Պատգամավորներն առաջարկում են լսումներ հրավիրելու իրավասություն վերապահել նաև ԱԺ նախագահին

0
120

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ առաջարկում են, բացի խմբակցություններից և մշտական հանձնաժողովներից,  խորհրդարանական լսումներ հրավիրելու իրավասություն վերապահել նաև Ազգային ժողովի նախագահին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագիծը: Որոշման նախագծին կողմ քվեարկեց 62, դեմ՝ 31 պատգամավոր: Նախագծով նաև առաջարկվում է սահմանել, որ լսումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներին տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ այդ տեղեկատվությունը հրապարակվում է Ազգային ժողովի ինտերնետային կայքում:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ելք» խմբակցությանպատգամավոր Էդմոն ՄարուքյանըՆա ընդգծեց, որ դեմ են քվեարկելու, քանի որ նախագծով սահմանափակվում է լրագրողների աշխատանքը: Նա շեշտեց, որ իրենք դեմ են առաջարկվող  կարգավորմանը, որ լսումներից հետո դրանց վերաբերյալ արձանագրությունն Ազգային ժողովի ինտերնետային կայքում չի տեղադրվելու:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նույնպես հայտնեց, որ իրենք դեմ են քվեարկելու որոշման նախագծին, քանի որ այն հետընթաց է: Նա նշեց, որ լրատվամիջոցների աշխատանքի հետ կապված ևս հետընթաց կա, ուստի իրենք չեն կարող կողմ լինել:

Որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ Ազգային ժողովի աշխատակարգի 88-րդ, 89-րդ և 90-րդ կետերում խորհրդարանական լսումներ հրավիրողների ցանկից դուրս է մնացել Ազգային ժողովի նախագահը, իսկ լսումներ հրավիրողների կողմից լսումների թեմայի վերաբերյալ գրավոր ելույթները, առաջարկները, եզրակացությունները, տեղեկանքները և լսումների արդյունքներն ամփոփող այլ նյութերը հրապարակելու համար ներկայացնելու իրավասություն ունեցողների ցանկից` խմբակցությունը:

Բացի այդ, լսումների հրավիրման մասին որոշման հրապարակման մասով հիշատակվում է միայն հանձնաժողովը կամ խմբակցությունը՝ այն դեպքում, երբ նման իրավասություն ունի նաև Ազգային ժողովի նախագահը: Մյուս կողմից, քանի որ լսումների մասին որոշումը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ապա լսումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներին տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտությունը բացակայում է:  Լսումներ կարող է հրավիրել նաեւ Ազգային ժողովի նախագահը, իսկ առաջարկությամբ կարող է հանդես գալ նաև խմբակցությունը:

Որոշման նախագծի հեղինակներն են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Հակոբ Բեգլարյանը, Կարինե Աճեմյանը, Ալիկ Սարգսյանը, Մուրադ Մուրադյանը, Ռուզաննա Մուրադյանը:

 

http://armenpress.am/arm/news/929623/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here