ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է արխիվային փաստաթղթերի վերականգնման վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասընթացի բացմանը

0
88

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հունիսի 22-ին մասնակցեց «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամում սիրիացի փորձագետների համար տեղի ունեցող «Ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի պահպանման և վերականգնման վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերապատրաստման դասընթաց»-ի բացման արարողությանը:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով մասնակիցներին՝ Աշոտ Հովակիմյանը նշեց, որ դասընթացը լավ հնարավորություն է ընձեռում ամրապնդելու մշակութային ժառանգության մասնագետների և գիտաշխատողների տեխնիկական կարողությունները` հայ փորձագետների լավագույն փորձի ուսումնասիրությամբ, ինչպես նաև ստեղծելու հիմքեր հետագա արդյունավետ համագործակցության համար:

Դասընթացը համատեղ կազմակերպվել է «Մատենադարան» և «Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամների, ինչպես նաև Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի աջակցությամբ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սիրիայի մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանություն» ծրագրի շրջանակներում: Վերջինս ֆինանսավորվում է Եվրոպական միության և աջակցություն ստանում Ավստրիայի ու Ֆլանդրիայի կառավարությունների կողմից:

http://armenpress.am/arm/news/938565/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here