Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին, հանդիպումը տևեց մի քանի րոպե

0
105

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տևեց մի քանի րոպե:

Նախատեսվածի նման կողմերը ժամը 10:00-ին եկել էին «Արմենիա Մարիոթ» հյուրանոց: Հանդիպումը կազմակերպվել էր լրագրողների ներկայությամբ:

«Ուրախ ենք, որ արձագանքեցիք խոսելու իմ բազմաթիվ կոչերին: Թեև ես լավ չեմ պատկերացնում, թե տասնյակ լրագրողների ներկայությամբ ինչքան կարող ենք բանակցել, այդուհանդերձ ուրախ եմ»,- այս խոսքերով հանդիպումը սկսեց ՀՀ վարչապետ Սարգսյանը:

Ի պատասխան նրա՝ Փաշինյանը նշեց, որ այստեղ թերևս կա թյուրըմբռնում, քանի որ նա չի եկել երկխոսության, այլ եկել է քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ փոխանցման հարցը:

«Դա բանակցություն չի, դա երկխոսություն չի: Դա ուղղակի ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին: Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք չեք քաղել դասեր մարտի 1-ից:  Եվ եթե պետք է խոսել այդ տոնով, ապա ինձ մնում է միայն ևս մեկ անգամ խորհուրդ տալ, որ գաք օրինական դաշտ և ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում ողջ պատասխանատվությունը ձեր վրա է»,- հայտարարեց Սարգսյանը:

Փաշինյանը հստակեցրեց, որ որևէ մեկը չի համարձակվել ու չի կարող համարձակվել խոսել սպառնալիքների լեզվով: Նա նշեց, թե իրավիճակը Հայաստանում արդեն փոխվել է, իշխանությունն անցել է ժողովրդի ձեռքը:

«7-8 տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու ժողովրդի անունից: Եվ ես այլևս ցանկություն չունեմ ձեզ հետ շարունակելու խոսակցությունը: Եթե դուք պետության օրինական պահանջը չեք ընդունում, ցտեսություն»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը: Ոտքի ելնելով՝ նա դիմեց լրագրողներին՝ ասելով. «Պարոնայք լրագրողներ, դուք ինքներդ կարող եք հետևություն անել»,- և հեռացավ հյուրանոցից:

http://armenpress.am/arm/news/930942/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here