Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների ոգեկոչման արարողութիւնները Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

0
208

Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանների ուղեկցութեամբ այցելեց Ծիծեռնակաբերդի յուշահամալիր, որտեղ, նախագահութեամբ Վեհափառ Հայրապետի եւ ներկայութեամբ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի, Արցախի Հանրապետութեան նախագահ Բակոյ Սահակեանի, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյեանի, ՀՀ վարչապետի պաշտօնակատար Կարէն Կարապետեանի կատարուեց Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների բարեխօսական կարգ:

Նոյն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցուեց Սուրբ եւ Անմահ Պատարագ։ Այս առիթով հաւատացելոց խոնարհումի համար դուրս էր բերուել սուրբ նահատակաց մասունքարանը:

Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Առէն վարդապետ Շահէնեանը: Սրբազան արարողութեան ընթացքում Հոգեշնորհ Հայր Սուրբը, անդրադարձաւ օրուայ խորհրդին` մասնաւորաբար նշելով. «Հայ ժողովուրդն աշխարհի երեսի վրայ այն ժողովուրդներից է, որ ենթարկուել է ցեղասպանութեան եւ բնաջնջումի` ապրելով չարիքը անթիւ կոտորածների եւ մարդասպանութեան: Գարնանային այս գեղեցիկ օրերին, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, ուր բնութիւնը նոր կեանքով բուրում, մենք դարձեալ համախմբուել ենք մեր նահատակների յիշատակը ոգեկոչելու: Հայրուրերեքերորդ տարելիցն է 2018 թուականն ազգաբնակչութեան այդ կոտորածների եւ սպանութեան, սակայն, որպէս քրիստոնեաներ, ովքեր հաւատարիմ են մեր Տէր Յիսուս Քրիստոսի հաւատքին, մենք հաւատում ենք, որ մեր նահատակները հարուցեալ են ի Քրիստոս, որովհետեւ Տէրն ասաց. «Եւ մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մատթ. Ժ 28):

…Ինչքան էլ վայրագ եղան ամբողջ պատմութեան ընթացքում մեր ազգի դէմ գործուած վճիռները, ինչքան էլ չարն ու չարիքը ուզեցին ոչնչացնել մեր ազգը, մեր Եկեղեցին, հայ ժողովուրդը մեր Տէր Յիսուսի Քրիստոսի հարուցեալ կեանքով, հարուցեալ լոյսի հաւատքը ունենալով, գերեզման չիջաւ, որովհետեւ մեր կեանքը հարուցեալ մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի, կեանքով արդէն իսկ լեցուն էր:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, մենք այսօր մխիթարուած ենք, որովհետեւ մեր նահատակները արժանացան սրբադասման, երկնաւոր սրբերի թագերին եւ այսօր երկնքում մեզ համար բարեխօսներ են»:

Հայր Առէնն ընդգծեց, որ հայ ժողովուրդը պէտք է այսօր շարունակի յիշել իր նահատակներին եւ պահանջել, որպէսզի նման չարիք` ցեղասպանութիւն, տեղ չգտնի ոչ մի ազգի կեանքում:

Սուրբ Պատարագի աւարտին Մայր Տաճարի շրջափակում` Աղօթքի եւ ուխտի խաչքարի առջեւ, հանդիսապետութեամբ Նորին Սրբութիւն Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարուեց բարեխօսական կարգ:

Արարողութեանը ներկայ էին Մայր Աթոռի միաբաններ, Մայր Աթոռի բարերարներ Գաբրիէլ Չեմբերջեանը եւ Սարգիս Պետոյեանը, ինչպէս նաեւ Մարսելի համազգային դպրոցի եւ Փարիզի դպրոցասէր միութեան վարժարանի աշակերտները:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here