուր պատասխանատուութիւն եւ միասնական ջանք: Վստահ եմ` մենք օր առաջ հասնելու ենք այս բանաձեւի ընկալմանը ու կենսագործմանը:

Փոքր երկիր` համաշխարհային ազգ. սա է մեր էութիւնը:

Սիրելի հայրենակիցներ,

Հաւատ, վստահութիւն, արդարութիւն եւ ամենօրեայ բարեխիղճ աշխատանք. այս արժէքներն են, որ կարող են խթանել մեր հասարակութեան ստեղծագործական ուժերն ու եռանդը:
այսօրուայ եւ վաղուայ նկատմամբ հաւատն ու վստահութիւնը, տնտեսութիւնն աշխուժացնելու յստակ տեսլականը եւ դրա շօշափելի արդիւնքները կարող են ոչ միայն խթանել տնտեսական աճը, ներքին եւ արտաքին ներդրումների հոսքը, այլեւ արգելակել արտագաղթը, առաւել` Հայրենիք վերադարձնել մեր հայրենակիցներից շատերին:
սակայն, ինչքան էլ գրաւիչ եւ տեսականօրէն հիմնաւոր լինեն լուսաւոր ապագայի խոստումները, մարդիկ ուզում են իրենց առօրեայում այսօր տեսնել դրանց պտուղները: Եւ նրանք իրաւացի են:

Աշխարհը, ուր ապրում ենք մենք եւ ապրելու են մեր երեխաները, փոփոխւում է շատ արագ, վերածւում մրցակցութեան հսկայական դաշտի: Մենք պէտք է դրան պատրաստ լինենք, ներդրումներ անենք գիտութեան, նոր տեխնոլոգիաների, կրթութեան ու մշակոյթի ոլորտներում: Կապ հաստատենք աշխարհի լաւագոյն գիտական, կրթական եւ հետազօտական կենտրոնների հետ` Արեւմուտքից Արեւելք, Հիւսիսից Հարաւ: Ներգրաւենք նոր գաղափարներ, փոխառնենք լաւագոյն փորձը: Եւ այս ամէնի հիման վրայ ստեղծենք մեր իւրօրինակ լուծումները եւ դրանք առաջարկենք աշխարհին:

Վստահ եմ, որ մենք ի վիճակի ենք Հայաստանը դարձնել գրաւիչ գործընկեր, նոր տեխնոլոգիաների եւ լուծումների կամուրջ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Սա’ է ապագան: Վստահեցնում եմ` Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի մեր երիտասարդներին, որ ես ոչ միայն իբրեւ երկրի Նախագահ, այլեւ այդ բնագաւառում որոշակի փորձառութիւն ունեցող մարդ, միշտ լինելու եմ ձեր կողքին:

Սիրելի հայրենակիցներ,

Մենք ապրում ենք յարափոփոխ աշխարհում` լի բազմաբնոյթ վտանգներով, սպառնալիքներով եւ մարտահրաւէրներով: Սակայն մեզ համար այն լեցուն է նաեւ նոր եւ գրաւիչ հնարաւորութիւններով: Եւ մեզնից է կախուած, կարողանալու՞ ենք, արդեօք, օգտուել այդ պատմական հնարաւորութիւններից: Մեզնից է կախուած, թէ 21-րդ դարում ինչպիսի Հայաստան ենք ուզում կերտել: Հայաստան, որն ընդունակ կը լինի դիմագրաւել դարի մարտահրաւէրներին եւ արժանի տեղ գրաւել առաջաւոր ազգերի շարքում:

Սա, յիրաւի, պատմական հնարաւորութիւն է: 21-րդ դարը մտքի դար է, գիտական թռիչքի դար, եւ դրան համեմատ մենք պէտք է կերտենք նոր` Երիտասարդ Հայաստան:

Դինամիկ, ճկուն եւ ստեղծագործ Հայաստան:

Երկիր, որը կը մարմնաւորի մեր ժողովրդի իմաստութիւնն ու տաղանդը, կը համապատասխանի բոլորիս իղձերին եւ կը դառնայ բոլորիս հպարտութեան եւ ոգեւորութեան աղբիւրը:

Հայրենիք` աշխարհի բոլոր հայերի համար:

Փա՜ռք Հայաստանի Հանրապետութեանը:

Փա՜ռք Արցախին:

Փա՜ռք հայ ժողովրդին:

Աստուած պահապա՛ն բոլորիս:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here