Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական տվեց

0
142

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հայտարարել է հրաժարական տալու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Ես` Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով»,- գրել է նա:

Կարեն Գրիգորյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի որդին է: Վերջինս հունիսի 16-ին ձերբակալվել էր:  ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել`  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:

Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր հայտնում Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալության և նրան պատկանող տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի ծավալների մասին:

Ուշագրավ է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ ռազմամթերքը: Արշալույս գյուղի հանգստյան տուն 28 հասցեից խուզարկության ընթացքում առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերք: Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝ գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվեցին նաև տասնյակ սեփականության վկայականներ:

ԱԺ պատգամավորը հանգստյան տանը հայտնաբերվել էր սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:

http://armenpress.am/arm/news/937814/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here