Իշխանությունները պարտավոր են դրսևորել հանդուրժողականություն և զսպվածություն. Շարմազանովը` բողոքի ցույցերի մասին

0
93

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամների հավաքական կարծիքը երկրի ներքաղաքական իրավիճակի և շարունակվող բողոքի ակցիաների ու հանրահավաքների վերաբերյալ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Շարմազանովը նշեց, որ ստեղծված իրավիճակում իշխանությունը պարտավոր է դրսևորել հանդուրժողականություն և զսպվածություն: «Մենք հարգում ենք մեր քաղաքացների` ազատ երթեր և հանրահավաքներ իրականացնելու իրավունքը:  Սա սահմանադրական նորմ է, և որևէ մեկը իրավունք չունի սահմանափակել  օրենքով սահմանված հանրահավաքների օրինական ընթացքը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հավելեց, որ միևնույն ժամանակ իրենք այն կարծիքին են, որ բողոքի ակցիաների կազմակերպիչները պարտավոր են ավելի մեծ ուշադրություն դարձնել ցույցի օրինական ընթացքի շարունակմանը, որպեսզի ցույցի մասնակիցներից որևէ մեկը չիրականացնի ապօրինի գործողություններ: «Դժբախտաբար, եղել են նաև դեպքեր, որտեղ եղել են օրենքի խախտումներ, ինչի մասին իրավապահ մարմինները հստակ հայտարարություններ տարածել են»,- ասաց Շարմազանովը:

Անդրադառնալով ոստիկանության գործողություններին` ԱԺ փոխխոսնակն ընդգծեց, որ իշխանությունը դրական և զուսպ է գնահատում ոստիկանության պրոֆեսիոնալ պահվածքը: «Երեկ ես նշել եմ, որ ճանապարհը մեկն է` քաղաքական երկխոսությունը: Քաղաքական գործընթացները բացառապես պետք է գնան քաղաքական երկխոսության, քաղաքական համերաշխության, քաղաքական դեբատների ճանապարհով: Այլ ճանապարհ չկա: Մաքսիմալիստական, մերժողական ճանապարհները քաղաքական չեն: Մենք գտնում ենք, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն ժողովրդավարության չափանիշմներին համապատասխան` օրենքի և Սահմանադրության գերակայությունից ելնելով»,- շեշտեց Էդուարդ Շարմազանով:

ԱԺ փոխխոսնակն անդրադարձավ նաև լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծի ենթարկելու դեպքին` շեշտելով, որ խստագույնս դատապարտում է լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու և նրանց նկատմամբ բռնության ցանկացած դեպք:

«Մենք մեր երկրում հակառակորդներ և թշնամիներ չունենք, բոլորը մեր քաղաքացիներն են, մեր եղբայրներն ու քույրերն են: Նույնիսկ ցույց անող գործընկերը մեզ համար եղբայր է, ընկեր է, գործընկեր է`անկախ նրանից, թե նա մեզ գործընկեր ու եղբայր է համարում, թե հակառակորդ»:

Եզրափակելով խոսքը` Շարմազանովը նշեց, որ անհրաժեշտ է, որպեսզի այս գործընթացում բոլոր կողմերը պահպանեն ժողովրդավարության կանոնները, օրինականությունը, ցուցաբերեն զսպվածություն և հանդուրժողականություն:

http://armenpress.am/arm/news/930660/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here