Չարաշահումներ Գեղարքունիքում գործազուրկների մասնագիտական ուսուցման ծրագրի ընթացքում. հարուցվել է քրեական գործ

0
101

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մ. Տ.-Ա.» անհատական ձեռնարկությունը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գավառի տարածքային գործակալության իրավասու պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, խաբեությամբ՝ սահմանված կարգով մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցության մոնիթորինգ չիրականացնելու պայմաններում, 2015թ. օգոստոսից հոկտեմբեր կազմել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր: Դրանց օգտագործմամբ զբաղվածության պետական ծրագրի իրականացման շրջանակում մատուցված ծառայությունների դիմաց հափշտակվել է պետական բյուջեի միջոցներից հատկացված և կազմակերպության հաշվեհամարին փոխանցված խոշոր չափերի գումար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող՝ աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման» ծրագրի իրականացման օրինականությունը: Ուսումնասիրության ընթացքում ստացված՝ առերևույթ հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Գավառի բաժին՝ օպերատիվ եղանակով ստուգողական աշխատանքներ իրականացնելու հանձնարարությամբ:

Արդյունքում մարզի Կարմիրգյուղ համայնքի 2 բնակիչներ հաղորդումներ են տվել ՀՀ ոստիկանության Գավառի բաժին այն մասին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող՝ աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման» ծրագրի համաձայն 2015թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում «Մ. Տ.-Ա.» ԱՁ-ում դիզայների (ծաղկի) մասնագիտական ուսուցում չեն անցել և ամսական նախատեսված կրթաթոշակի գումարները չեն ստացել:

Նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված ԱՁ-ն, նախնական համաձայնության է եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գավառի տարածքային գործակալության իրավասու պաշտոնատար անձանց հետ և չունենալով մասնագիտական ուսուցման դասընթացներ կազմակերպելու, ուսուցանված անձանց 50 տոկոսին երեք ամսվա ընթացքում իր մոտ մեկ տարի ժամկետով աշխատանքի տեղավորելու նպատակ, ուսուցում կազմակերպելու պատրվակով  «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2014 թ. սահմանված կարգով պայմանագիր է կնքել լիազոր մարմնի հետ: Դրա հիման վրա 2015թ. օգոստոսից հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում ԱՁ-ն և Գավառի տարածքային գործակալության իրավասու պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, խաբեությամբ՝ սահմանված կարգով մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցության մոնիթորինգ չիրականացնելու պայմաններում, կազմել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր: Դրանց օգտագործմամբ զբաղվածության պետական ծրագրի իրականացման շրջանակում մատուցված ծառայությունների դիմաց հափշտակվել է պետական բյուջեի միջոցներից հատկացված և կազմակերպության հաշվեհամարին փոխանցված խոշոր չափերի գումար:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով խարդախության, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալի կողմից կայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1-րդ և 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու մասին որոշում: Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

 

http://armenpress.am/arm/news/930609/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here