Այսօրվա Ճգնաժամը ՀՅԴ-ում՝ Բացառիկ Երևույթ Է

0
166

Սիրանուշ Պապյան, Լրագիր.am

Մեր զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը

 

Պարոն Մինասյան, տեսակետ կա, որ մինչև արտահերթ ընտրություններ պետք է փոխել կուսակցությունների մասին օրենքը, պետք է զտվեն 70 և ավելի գրանցված կուսակցությունները և նոր քաղաքական ուժերի ձևավորման հնարավորություն ընձեռեն։ Համամի՞տ եք։

Նախ պետք էր շտկել կուսակցությունների մասին օրենքը, քանի որ կասկածներ կային իրենց ֆինանսավորման աղբյուրների, պաշտոնական կարգավիճակի վերաբերյալ։ Փաշինյանն ուզում է այնպիսի նոր օրենք գրել, որով ցանկանում է ջնջել ՀՀԿ-ն ու այդպես գնալ արտահերթ ընտրությունների։ Ես չգիտեմ, թե արդյոք Նիկոլ Փաշինյանն ուզում է նոր կուսակցություններ ստեղծել, բայց գիտեմ, որ ուզում է Հայաստանում ստեղծել նոր քաղաքական և կուսակցական մթնոլորտ։

Որքանո՞վ դա նրան կհաջողվի՝ հաշվի առնելով քաղաքական վերադասավորումները։ Մենք տեսնում ենք, որ նախկին կուսակցություններն են ակտիվացել և պատրաստվում են արտահերթ ընտրությունների։

Ես չգիտեմ՝ ինչպես Փաշինյանը պետք է անի և արդյոք կհաջողի, թե ոչ, բայց կարծում եմ, որ այսօրվա կառավարությունն ուզում է անջատել կուսակցությունների կապը բիզնեսից։ Մենք գիտենք, որ ՀՀԿ-ն և մյուս կուսակցություններն այդ կապն ունեն։ Արդյոք այսօրվա կառավարությունը կթողնի՞, որ վաղվա պատգամավորները լինեն ոչ միայն քաղաքական, այլև բիզնես անձինք։ Նախքան գործարար ու օլիգարխ լինելը, նրանք քաղաքացի են և Նիկոլ Փաշինյանը փորձելու է տարանջատել քաղաքականությունը բիզնեսից, որպեսզի տնտեսական դաշտը լինի ինքնավար, իսկ քաղաքական դաշտը դուրս լինի օլիգարխների ճնշումներից։

Նախկին իշխանությունների հետ կոալիցիայի մեջ գտնված ՀՅԴ-ն միացավ Նիկոլ Փաշինյանին։ Լինելով նախկին Դաշնացական՝ ինչպե՞ս եք գնահատում ՀՅԴ-ի այս քայլը և հիմա այս կուսակցությունն ի՞նչ շանսեր ունի։

Դաշնակցությունը ծնվել է 1890-ին ճգնաժամի պայմաններում, իր գոյության ժամանակ անցել է շատ ճգնաժամեր և այսօրվա ճգնաժամը, որ գոյություն ունի ՀՅԴ-ում, բացառիկ երևույթ է։ Այն, ինչ տեղի ունեցավ վերջին շրջանում Հայաստանում, ամբողջությամբ խանգարեց Դաշնակցության կայունությունը։ ՀՅԴ-ն հիմա ստիպված է հաշվի առնել նոր իրականությունը և շտկել իր դիրքորոշումն ու գործելակերպը։ ՀՅԴ-ի գլխավոր խնդիրը հետևյալն է. այդ ուժը հիշողություն ունեցող կուսակցություն է և իրականության առջև կասկած ունի, այսինքն՝ 1991-ից ի վեր, երբ Հայաստանն անկախացավ, Դաշնակցությունն ամբողջովին լծված էր ազատագրական պայքարին, և այնքան էլ ներկա չգտնվեց անկախության տոնին։ Եվ 2018-ին տեղի ունեցավ նրա և ազատ Հայաստանի հանդիպումը, որովհետև գիտենք, որ Դաշնակցությունը առաջին օրերին չէր միացել Նիկոլ Փաշինյանի շարժմանը, ավելին՝ այս շարժման առաջին օրերին դաշնակցական ղեկավարները դատապարտեցին և ծիծաղեցին ցույցերին մասնակցողների վրա։ Եվ սա նշանակում է, որ Դաշնակցությունն իրականության հետ խնդիր ունի։ Եվ այս տպավորությունը գալիս է դեռ 91-ից։

Դաշնակցությունը 91-ից մինչև այսօր մեկ առաջնահերթություն ունի և պաշտպանում է այդ առաջնահերթությունը՝ պետականության պրոցեսի մեջ ստեղծել նոր քաղաքական մշակույթ։ Եվ այս նոր քաղաքական մշակույթի մեջ երկու մոտեցում կա. կամ իշխանության մաս կազմելով պետք է մտնես հայաստանյան իրականության մեջ, կամ ներքեւից։ Եվ Դաշնակցությունը փորձում էր այս նոր քաղաքական մշակույթը ստեղծել՝ այդ հակասությանը հետևելով։ Հայաստանում կան դաշնակցականներ, որ պաշտպանեցին առաջին մոտեցումը, որ պետք է մտնել իրականության մեջ՝ իշխանության մեջ մտնելով, և մասնավորապես կան դաշնակցականներ սփյուռքի մեջ, որ ասացին՝ ոչ, պետք չէ մտնել հայաստանյան իրականության մեջ վերևից (իշխանության  կողմից), այլ պետք է մտնել ներքևից (ժողովրդի կողմից)։ Եվ դրա համար ներքին խնդիր կար Դաշնակցության մեջ։ Եվ Մաքս Վեբերը այդ հակասության առջև երկու մոտեցում ունի, որից առաջինը պատասխանատվության էթիկան է, ինչը պաշտպանեց Աղվան Վարդանյանը։ Երկրորդը՝ համոզման էթիկան է, Աբո Պողիկյանն էր սա պաշտպանում՝ ասելով, որ Դաշնակցությունը նախքան կենսագրություն ունենալը արժեք է, և մենք պետք է մեր արժեքների վրա հիմնենք մեր ինքնությունը։ Եվ այս դեպքում լինես հականիկոլ կամ հակասերժ, մինևնույն է, որոշումը նույնն է, քեզ հեռացնում են կուսակցությունից։

Դաշնակցությունը հիշողություն ունեցող կուսակցություն է, և դա կապված է Դաշնակցության գլխավոր հիմնադրի մահվան հետ. Քրիստափոր Միքայելյանը, որ մահացավ 1905 թվականին, ինքն էր իրականացնում քաղաքականությունը, մարտավարությունը, ռազմավարությունը և քաղաքական տեսլականը։ Երբ նա մահացավ, դաշնակցական բոլոր սերունդները որբացան։ Եվ այսօր ինչ գոյություն ունի Հայաստանում Դաշնակցության հետ կապված, հետևյալն է. Դաշնակցությունը չի վարում քաղաքականություն, այլ անում է գաղափարախոսություն, Դաշնակցությունը չի վարում ռազմավարություն, այլ անում է  պլանավորում, Դաշնակցությունը չի վարում մարտավարություն, այլ անում է օպորտունիզմ, Դաշնակցությունը չի վարում քաղաքական տեսլականը, այլ անում է մեսիանիզմ, և որքան Դաշնակցությունը հետևի գաղափարախոսությանը, նա չի կարող շփվել իրականության հետ, և կմնա, եթե մտնի իրականության մեջ, և այդ դեպքում պետք է վարի քաղաքականություն, մարտավարություն, ռազմավարություն և քաղաքական տեսլականը։ Եվ մենք կարիք ունենք Քրիստափորից եկած Դաշնակցության, ոչ Զավարյանի և ոչ էլ Ռուբեն Տեր-Մինասյանի, ուղղակի պետք է վերադառնանք Քրիստափորի ժառանգությանը և գաղափարներին, մտածելակերպին և ամբողջ իր ինքնությանը։

Այսօր մենք կարիք ունենք արդիական, բայց և հանդուրժողական Դաշնակցությանը, ոչ փակ և ավանդական կուսակցության։

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here