Հայոց Ցեղասպանութեան Փաստագրումը Օսմանեան «Ալեմդար» Օրաթերթում (1919թ.)

0
282

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ

Հայոց Ցեղասպանութեան փաստագրման առումով առանձնայատուկ կարեւորւում են օսմանեան աղբիւրները, որոնց շարքում նշանակալի տեղ է գրաւում տուեալ ժամանակաշրջանի օսմանատառ (արաբատառ թուրքերէնով հրատարակուող) մամուլը*:

Առաջին Աշխարհամարտում Թուրքիայի կրած պարտութիւնից յետոյ, պատերազմական տարիներին հարկադրեալ լռութիւն պահպանած օսմանեան մամուլը սկսեց ակտիւօրէն քննարկել հայոց տեղահանութիւնը, կոտորածները, դրանց կապակցութեամբ յարուցուած դատական գործերը, դատավարութիւնների ընթացքը եւ այլ յարակից խնդիրներ, որոնք նաեւ սուր վիճաբանութիւնների առիթ դարձան տարբեր օսմանեան պարբերականների միջեւ:

Հայոց Ցեղասպանութեան խնդրի հանդէպ մեծ հետաքրքրութիւն էր ցուցաբերում յատկապէս «Ալեմդար» («Դրօշակակիր») օրաթերթը:

«Ալեմդար»ը հրատարակուել է Ստամբուլում 1912-1921 թուականներին: Օրաթերթի պատասխանատու խմբագիրն էր Ռեֆի Ջեւադ Ուլունայը, իսկ տնօրէնը՝ Ահմեդ (Փեհլիւան) Քադրին: Հրատարակուել է նաեւ «Թաքվիմլի Գազեթէ» («Օրացոյց Օրաթերթ») եւ «Թեշրիհ» («Մեկնաբանում») անուանումներով: Օրաթերթի՝ 1918-1921 թուականներին տպագրուած եզակի համարները պահպանւում են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի գրադարանում:

1919թ. սոյն օրաթերթում տպագրուած՝ հայոց կոտորածներին վերաբերող յօդուածների մէջ առանձնայատուկ յիշատակութեան է արժանի օրաթերթի գլխաւոր խմբագիր Ռեֆի Ջեւադ Ուլունայի յօդուածաշարը:

«Ալեմդար» օրաթերթի գլխաւոր խմբագիրը հայոց տեղահանութեանն ու կոտորածներին, ինչպէս նաեւ դրանց վերաբերեալ յարուցուած դատական գործերին անդրադարձող իր առաջնորդող յօդուածներում յատկապէս շեշտում էր երիտթուրքերի դատաքննութիւններն արագ իրականացնելու եւ յանցագործներին անմիջապէս պատժելու անհրաժեշտութիւնը:

1919թ. Փետրուարի 14ին տպագրուած «Տեղահանութեան Եւ Կոտորածների Կապակցութեամբ» վերնագրով յօդուածում նա իր մտահոգութիւնն էր արտայայտում այն փաստի կապակցութեամբ, որ Օսմանեան պետութիւնը հայոց կոտորածների դատաքննութիւններն իրականացնում էր հարկադրուած, եւ որ դատավարութիւնների շարժառիթ էր ծառայել ոչ թէ արդարութեան վերականգնումը, այլ՝ ընդամէնը Եւրոպայի առջեւ արդարադատ երեւալու ցանկութիւնը. «Երկիրը, կամայ թէ ակամայ, մի քայլ կատարեց դէպի արդարադատութիւն: Այն, ցաւօք, կոչում ենք հարկադիր քայլ, քանզի, չգիտես թէ ինչո՛ւ, մեր երկրում բոլոր իրաւական, տնտեսական եւ հասարակական միջոցառումների համար որեւէ ազդեցիկ շարժիչ ուժի կարիք է զգացւում, այլ կերպ չենք կարողանում»։

Նոյն յօդուածում Ռեֆի Ջեւադն ընդգծում էր հայոց կոտորածների զանգուածային բնոյթը. «Կառավարութիւնը, տեղահանութեան եւ կոտորածների խնդրոյ կապակցութեամբ, դատարանին յանձնեց երեքից-հինգ հոգու: Միթէ՞ խնդիրն այդքանով աւարտւում է: Ինչպէ՞ս կարելի է տեղահանութիւնն ու կոտորածները սահմանափակել նման շրջանակում»:

«Ալեմդար»ի խմբագիրն իր յօդուածներում նաեւ արագ գործելու կոչ էր անում հայոց կոտորածները քննող Ստամբուլի ռազմական արտակարգ ատեանին: Վերոյիշեալ յօդուածում Ռեֆի Ջեւադը գրում էր. «Ներկայում ընթացող դատավարութիւնը շատ ծանրաքայլ է առաջ գնում… Այդ մարդիկ (իթթիհադականները-Մ. Ա.) արտակարգ արագութեամբ գործեցին: Ինչո՞ւ նոյնպիսի արագութիւն չի ցուցաբերւում արդարադատութեան իրականացման դէպքում։ …Տեղահանութեան եւ կոտորածների խնդրոյ շրջանակը շատ լայն է. այդ ծաւալը լցնենք ոչ թէ ժամանակով, այլ՝ արդարադատութեամբ, արագութեամբ եւ գործողութիւններով»:

«Ալեմդար»ի խմբագիրը նոյն հարցերին էր անդրադառնում նաեւ 1919թ. Փետրուարի 20ին հրապարակուած «Ինչպիսի՞ն Են Եղել Ուղեկառքի Ձիերը» յօդուածում. «Մահմուդ Հայրեթ փաշայի նախագահութեամբ ռազմական արտակարգ ատեանում ընթացող տեղահանութեան եւ կոտորածների դատաքննութիւնը հետզհետէ հետաքրքիր փուլ է մտնում: Դատավարութեանը համընթաց՝ կամաց-կամաց բացայայտւում են խնդրի տագնապայարոյց կողմերը: Միայն թէ, այդ դանդաղ ընթացքը չի համապատասխանում անյապաղ որոշում կայացնելու անհրաժեշտութեանը: Երէկուայ դատավարութիւնը թուով եօթերորդն էր: Եթէ դատաքննութիւնը շարունակուի նոյն ընթացքով, ապա չենք կարծում, թէ գործը վերջնական արդիւնքի յանգի մեզ ցանկալի ժամանակահատուածում»:

Միեւնոյն յօդուածում Ռեֆի Ջեւադը շեշտում էր այն հանգամանքը, որ Եոզղատի դատավարութեան մեղադրեալներից Եոզղատի կառավարչի տեղակալ, Բողազլըյեանի գաւառապետ Մեհմեդ Քեմալը, ոճրագործ լինելով հանդերձ, ընդամէնը մի գործիք էր եղել Հայոց Ցեղասպանութեան հեղինակների՝ գլխաւոր պատասխանատուների ձեռքում, իսկ վերջիններս ոչ միայն դեռ չեն պատժուել, այլեւ նոյնիսկ չեն էլ կալանաւորուել. «Ո՞վ է Քեմալ բէյը. եթէ ճշմարտութիւնը որոնելու լինենք, այն բաղկացած կը լինի մի արիւնոտ կացնից: Արդարադատութիւնը պէտք է կտրի այդ կացինը գործել տուած ձեռքը, իսկ այդ ձեռքերը, այդ ուղեղները դեռ ազատ շրջում են մեր մէջ»:

Նոյն այդ յօդուածում Ջեւադը գրում էր. «Մեր առաջին իսկ հրապարակումներում ընդգծում էինք, որ կառավարութեանը (երիտթուրքերի-Մ. Ա.) պատժելու համար կարիք չկայ հետաքննութեան: Ոճրագործութիւնը յայտնի է, պատիժն էլ՝ պատրաստ: Խնդիրը պատժի արագ կիրառման մէջ է:

…Մահմուդ Շեֆքեթ փաշայի սպանութեան հեղինակների դատաքննութիւնը սահմանափակուեց մէկ նիստով: Մենք դեռ զբաղուած ենք Քեմալի յանցաւորութիւնը հաստատող վկաների փնտռտուքով: Հասկացանք, ամբողջ աշխարհն էլ համոզուեց, որ այդ մարդը կատարել է տուեալ ոճիրները: Ուրի՞շ ինչ ենք որոնում: Ինչո՞ւ խնդրին ժամ առաջ վերջ չենք տալիս: Տեղահանութեան եւ կոտորածների դէպքերը իթթիհադականների հեղինակած ամենազազրելի, մինչ այժմ չլսուած իրադարձութիւններն են: Պատգամաւորների պալատում մէկը բղաւում էր, թէ այդ ազգին (հայերին-Մ. Ա.) կործանել է տալու մինչեւ վերջին շունչը: Նա, մեղքեր գործելուց դեռ չկշտացած, ազատ շրջում է: Եթէ այս դատուողները փաստացի մարդասպաններ են, ապա իրական մարդասպաններն այստեղ են. թանձրուկներով լի վայրի ուղեղները գտնւում են մեր շրջապատում: Ինչո՞ւ են նրանց նորանոր աղէտներ նախապատրաստելու հնարաւորութիւն տալիս,- հարցնում է մտաւորականը եւ ապա շարունակում,- տեղահանութեան եւ կոտորածների հարցը հին չէ, խնդիրն անչափ պարզ է. Միութիւն եւ առաջադիմութիւն աւազակախումբը հրամայեց՝ հպատակներին ոչնչացրեց: Ոմանց կախեց, ոմանց կոտորեց, ոմանց էլ այրեց: Այս հրամանը յղացած ուղեղը, տուած բերանը, գործադրած ձեռքը՝ բոլորն էլ գտնւում են դատարանի առաջ: Դրա համար բոլորովին էլ անհրաժեշտութիւն չկայ մի շարք անիմաստ հարցերի եւ մանրակրկիտ հետաքննութիւնների»:

Ռեֆի Ջեւադը, նոյն յօդուածում անդրադառնալով դատարանի՝ խնդիրը ձգձգելու ցանկութեանը, գրում էր հետեւեալը. «Նախանցեալ օրը տեղի ունեցած դատական նիստի ընթացքում ականատես եղանք (դատարանի նախագահի-Մ. Ա.) տեղակալներից մէկի տուած տարօրինակ հարցին: Հետաքրքրւում էր, թէ ի՛նչ գոյն, ի՛նչ ձեւ ունէին Քեմալի նստած ուղեկառքի ձիերը: Այդ հարցին պատասխան կը տանք մենք.

– Ուղեկառքի ձիերը վիշապի տեսք ունէին, իսկ դրանց գոյնը՝ արեան:

Եթէ դատարանը դա չարձանագրի, կ՛արձանագրի պատմութիւնը»:

«Ալեմդար»ի գլխաւոր խմբագիրը նոյն խնդիրներին էր անդրադառնում նաեւ 1919թ. Մարտի 28ի համարում տպագրուած «Տեղահանութեան Եւ Կոտորածների Դատավարութիւնները» յօդուածում:

Ռեֆի Ջեւադը, տեղահանութեան եւ կոտորածների դատաքննութիւնները շրջան առ շրջան իրականացնելն անարդիւնաւէտ գտնելով, առաջարկում էր խնդրի լուծման իր տարբերակը. «Տեսնում ենք, որ Եոզղատի տեղահանութեան եւ կոտորածների դատավարութիւնն աւարտուելու վրայ է: Սկսուել է նաեւ Տրապիզոնի տեղահանութեան եւ կոտորածների դատական գործի քննութիւնը: Եոզղատի դատը բաւականին երկար տեւեց: Կարծում էինք, թէ տեղահանութեան դատավարութիւնը չափազանց յուզումնալից էր անցնելու, մինչդեռ այդպէս չեղաւ: Դատավարութիւնը Սանդըքբուրնուում հարբելուց յետոյ միմեանց ծեծած երկու հարբեցողի դատաքննութեան նման՝ սովորական ընթացք ունեցաւ: Դրա պատճառներից մէկն էլ այն է, որ Համաշխարհային պատերազմը մարդկանց վարժեցրել է արեան: Յիրաւի, վերջին տարիներին մահուանն այնքան ենք ընտելացել, որ նման որեւէ տեսարանի ականատես լինելիս, էլ առաջուայ պէս չենք սարսափում։ …եթէ դատավարութիւններն այս կերպ շարունակուելու լինեն, ապա անկախ նրանից, թէ դատարանի նախագահը որքանով է արագ գործում կամ որքանով է խորանում, թէ ինչպիսին են եղել ուղեկառքի ձիերը, շատ հաւանական է, որ տարիներով չկարողանայ յաղթահարել իր առջեւ դրուած խնդիրը:

Դատավարութեան՝ Եոզղատին վերաբերող հատուածն աւարտուելու է, ապա սկսուելու է Տրապիզոնի խնդիրը, այնուհետեւ՝ Դիարբեքիրը եւ այլն, եւ այլն:

Քանի որ տեղահանութիւն եւ կոտորածներ եղել են Օսմանեան կայսրութեան բազմաթիւ վիլայեթներում, դե՜հ պատկերացրէք՝ երբ կ’աւարտուեն դրանք ամբողջութեամբ:

Այդ դէպքում անհրաժեշտ է որեւէ բանական, օրինական եւ տրամաբանական ելք գտնել: Այդ ելքը կայ: Աւելի ճիշդ, այն ընկալում ենք ոչ թէ որպէս ելք, այլ միակ օրինական ճանապարհը, որին մինչեւ այժմ էլ պէտք է հետեւած լինէինք: Տեղահանութիւններն ու կոտորածները կրում են համընդհանուր բնոյթ: Ճիշդ չենք համարում այն որպէս քաղհայց ընկալելը:

Եթէ ռազմական ատեանը, գործը երկարացնելով, յոյս ունի մի ամբողջ շարք գաղտնիքներ բացայայտել, ապա այդ տեսակէտը եւս քննադատութեան չի դիմանում, քանզի տեղահանութիւնն ու կոտորածներն այն յանցագործութիւններն են, որոնք ե՛ւ յայտնի են, ե՛ւ հաստատուած, ե՛ւ ապացուցուած: Այդ պատճառով առանձին-առանձին հետաքննութիւններն անհրաժեշտ չենք գտնում: Պէտք է կազմակերպել մի դատավարութիւն, որը կը լինի հասարակական հայցի հիման վրայ: Խնդիրը պէտք է լուծուի ընդհանուր դատավճռով»:

 

Ռեֆի Ջեւադն իր յօդուածներում շեշտում էր նաեւ կոտորածների խնդրում բոլոր իթթիհադականների՝ մեղքի բաժին ունենալու հանգամանքը, այդ թւում եւ նրանց, ովքեր, տեղեակ լինելով հանդերձ, չեն միջամտել. «Աւազակախմբից (նկատի ունի Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեանը-Մ. Ա.) շատ քիչ թուով մարդ ենք ճանաչում, որ տեղահանութեան եւ կոտորածների խնդրում չունենայ իր մեղքի բաժինը: Այդ ոճիրները գործողները մեղաւոր են, դրանց գործիք եղողներն էլ են մեղաւոր, լռութիւն պահպանողները՝ նոյնպէս: Տեղահանութիւնը եւ կոտորածները Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան երբեւէ խաղացած ամենաահասարսուռ ողբերգութիւնն էր: Անհնար է երկրի անունից չտխրել, մարդկութեան անունից այն չատել: Լռութիւն, սպանիչ կերպով լռութիւն պահպանելը միթէ՞ նոյնպիսի ոճիր չէ, որպիսին կոտորելն է: Նոյնիսկ տեղին չէ հարցնել, թէ դրանց դէմ ի՛նչ կարելի էր ձեռնարկել, քանզի աւելի հեշտ կը լինէր հրաժարուել, քան սեփական համոզմունքներին հակառակ գործել: Եթէ այդ վճռական, այդ հաստատակամ քայլը կատարած լինէինք, երկիրն այս օրին չէր հասնի»:

Յօդուածի վերջում Ռեֆի Ջեւադը կրկին արագ գործելաոճ էր պահանջում դատարանից եւ մէկ անգամ եւս ընդգծում յանցագործութիւնների՝ ակնյայտ լինելու հանգամանքը. «Եթէ ռազմական արտակարգ ատեանը քննի տեղահանութեան եւ կոտորածների խնդրին առնչուող բոլոր մանրամասները, ապա կրկնում ենք՝ տարիներ կը պահանջուեն այս գործի հանգուցալուծման համար։

…Չգիտեմ՝ որքանով է անհրաժեշտ ժամանակ ծախսել արդէն իսկ ապացուցուած ոճրագործութիւնների մանրամասն հետաքննութեան վրայ»:

«Ալեմդար»ի պատասխանատու խմբագիրը 1919թ. Ապրիլի 9ի համարում տպագրուած «Ի Պատասխան Մի Պաշտպանութեան» վերնագրով յօդուածում ընդգծում էր հայոց կոտորածների կանխամտածուած բնոյթը, մտայղացողի եւ կատարողի միասնական լինելը. «Ենթադրենք՝ որեւէ մէկը յանցագործութիւն է կատարել: Բնականաբար, չենք կարող այդ ոճրագործութիւնը նիւթած ուղեղն ու ի կատար ածած ձեռքը միմեանցից բաժանել: Դա ո՛չ օրէնքը թոյլ կը տայ, ո՛չ էլ բանականութիւնը: Եթէ Բեհաեդդին Շաքիրը, ողբերգութիւններ յղացած ուղեղն էր, ապա Քեմալ բէյն ու իր յանցակիցները այդ ուղեղի չարագործութիւնները նախապատրաստող ձեռքերն էին: Օրէնքը ձեռքն էլ է կտրում, ուղեղն էլ՝ հանգցնում: Հիմա անդրադառնանք դատարանին: Տուեալ խնդրում դատարանը չկատարեց արտակարգ ատեանի՝ իրեն վերապահուած դերը: Տասնինը նիստում դատաքննուեցին երեք մեղադրեալ: Դատավճիռն էլ դեռ չի կայացուել: Այդ դէպքում ի՞նչ իմաստ ունէր ռազմական արտակարգ ատեաններ կազմել: Եթէ արագ չէին գործելու, ապա այդ առաջադրանքը նոյն յաջողութեամբ սովորական դատարաններն էլ կարող էին կատարել»:

Ռեֆի Ջեւադը «Ալեմդար»ի՝ 1919 թ. Մարտի 23ի համարում հրապարակուած «Ջեւահիրջեան Էֆենդու Խօսքերը» յօդուածում պատերազմի տարիներին օսմանեան դատարանների՝ անմեղ հայերին դատելու եւ դատապարտելու օրինակներ էր բերում. «Երբ գտնւում էինք Չորումում, ծանօթացանք մեր հայ հայրենակիցներից մէկի հետ, որը ցմահ բանտարկութեան դատապարտուելուց յետոյ աքսորուել էր այնտեղ եւ մի կերպ էր օձիքն ազատել մահից: Պետրոս Փափազեան անունը կրող այդ մարդու մօտ նոտաներ էին յայտնաբերել: Բուրսայի դատարանը, ոչ թէ յանցագործութեան համար պատիժ, այլ պատժի համար յանցագործութիւն որոնելով, նոտայի բովանդակութիւնը որակել էր որպէս հայկական քայլերգ: Երբ Պետրոս էֆենդուն դատարանում հարցաքննում էին նոտաների առնչութեամբ, նոյն պահին դրսում զինուորական նուագախումբը հէնց այդ երաժշտութիւնն էր նուագում, սակայն նոյնիսկ սոյն հանգամանքը չէր օգնել մեր խեղճ հայրենակցին»:

Նոյն յօդուածում մտաւորականը նշում էր հայերի՝ Օսմանեան կայսրութեանը մատուցած ծառայութիւնները, արդիւնաբերութեանը, արուեստին, ընդհանրապէս՝ կայսրութեան զարգացմանը նրանց բերած նպաստը, ընդգծում Ցեղասպանութեան պատճառներից մի քանիսը՝ նախանձը քաղաքակրթուած հայ ազգի նկատմամբ, հայերի ինչքը իւրացնելու մտադրութիւնը. «…Իթթիհադականները սարսափելի հարուած հասցրեցին արդիւնաբերութեան, ժամանակակից զարգացման մէջ շատ առաջ գնացած այդ ազգին: Անհրաժեշտ էր յագեցնել աւազակախմբի սոված անդամներին: Պահուստային ֆոնդերը, վագոնային կողոպուտները, չարաշահումներն այլեւս չէին բաւարարում: Անհրաժեշտ էր կողոպուտի միջոցով յագեցնել չեթէի (աւազակախմբի- Մ. Ա.) ստոր խաւին: Այդպէս էլ վարուեցին, սակայն այդ կողոպուտի շահոյթը (հայ-Մ. Ա.) ազգի արիւնը, հոգին, աւելի ճիշդ գոյութիւնն արժեցաւ»:

«…մինչդեռ հայերը այս երկրի երաժշտութեանը թուրքերի չափ, գուցէ եւ թուրքերից աւելի շատ են ծառայութիւններ մատուցել»:

Վերադառնանք Ռեֆի Ջեւադի «Ի Պատասխան Մի Պաշտպանութեան» յօդուածին:

Յօդուածագիրը, անդրադառնալով Եոզղատի տեղահանութեան եւ կոտորածների դատական գործում գլխաւոր մեղադրեալ Մեհմեդ Քեմալի պաշտպանական ճառին, հեգնանքով գրում էր, որ ճառը յուզել էր ներկաներից մի քանիսին, նոյնիսկ դատարանին, եւ շեշտում, որ այդ արցունքները ոչ թէ դատարանում, այլ՝ Ցեղասպանութեան ժամանակ պիտի թափուած լինէին. «Երէկուայ մամուլում հրապարակուեց Եոզղատի տեղահանութեան եւ կոտորածների գործով գլխաւոր մեղադրեալ Քեմալի պաշտպանական ճառը: «Զաման» օրաթերթը այդ պաշտպանական ճառին իր գլխաւոր սիւնակը յատկացնելուց յետոյ, չի մոռանում նաեւ յատուկ մի մասում 24 տպատառով արձանագրել թափուած արցունքները:

Քեմալ բէյի ոճրագործութիւնը դատարանի համար հաստատուած հանգամանք է: Դատավճիռը դեռեւս չի հաղորդուել: Չգիտենք էլ, թէ ինչ դատավճիռ կը կայացուի: Շատ հաւանական է, որ վկաների ցուցմունքներում առկայ հակասութիւնների պատճառով Քեմալն ու նրա յանցակիցներն օձիքներն ազատեն փոքրիկ մի պատժով: Կամ էլ այդ պատիժը կարող է մարմնաւորուել կախաղանների վրայ նոր դիակների տեսքով, կախաղաններ, որոնց ժողովուրդը, արդէն տասը տարի է, ինչ վարժուել է: Դրանից առաւել մեր ուշադրութիւնը գրաւեց այն հանգամանքը, որ Քեմալ բէյի պաշտպանական ճառը վշտացրեց ունկնդիրներին, միգուցէ նաեւ՝ դատարանին:

Համարեա շատ քիչ ժամանակահատուածում մեղադրեալից դատապարտեալի վերածուած տուեալ անձնաւորութեան՝ մարդ լինելու հանգամանքն ի նկատի ունենալիս, բնականաբար, մենք էլ ենք տխրում: Բացի այդ՝ ընտանիքներ, կործանուած օջախներ, շրջուած աշխարհ…

Սակայն այդ ոճիրների հետեւանքով ի յայտ եկած այսօրուայ իրադրութեանն ի տես՝ զգում ենք խղճահարութեան տնքոցները չլսելու անհրաժեշտութիւնը։

…Քեմալ բէյի պաշտպանական ճառն ունկնդրած ներկաներից շատերն արտասուեցին: Թերեւս դատարանն էլ ինչ-որ չափով զգացուեց: Ինչ վերաբերում է մեզ, մենք այդ վիշտը չզգացինք:

Կարթագենի կործանման համար ողբացող բնակչութեան երեսին ծիծաղած Հաննիբալն ասել էր. «Ժամանակին շատ եմ ողբացել»: Մենք նոյնպէս շատ, այնքան շատ ենք ողբացել, որ այսօր գնդացրի տրաքոցի պէս պայթող աղէտալի տեսարանների առաջ անգամ մեր աչքերը չեն խոնաւանում:

Նման աղէտալի տեսարանի մէկ ուրիշ անգամ էլ եմ հանդիպել. երբ դուրս էինք գալիս Հաւզայից, հանդիպեցինք գաղթականների մի քարաւանի: Երկանիւ սայլեր լցուած այդ խեղճ մարդիկ տեղափոխւում էին ժանդարմների՝ ատրճանակի պէս շառաչող մտրակների ուղեկցութեամբ:

Մի պատանի, սարսափելի նեարդային ջղաձգութիւնների մէջ ցնցուելով, իրեն սայլից ցած նետեց: Այդ անկումն այնքան անսպասելի եղաւ, որ սայլում գտնուող ծնողները չկարողացան պահել իրենց տուժած որդուն:

Ժանդարմը մօտեցաւ, մտրակով ուշքի բերեց երեխային եւ սայլը նետեց: Մի փոքր անց մէկ ուրիշ ջղաձգութիւն նոյն անկմամբ եւ նոյն «դարմանով» աւարտուեց: Այնժամ նայեցի այդ սգաւոր քարաւանին, որ մօտենում էր՝ փոշու ամպ տարածելով ընդարձակ դաշտերի վրայ եւ այն տղայի հօրն ու մօրը. չէին լալիս, քանի որ համակերպուել էին վշտին։

…Այս արցունքները պէտք է այն ժամանակ թափուած լինէին. այդ դէպքում այսօր ո՛չ այս դատարանը կը ստեղծուէր, ո՛չ էլ երկիրն այս վիճակին կը հասնէր:

Զգացմունքային եմ գրում, քանի որ թէ՛ ես, թէ՛ նա մարդ ենք»:

Պէտք է նշել, որ Հայոց Ցեղասպանութեան թեման տուեալ ժամանակաշրջանում նաեւ սուր վիճաբանութիւնների առիթ էր դառնում օսմանեան տարբեր օրաթերթերի միջեւ:

«Ալեմդար»ի խմբագրի յօդուածներից տեղեկանում ենք, որ սոյն խնդրի առնչութեամբ գրաւոր վիճաբանութիւնն էր սկսուել «Հադիսաթ» («Իրադարձութիւններ») եւ «Ալեմդար» օրաթերթերի միջեւ: Այդ կապակցութեամբ Ռեֆի Ջեւադը «Ալեմդար»ի 1919թ. Ապրիլի 10ի համարում տպագրուած «Ին՞չ Ենք Ասում, Ի՞նչ Ենք Ուզում» յօդուածում գրում էր. «Տեղահանութեան եւ կոտորածների դատավարութեանն առնչուող վերջին զարգացումներից յետոյ վերսկսուեցին այն վիճաբանութիւնները, որոնց տեղիք էր տուել Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան կործանումը: Նոյնիսկ բաւականին կրքոտ վիճաբանութիւն ծաւալուեց «Հադիսաթ»ի եւ մեր օրաթերթի միջեւ: Վիճաբանութեան ընթացքում Սուլէյման Նազիֆ բէյ էֆենդին, մեզ մի փոքր անդրադառնալուց յետոյ, խնդիրը դիտարկել էր կրօնական տեսանկիւնից: Երէկուայ մեր յօդուածում մէկ տողով պատասխանել էինք «Հադիսաթ»ի մեզ ուղղուած աննշան քննադատութեանը:

Այն հանգամանքը, որ երէկ թերթերի մեծ մասն անդրադարձել էր այդ խնդրին, մեզ կրկին հրաւիրում է այդ թեմային:

Եթէ մինչեւ այժմ չենք կարողացել բացատրել մեր մտքերը, մէկ անգամ էլ դրանք կը կրկենք, եւ տեսնելով, որ խնդրին անդրադարձել ենք հիմնաւորապէս՝ կ՛ընդունեն մեր իրաւացիութիւնը»։

Այնուհետեւ «Ալեմդար»ի խմբագիրը, կասկածի տակ առնելով ջարդերի փոխադարձ լինելու մասին վարկածը, շեշտում էր, որ հայոց կոտորածները տեսել էր սեփական աչքերով եւ գրում էր որպէս ականատես. «Կրկին օրակարգում է տեղահանութեան եւ կոտորածների խնդիրը: Ասւում է՝ այն փոխադարձ է եղել: Մեր առարկութիւնը վերաբերում է նաեւ փոխադարձ եղած լինելուն:

Ասում են, իբր հայերը բռնարարքներ են գործադրել խաղաղ բնակիչների հանդէպ: Գրում ենք՝ ասում են, իբր, քանի որ նրանց արածը չենք տեսել մեր սեփական աչքերով: Այնինչ հայերի հանդէպ կատարուած բռնութիւնները տեսել ենք անձամբ: Քանի որ դրանք տեսել ենք մեր սեփական աչքերով, բնականաբար, այդ դէպքերն առաւել խորը տպաւորութիւն են թողել մեզ վրայ»:

Խմբագիրը սոյն յօդուածում եւս շեշտում էր ոճրագործներին ըստ արժանուոյն պատժելու անհրաժեշտութիւնը. «Ընդամէնը արդարութիւն ենք պահանջում մեր յօդուածներով: Արդարութիւն ասելով՝ ի նկատի ունենք բռնութեանը համարժէք պատիժ:

…Այսօր քաղաքակիրթ աշխարհն ու մարդկութիւնը չեն կարող անտարբեր մնալ պատռուած աղիքների, հանուած աչքերի, ջնջխուած ուղեղների հանդէպ:

Չի կարելի մեծ հայրենասէր համարել այդ ողբերգական տեսարանների հեղինակներին: Միակ բանը, որ պարտաւոր ենք անել, մի ողջ ժողովրդի դէպի բնաջնջում տարած մարդասպաններին պատժելն է։

…Մեր ցանկութիւնն է, որ դատարանը կոտորածների խնդիրն առաւել հիմնաւոր ու համակողմանի քննի եւ գործին սկզբունքային մօտեցում ցուցաբերի:

Այնժամ ամբոջ աշխարհին կ՛ապացուցենք մեր անկողմնակալութիւնը եւ պատուով կատարած կը լինենք մեզնից հասանելիքը»:

«Ալեմդար»ի խմբագիրը օրաթերթի՝ 1919թ. Ապրիլի 11ի համարում հրապարակուած «Ծայրայեղութիւն Արդարութեան Մէջ. Ձերբակալութիւններ, ազատ արձակումներ» յօդուածում իր տարակուսանքն էր արտայայտում այն փաստի կապակցութեամբ, որ կոտորածների մեղադրանքով ձերբակալուած անձանց մեծամասնութիւնն ազատ էր արձակուել, եւ ընդգծում, որ իր կարծիքով՝ իւրաքանչիւր իթթիհադական մեղսակից էր եղել այդ ոճիրներին. «Վերջերս բազմաթիւ կալանաւորներ բերուեցին վիլայեթներից: Նրանց շարքերում մեծ էր նաեւ այն անձանց թիւը, որոնք առնչուել էի Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեանը:

Մեծ զարմանքով տեսանք, որ այդ մարդիկ հէնց յաջորդ օրն ազատ արձակուեցին: Բնականաբար, այդ ձերբակալութիւնները չէին կատարուել որեւէ վիլայեթի պաշտօնեայի անձնական քմահաճոյքով: Դրանք, անշուշտ, իրականացուել էին՝ աւելի իրաւասու պաշտօնեայից ստացուած հրահանգի հիման վրայ: Այդ ձերբակալուած անձանց մեծ մասը յայտնի է որպէս Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեանը յարող: Այդ դէպքում ինչո՞ւ ազատ արձակուեցին: Այստեղ հարց է ծագում. արդեօք իւրաքանչիւր իթթիհադական պէ՞տք է կալանաւորուի: Այդ հարցին անվարան կերպով հետեւեալ պատասխանն ենք տալու՝ այո՛, իւրաքանչիւր իթթիհադական պէտք է ձերբակալուի»:

Նոյն յօդուածում «Ալեմդար»ի խմբագիրը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հայոց կոտորածները կրել էին ոչ թէ մասնակի, այլ համատարած բնոյթ, առաջարկում էր այդ գործով կազմակերպել ընդհանուր դատավարութիւն, որը կ՛անցնէր Օսմանեան կայսրութեան տարբեր հպատակներից բաղկացած յանձնաժողովի հսկողութեան ներքոյ. «Ըստ էութեան, քանի որ յանցագործները հիմնականում մեղսակից են եղել միմեանց, ապա առանձին-առանձին դատական պրոցեսների կազմակերպումն աւելորդ հոգս է:

Կարելի է նոյն յանցագործութեան համար մեղաւորներին միասին դատել, (Օսմանեան կայսրութեան-Մ. Ա.) տարբեր հպատակներից կազմել յանձնաժողով, եւ յանձնաժողովի «մեղաւոր է» կամ «մեղաւոր չէ» խօսքերից յետոյ անմիջապէս դատավճիռ կայացնել:

Այդ կերպ լիովին բաւարարուած կը լինի թէ՛ եւրոպական եւ թէ օսմանեան հասարակայնութիւնը»:

Ռեֆի Ջեւադն իր այս յօդուածն աւարտում էր հետեւեալ խօսքերով. «Եթէ ծայրայեղութիւնների մէջ ընկնելու լինենք, այդ չափազանցութիւնը ցուցաբերենք այս խեղճ հայրենիքը կորստեան մատնած անձանց պատժելու գործում: Եւ թէ՝ արագ կերպով»:

Այսպիսով, «Ալեմդար» օրաթերթի խմբագիր Ռեֆի Ջեւադ Ուլունայի յօդուածաշարում բերուած վկայութիւնները մէկ անգամ եւս ապացուցում են, որ Առաջին Աշխարհամարտի ընթացքում Օսմանեան կայսրութիւնում հայ ազգի դէմ ուղղուած գործողութիւնները՝ հալածանքներն ու կոտորածները, կանխամտածուել, նախապատրաստուել եւ հրահանգուել են իթթիհադական կառավարութեան կողմից, դրանք կրել են ոչ թէ տեղական կամ մասնակի, այլ համատարած բնոյթ: Ռեֆի Ջեւադն իր յօդուածներում շեշտում էր երիտթուրքական կառավարութեան՝ հայ ազգին մինչեւ վերջին շունչը բնաջնջելու մտադրութիւնը, ընդգծում՝ հայ ազգի կործանումը, մտայղացողի ու իրականացնողի միասնական լինելը, կարեւորում՝ Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր պատասխանատուներին՝ հեղինակներին, անմիջապէս պատժելու անհրաժեշտութիւնը: Թուրք մտաւորականը գրում էր, որ զանգուածային կոտորածներն ապացոյցների կարիք չէին զգում. դրանք այն յանցագործութիւններն էին, որոնք ե՛ւ յայտնի էին, ե՛ւ ապացուցուած, ե՛ւ հաստատուած: Ռեֆի Ջեւադն ափսոսանքով էր գրում, որ հայոց տեղահաննութիւնն ու կոտորածները քննելու եւ դատապարտելու շարժառիթ էր հանդիսացել ոչ թէ արդարամտութիւնը, մի ամբողջ ազգի բնաջնջման ցաւը, այլ ընդամէնը՝ Եւրոպայի աչքում արդարադատ երեւալու ցանկութիւնը: «Ալեմդար» օրաթերթի խմբագիրը մատնանշում էր քաղաքակրթուած հայ ազգի՝ Օսմանեան կայսրութեան զարգացմանը բերած նպաստը, Հայոց Ցեղասպանութեան պատճառներից մէկը՝ հայ ժողովրդի ունեցուածքը կողոպտելու եւ իւրացնելու ցանկութիւնը: Ռեֆի Ջեւադ Ուլունայը նաեւ կասկածում էր կոտորածների երկկողմանի լինելը, գրում, որ հայ ազգի ողբերգութիւնը տեսել էր անձամբ: Քանի որ Ռեֆի Ջեւադը, մտաւորական լինելով հանդերձ, նաեւ հայոց կոտորածների անմիջական ականատեսն էր, նրա վկայութիւնները կրկնակի արժէք են ձեռք բերում:

Եւ հէնց իր՝ «Ալեմդար» օրաթերթի խմբագիր Ռեֆի Ջեւադ Ուլունայի խօսքերով ասած՝ եթէ անգամ վերոնշեալ վկայութիւնները չարձանագրուեցին էլ Ստամբուլի ռազմական արտակարգ ատեանի կողմից, դրանք արձանագրեց պատմութիւնը:

 

* Յօդուածը գրուել է՝ հիմնուելով արաբատառ թուրքերէնով կամ օսմաներէնով հրատարակուած «Ալեմդար» օրաթերթում տպագրուած նիւթերի վրայ։

 

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ՝ թուրքագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու

 


LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here