ԱԳ նախարարը բարձր է գնահատել ՀԲԸՄ ավանդը համահայկական օրակարգի հարցերի բարձրաձայնման գործում

0
105

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 20-ին Բելգիայում ՀՀ դեսպանությունում հանդիպում ունեցավ ՀԲԸՄ եվրոպական տնօրեն Նիկոլա Դավիդյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Արտգործնախարարը բարձր գնահատեց Հայ բարեգործական ընդհանուր միության նշանակալի ավանդը համահայկական օրակարգի հարցերի բարձրաձայնման և դրանց լուծմանն ուղղված ծրագրերի նախաձեռնման և իրականացման գործում, բարձր գնահատեց ՀԲԸՄ գործունեությունը հայկական հոգևոր, մշակութային, կրթական կյանքում:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայապահպանության գործում պետության դերակատարության շուրջ։ ԱԳ նախարարն ընդգծեց, որ ուժեղ համայնքային կառույցները հանդիսանում են Հայաստանի կայուն զարգացման հիմնասյուներից մեկը։

Նիկոլա Դավիդյանը ներկայացրեց ՀԲԸՄ Եվրոպայի կառույցի գործունեությունը, ընթացիկ ծրագրերը և նոր նախաձեռնությունները, դրանցում Հայաստանի պետական և հասարակական կառույցների հետ համագործակցության հնարավորությունները։

ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, կառավարության ծրագրի արտաքին քաղաքական ուղղությունը և Հայաստան-Եվրամիություն օրակարգը։ Անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման հարցում հայկական կառույցների դերակատարությանը։

Նույն օրը Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպեց Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի (Եվրոպայի Հայ դատի գրասենյակ) նախագահ Գասպար Կարապետյանի հետ:

Գասպար Կարապետյանը նախարար Մնացականյանին ներկայացրեց Բրյուսելում և եվրոպական երկրներում Հայ դատի գրասենյակների գործունեությանը՝ հանգամանալից անդրադարձ կատարելով ընթացիկ ծրագրերին և համահայկական օրակարգի առաջմղման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։

ԱԳ նախարարը ներկայացրեց Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ Հայաստանի մոտեցումները։

http://armenpress.am/arm/news/938232/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here