Խնդիրն այլևս բացառապես իրավական դաշտում է. Աշոտյանը Մանվել Գրիգորյանի մասին ԱԱԾ բացահայտումների վերաբերյալ

0
164

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ եթե ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի դեմ հնչեցրած մեղադրանքները ճիշտ լինեն, ապա դա նրա համար անձնական խորը ողբերգություն կլինի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Աշոտյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«ԱԱԾ-ի կողմից ներկայացված տեսանյութից հետո կարող եմ միայն հետևյալն ասել։ Շատ ծանր եմ տարել, ցավ ու կսկիծ ապրել յուրաքանչյուր կասկածանքով ու մեղադրանքով, որ կապված է ապրիլյան պատերազմի ժամանակների հետ։ Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի։

Չեմ ուզում, որ խախտվի անմեղության կանխավարկածը, ոչ էլ քաղաքական գնահատականներ հնչեն իհայտ եկած նոր հանգամանքներին։ Խնդիրը այլևս բացառապես իրավական դաշտում է։

Աստված պահապան Հայ զինվորին»,- ասվում է գրառման մեջ։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հունիսի 16-ին ձերբակալվել էր:  ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել`  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:

Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր հայտնում Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալության և նրան պատկանող տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի ծավալների մասին:

Ուշագրավ է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ ռազմամթերքը: Արշալույս գյուղի հանգստյան տուն 28 հասցեից խուզարկության ընթացքում առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերք: Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝ գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվեցին նաև տասնյակ սեփականության վկայականներ:

ԱԺ պատգամավորը հանգստյան տանը հայտնաբերվել էր սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:

http://armenpress.am/arm/news/937816/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here