Ճանչնանք մեր արժէքները

0
245

 

Թէ մարտում ընկնեմ

                                                  Կնոջս՝ Սիրուշին

Թե մարտում ընկնեմ, տխուր մի՛ մնայ,
Անսէր մի՛ մնայ, սիրի՛ր դու մէկին․
Թող ջահել սիրտդ սիրով արբենայ,
Ափսոս է վարդը թոշնի գարունքին։

Ես հող կը դառնամ դաշտում սիզաւէտ,
Կը  դառնամ ծաղիկ, անուշ կը բուրեմ,
Դու ե՛կ ինձ այցի նոր սիրածիդ հետ,
Քաղի՛ր ինձ, որ քո ձեռքը համբուրեմ։

Համբոյրով վերջին կարօտս առնեմ,
Իսկ դու իմ անուշ բոյրով արբենաս,
Ու քո ձեռքի մեջ թող ես թառամեմ,
Ա՛խ, կ’ուզեմ դու միշտ անթառամ մնաս։

Դերենիկ Չարխչեան

 

Չարխչեան, ինչպէս ինք կը նախազգար, իրօք ալ զոհուեցաւ 1943-ին՝ հէնց  «մարտում», 27 տարեկանին: Ան ծնած էր 1916-ին: Որքան գիտենք, ուրիշ գործ չէ ձգած իր ետին: Կնոջ՝ Սիրուշին մասին որեւէ յիշատակութիւն ծանօթ չէ մեզի, ուրեմն՝ չենք գիտեր, թէ  ճիշդ  ի՛նչ վերապահեց բախտը անոր:

Այս քերթուածը առաջին անգամ Պօղոս Սնապեանը ծանօթացուց արեւմտահայութեան՝ հրատարակելով զայն «Բագին»-ի 60-ական թուականներու թիւերէն մէկուն մէջ: Այնուհետեւ շատ գնահատուեցաւ ան, որդեգրուեցաւ մեր ասմունքողներէն եւ ատեն մը կազմեց մեր բեմերուն մնայուն զարդը:

 

*      *

*

 

Լեռ Կամսարի  Օրագրութենէն

  1. Ամուսնական սիստեմի մէջ միակնութիւնը մի անգործնական բծախնդրութիւն է։ Լաւ է, որ մարդիկ են ու չեն գործադրում կեանքում։ Այնպէս, ինչպէս քրիստոնէութիւնը։ Այլապէս ի՞նչ է նշանակում։ Ճամբորդութեանս ժամանակ յանկարծ կնոջ կարիք եմ զգում։ Որպէսզի «հաւատարիմ ամուսին» կոչուեմ, պիտի կտրածս ահագին ճանապարհով ետ վերադառնամ իմ սեփական կնկանս մօտ՝ այդ այն ժամանակ, երբ մինչեւ տուն հասնելս տասը ուրիշ կանայք կարող են իմ պահանջը բաւարարել։ Ի՞նչ է նշանակում սեփական կին։ Ես, որ բնաւորութեամբ սեփականութեան սաստիկ սիրահար եմ,   կանանց հարցում կոմունիստ եմ եւ սիրում

եմ ուրիշի կանանց: Կարօտել ըստ կարողութեան, բաւարարուել ըստ պահանջի: Իսկ իմ պահանջը այնքան մեծ է, որ մի օրինական կին երբեք չի բաւարարի:

  1. Կնոջս մասին հաստատ տեղեկութիւն ունեմ, որ նա ինտիմ կապ ունի մեր հարեւան Գրիգորի հետ։ Բոլոր յարմարութիւնն ունեմ այս գիշեր կնոջս հետ «Օթելլօ » խաղալու, բայց չեմ խաղում։ Նախ այն պատճառով, որ մէջս ուժ չի մնացել այդ ծանրամարմին կնոջը վերցնել եւ օդի մէջ ֆռռացնել, երկրորդն էլ՝ ես բարոյականութեան մասին այլ կարծիքի եմ։

Ես հետեւում եմ բնական բարոյականութեանը եւ բնաւ յանցանք չեմ համարում նրա գործը ։Իմ կարծիքով՝ իմ տարիքի մարդիկ  պէտք է ազատութիւն տան իրենց կանանց։ Բոլոր այգետէրերն իրենց այգիները կթելուց յետոյ, ուշ աշնանը, այգու դռները բաց թողած քաշւում են տները եւ ազատ իրաւունք են վերապահում ճռաքաղ անողներին։ Ճռաքաղը սովորութական իրաւունքով սրբագործուած օրէնք է։ Ինչո՞ւ արգելել այն մարդկանց, որոնք կամենում են հարեւանի այգու պտուղը համտես անել։ Կինն այս տարիքում ուժասպառ ձի է այլեւս, որի սանձերը քաշելն աւելորդ է. նա հեռուներ չի գնայ…

 

 

 

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here