Արմեն Սարգսյանը հայ-ռուսական հարաբերություններում ուշագրավ է համարում ամուր և հուսալի պատմական հիշողությունը

0
112

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները տարբերվում են դաշնակցային ու ռազմավարական բնույթով` իրենց մեջ կրելով դինամիկ քաղաքական երկխոսություն ամենաբարձր մակարդակով, արգասաբեր համագործակցություն տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական և մարդասիրական բնագավառներում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի գործընկերությունը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ բազմակողմ հարթակներում, որոնք, ըստ նախագահի, էականորեն հարստացնում են հայ-ռուսական գործընկերության ամբողջ ներկապնակը: «Վերջին տարիներին մեր երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ մեր եղբայրությունն ու համագործակցությունն աստիճանաբար զարգացել, նոր որակ ու տեմպ են ստացել: Հատկանշական է, որ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա պատմության ընթացքում երկրի ղեկավարների առաջին պետական այցերը կայացել են հատկապես վերջին տասնամյակում»,-ասել է նա:

Արմեն Սարգսյանը այդ հարաբերություններում ուշագրավ է համարել ամուր և հուսալի պատմական հիշողությունը, երբ ժողովուրդներն ուս ուսի տված հաղթահարել են իրենց բաժին հասած դժբախտությունները, դժվարություններն ու փորձությունները: «Այդ ավանդույթները պետք է պահպանենք, հարստացնենք և մշտապես ավելացնենք: Մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք մեր քաղաքացիների, հատկապես երիտասարդության միջև կապերի ընդլայնմանը: Ռուսական ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորությունը, որն արդեն երկու տարի գոյություն ունի, էականորեն հեշտացրել է այդ շփումը»,-նշել է Նախագահը:

Ընդհանուր պատմություն ունենալու համատեքստում Արմեն Սարգսյանը խոսել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի մասին, որի կերտման գործում ահռելի ավանդ է ունեցել հայ ժողովուրդը: Նա հիշեցրել է, որ Հայրենականի ժամանակ կռվել է 600 հազար հայ, որի կեսը` 300 հազարը, չի վերադարձել մարտի դաշտից:

«Հատկապես ուզում եմ ասել երկու նշանավոր հայի անուն, ովքեր անխուսափելիորեն կապված են այդ հաղթանակի հետ` Սովետական Միության կրկնակի հերոս մարշալ Հովհաննես Բաղրամյանն ու ականավոր հետախույզ, Սովետական միության հերոս Գևորգ Վարդանյանը: Մարշալ Բաղրամյանին ինձ բախտ է վիճակվել հանդիպել ուսանողական տարիներիս, երբ հայտնի հրամանատարը այցելել էր Երևանի պետական համալսարան: Գևորգ Վարդանյանի ու նրա կնոջ և ռազմական օգնական տիկին Գոհարի հետ ընկերություն են արել իմ ծնողները հեռավոր 1940-ականներին, երբ ապրել են Իրանում: Մեծապես գնահատում եմ իմ անմոռանալի հանդիպումների հիշողություններն այդ բացառիկ մարդկանց հետ Մոսկվայում և Երևանում: Հիմա, երբ Գևորգ Վարդանյանը չկա, փորձում եմ հաճախ զանգահարել տիկին Գոհարին, իսկ Մոսկվայում լինելիս անպայման այցելում եմ նրան»,-ասել է նախագահը: Արմեն Սարգսյանը կարևորել է երիտասարդների հայրենասիրական դաստիարակության գործում Հայրենական մեծ պատերազմի նվիրյալների դերը: «Ես ու իմ սերունդը շատ բան ենք սովորել նրանցից, և մեր պարտավորությունն է դա փոխանցել երիտասարդությանը»,-եզրափակել է նա:

 

http://armenpress.am/arm/news/929321/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here