Արամ Սարգսյանը Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հրապարակում չի տեսնում

0
134

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հրապարակում չի տեսնում: «Եքը հրապարակում չէ, ելքը և դահլիճում է, և հրապարակում: Եթե երկու տեղում ելք չի գտնվում, խնդիրը գնում է առճակատման»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արամ Սարգսյանը՝ կոչ անելով կրկին երկխոսության և բանակցությունների եզրեր գտնել:

Նա ընդգծում է, որ լինելով Վազգեն Սարգսյանի (ՀՀ պաշտպանության առաջին նախարարը 1991-1992 և 1995-1999 թվականներ, ՀՀ վարչապետ՝ 1999 հունիսի 11-ից հոկտեմբերի 27-ը- խմբ.) եղբայրը՝ չի կարող պետության և պետականության, ինչպես նաև ժողովրդի կողքին չլինել: Նա ցանկանում է խոսել Հայաստանի Հանրապետության շահի տեսանկյունից: Երկխոսությունն, ըստ նրա, այլընտրանք չունի: «Կորսված չի հնարավորությունը, որ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպեն ու երկխոսություն սկսեն»,-ասաց Սարգսյանը:

Նա կարծում է, որ հանրության հետ խոսել, առաջնորդել, հանդարտության կոչեր անել կարող է միայն այդ հանրությանը հրապարակում հավաքող լիդերը, այդ պատճառով կոչ է անում ազատ արձակել ձերբակալվածներին:

Արամ Սարգսյանի համար ընդունելի չեն տեսակետները, թե այն մարդիկ, ովքեր հրապարակ չեն գնում, ընդդիմադիր չեն: Նա կարծում է, որ շատ մարդիկ չեն գնում հրապարակ հենց նրա համար, որ այդ տարբերակումը դնում են՝ «կամ ինձ հետ ես, կամ նրա հետ ես»: «Մարդը կարող է ազատ, անկախ, պաշտպանված Հայաստան ուզել, բայց մոտեցումներն ու ճանապարհներն այլ կերպ տեսնել»,-նկատեց նա:

Ապրիլի 22-ին կայացավ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, ընդհանուր հայտարարի գալ չհաջողվեց: Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո իր կողմնակիցներին կոչ արեց շարունակել քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունները` հայտարարելով, որ ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան, սակայն Էրեբունիում ոստիկանության տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո փորձեց ցույցը ցրել այդ հատվածից: ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության կատարումը կանխելու նպատակով Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ, ձերբակալվել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը:

 

 

http://armenpress.am/arm/news/931016/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here