«ՄԵԴԻԱ ՄԱՔՍ»Ի ԶՐՈՅՑԸ ԱՐՑԱԽԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԳՐԻԳՈՐԻ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ ՀԵՏ

0
665

«Մարդիկ Այսօր Բաց Խօսելու Ձգտում Ունեն»

ԱՄԱԼԵԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Արայիկ Յարութիւնեանի հրաժարականից յետոյ Արցախի Հանրապետութեան կառավարութեան ղեկավար նշանակուեց Գրիգորի Մարտիրոսեանը, ով մինչ այդ զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտօնը: Նորանշանակ պաշտօնեան խոստովանում է՝ իրեն քիչ են ճանաչում, ապա բացատրում, որ դա պայմանաւորուած է քաղաքականութեամբ չզբաղուելով: «Մեդիամաքս»ը հանդիպել է Արցախի նորանշանակ պետնախարարի հետ եւ ոչ պաշտօնական զրոյց ունեցել նրա հետ:

 

ՄԱՆԿՈՒԹԻՒՆՆ ԵՒ ՌՄԲԱԿՈԾՈՒԹԵԱՄԲ ԸՆԴՀԱՏՈՒԱԾ ՆՈՐ ՏԱՐԻՆ

 

Գրիգորի Մարտիրոսեանը ծնուել եւ մեծացել է Արցախում: Ասում է՝ անհոգ մանկութիւն ունէր, որն ընդհատուեց պատերազմով: «Երբ սկսուեց Ղարաբաղեան շարժումը, 10 տարեկան էի: Մենք, իհարկէ, չէինք պատկերացնում շարժման ամբողջ լրջութիւնը, սակայն շատ ոգեւորուած էինք: Ինչ-որ դպրոցից սկսուեց պիոներների ըմբոստութիւնը, հանում, պատռում էին փողկապները, մենք էլ միացանք նրանց: Որպէս երեխայ՝ ուզում էինք շարժման մաս զգալ մեզ: Խորհրդային արժէքներից զատ սկսեցինք ծանօթանալ հայ ազգային արժէքներին, մեր հերոսներին: Այն ժամանակ փորձում էին Արցախն ամէն կերպ կտրել հայկական, հայրենասիրական արժէքներից, մեզ մօտ նոյնիսկ հայկական հեռուստաալիք չէր ցուցադրւում, ունէինք միայն կենտրոնական հեռուստատեսութիւն՝ Մոսկուա եւ Բաքու», յիշում է Մարտիրոսեանը:

Պատերազմի տարիներին նա դեռահաս էր, հիմա ամենամեծ երազանքն է, որ այլեւս պատերազմ չլինի: «Սրանք զուտ խօսքեր չեն: Ես տեսել եմ պատերազմը, ապաստարաններն ու ծանր ապրուստը: Չէի ցանկանայ՝ իմ երեխաներն էլ իմանան՝ ինչ է պատերազմը: Երբ գնում էինք ապաստարաններ, հայրս, բնականաբար, չէր գալիս: Պայթիւնների ձայներից մայրս շատ էր յուզւում: Ինձ վրայ շատ էր ազդում, երբ մայրս կամ փոքր քոյրս յուզւում էին, վախենում»:

Պետնախարարն ասում է՝ այդ տարիներին ամենաշատը տօների պակաս էր զգում: Յիշում է, թէ ինչպէս 1992ի Ամանորի նախապատրաստութիւնն ու տօնի սպասումը կէսգիշերից րոպէներ առաջ խաթարուեց ռմբակոծութեամբ, ու բոլորը շտապեցին ապաստարաններ: Շատ էր տխրել, որ զրկուել են տօնից, հիմա փորձում է ամէն ինչ անել, որպէսզի իր երեք երեխաները տօների պակաս չունենան: Յատկապէս՝ Ամանորին:

Գրիգորի Մարտիրոսեանի հայրը ռուսերէնի դասախօս է: Պատերազմի տարիներին  զինուորական է եղել՝ ուսումնադաստիարակչական գծով հրամանատարի տեղակալ: Թէեւ առաջնագիծ չի գնացել, ընտանիքից հեռու էր: Պետնախարարի ամենայուզիչ յիշողութիւնը պատերազմից մի քանի ամսուայ ընդմիջումից յետոյ հօր հետ հանդիպման հետ է կապուած:

«Ռմբակոծութեան առաջին ամիսներին Արցախում էինք, յետոյ հայրս մեզ ուղարկեց Երեւան, ինքը մնաց Արցախում: 4-5 ամիս էր՝ Երեւանում էինք, իմ ամենամեծ ցանկութիւնն ու երազանքն էր վերադառնալը: Երբ Շուշին ազատագրուեց, ասացի՝ պէտք է գնամ Արցախ: Մինչեւ հիմա յիշում եմ մի քանի ամսուայ ընդմիջումից յետոյ հօրս հետ հանդիպումն ու իմ զգացողութիւնները», ասում է նա ու յաւելում, որ աւելի ուշ ընտանիքով են վերադարձել Արցախ: «Պատերազմից յետոյ սկսեց վերականգնուել կեանքը, յետ-պատերազմական տարիները բարդ էին, բայց նիւթական զրկանքների վրայ կանգ առնել չեմ ուզում»:

Պատերազմի տարիներին պետնախարարն ընտանիքի անդամ չի կորցրել, սակայն ընդգծում է՝ Արցախում չկայ մի ընտանիք, որն այդ տարիներին կորուստ չի ունեցել: Ինքն այդ ցաւը զգացել է՝ տեսնելով ծնողների ցաւը որեւէ բարեկամի կորստի համար:

 

ՉԾԱՌԱՅԵԼՈՎ ԲԱՆԱԿՈՒՄ…

 

Զինուորական պարտադիր ծառայութիւն պետնախարարը չի անցել: Պատերազմի տարիներին ապագայ պաշտօնեայի ու ընկերների խաղալիքները դարձել էին զէնքերը: Պատերազմի սահմանին գտնուող Արցախում մինչ օրս էլ երեխաների զգալի մասն ասում է, որ զինուորական է դառնալու: Զինծառայող դառնալու մասին նա երբեք չի երազել, թէեւ ասում է՝ զինուորական կեանքն իրեն հետաքրքրել է. «Երեխաներին հետաքրքրում է զինուորական կեանքը՝ իր ռոմանտիկայով եւ ամէն ինչով: Մանկուց սէր էր ձեւաւորւում զէնքի, զինուորական հագուստի նկատմամբ»:

Հաւատացնում է, որ երբեք յատուկ քայլ չի ձեռնարկել ծառայութիւնից անհիմն խուսափելու համար:

«Ինձ ծանուցագիր էր եկել, որ պէտք է զօրակոչուեմ բանակ: Հոգեպէս պատրաստ էի ծառայելու: Մտածում էի՝ լաւ փուլ կը լինի բնաւորութեանս ձեւաւորման համար: Տանը բանակի քէֆ արեցինք, յետոյ հայրիկիս հետ գնացինք զինկոմիսարիատ՝ փաստաթղթեր յանձնելու: Տեղում իմացանք, որ տնտեսագիտական, իրաւաբանական եւ բժշկական ֆակուլտետների ուսանողների զինուորական ծառայութիւնը յետաձգւում է: Յետոյ այդ որոշումը սկսեց տարածուել գերազանցիկների վրայ, իսկ ես գերազանց էի սովորում: Խիղճս հանգիստ է, քանի որ արհեստականօրէն չեմ խուսափել ծառայութիւնից: Չեմ հպարտանում, որ յետագայում ԵՊՀում թեկնածուական եմ պաշտպանել եւ չեմ ծառայել, սակայն այդպէս է դասաւորուել», ասում է նա:

Մեր դիտարկմանը, որ յատկապէս Արցախում շատերի համար ծառայութիւնը կամաւոր բնոյթ է կրում, նա արձագանգում է, որ այդ ժամանակ մտածել է ուսումը շարունակելու մասին: Պետնախարարի խօսքով՝ հայրենակիցների կողմից մեղադրական վերաբերմունք չի զգացել:

 

ԸՆՏԱՆԻՔՆ ՈՒ 3 ԴՈՒՍՏՐԵՐԸ

 

Պետնախարարը 3 դուստր ունի՝ զոյգ աղջիկները 12 տարեկան են, կրտսերը՝ 5: Ինչպէս հայ տղամարդկանց զգալի մասը, երազում է որդի ունենալու մասին: Ասում է՝ պաշտօնի ստանձնումից յետոյ ընտանիքը շատ է տուժում: Միասին ժամանակ անցկացնել գրեթէ չեն հասցնում:

«Պետական նախարարի պաշտօնին նշանակուելուց յետոյ դեռ չեմ հասցրել ժամանակս կարգաւորել: Լինում են օրեր, երբ առաւօտեան տանից դուրս եմ գալիս, երեխաներս դեռ քնած են, երեկոյեան գնում եմ տուն՝ արդէն քնած են: Ես բացառիկ չեմ, շատ պաշտօնեաներ ունենք, որոնք այսպիսի կեանքով են ապրում: Յուսով եմ՝ մի քանի ամսից կը կարողանամ այնպէս կարգաւորել գրաֆիկս (ժամանակացոյցս-Խմբ.), որ ժամանակ ունենամ ընտանիքիս  համար», ասում է նա:

Գրիգորի Մարտիրոսեանը պատմում է, որ ժամանակին շատ է կարդացել եւ ցանկանում է, որ դուստրերը եւս ընթերցասէր լինեն: Դաստիարակութեան հարցում հայրը կարեւորում է սեփական կարծիքն ունենալը, անվախ եւ ընկերասէր լինելը, արժէքները պահպանելը:

Դասախօսի եւ ուսուցչուհու ընտանիքում մեծացած պետնախարարը ռուսական դպրոց է յաճախել: Ասում է՝ աղջիկներին սկզբունքօրէն ուղարկել է հայկական դպրոց: Հիմա նրանք հաւասարապէս տիրապետում են հայերէնին եւ ռուսերէնին, երբեմն էլ օգնում են հայրիկին, երբ չի մտաբերում ինչ-որ բառի հայերէն համարժէքը:

 

ՊԱՇՏՕՆԵԱՅԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԵԱՆՔԸ

 

Արցախում պաշտօնեաներն առաւել հասանելի են հասարակութեան համար: Ստեփանակերտը փոքր է, փողոցում կարելի է հանդիպել մարդու իրաւունքների պաշտպանին, յաջորդ քայլափոխին՝ պետնախարարին, մի քանի քայլ այն կողմ՝ մէկ այլ պաշտօնեայի: Պետնախարարն ասում է՝ հանրութեան մէջ լինելը շատ է օգնում:

«Նախ՝ ես ինձ չեմ տարանջատում հանրութիւնից: Փոխնախարարի, նախարարի, թէ  պետնախարարի պաշտօնում իմ ապրելակերպում փոփոխութիւններ չեն եղել: Ես հանրութեան անդամ եմ, կարող եմ երեխայիս հետ զբօսնել քաղաքում, լինել սրճարանում: Եթէ չկարողանամ հանրութեան մէջ շրջելով ապրել, վախենամ կամ չցանկանամ շփուել մարդկանց հետ, կը նշանակի՝ իմ որոշումներն են սխալ», ասում է նա, ապա յաւելում, որ հանրութեան հետ կապը փորձում են պահել նաեւ սոցցանցերի (ընկերային ցանցերու-Խմբ.) միջոցով:

«Հասարակութիւնն ինձ շատ չէր ճանաչում, քանի որ քաղաքականութիւնից շատ հեռու էի: Հանրութեան վերաբերմունքն իմ նկատմամբ կարող եմ ապահովել իմ աշխատանքով: Հասկանում եմ, որ մարդկանց յուսախաբ անել չի կարելի: Նշանակմանս օրը բացեցի պաշտօնական էջ, որը վարում ենք ես եւ թիմիս անդամները: Պայմանաւորուել ենք, որ բարեմաղթանքները կարող են աւելի ուշ փոխանցել ինձ, սակայն խնդիրներին պէտք է արագ ծանօթանամ»:

 

ՊԱՇՏՕՆՆ ՈՒ ՄԱՐԴԸ

 

Այն, որ պաշտօնը փոխում է մարդուն, պետնախարարը միանշանակ բացասական չի գնահատում: «Պաշտօնը, հաւանաբար, փոխում է մարդուն, որովհետեւ որոշումներ կայացնելու պատասխանատուութեան զգացումն իր ազդեցութիւնն ունենում է: Դա միանշանակ բացասական որակել չեմ ուզում», ասում է Մարտիրոսեանը:

Բացասական հետեւանքներից խուսափելու համար ունի իր բանաձեւը. «Որպէսզի չփոխուես, ժամանակ առ ժամանակ պէտք է փորձես քեզ նայել կողքից, յիշել, թէ ինքդ ինչպէս էիր որակում այս կամ այն որոշում կայացնելու գործընթացը, երբ չէիր պաշտօնավարում»:

Գրիգորի Մարտիրոսեանը քաղաքական իրադարձութիւների արդիւնքում նշանակուեց բարձր պաշտօնի: Նրանից ակնկալիքները մեծ են, քանի որ Արցախում մարդիկ փոփոխութիւններ են ակնկալում: Առաջնահերթութիւնների մի քանի ուղղութիւն ունի՝ պետական մարմինների հաշուետուողականութիւնն ու աշխատանքի թափանցիկութիւնը բարձրացնելը, անհատական որոշումներից հնարաւորինս հրաժարուելը, բիւջետային գործընթացի կազմակերպումը, հարկային համակարգի բարեփոխումների հայեցակարգի ընդունումը:

Թէեւ կոռուպցիոն (կաշառակեր, փտած-Խմբ.) ռիսկերն (վտանգները-Խմբ.) ու անհատների գերակայ դիրքը յաղթահարուած չեն նաեւ Արցախում, պետնախարարն ասում է՝ հանրութեան տարբեր անդամների համար պէտք է լինեն հաւասար պայմաններ:

 

ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ԵՒ ՔՆՆԱԴԱՏՈՒԵԼՈՒ ԿԱՐԵՒՈՐՈՒԹԻՒՆԸ

 

Պետնախարարը վստահեցնում է՝ նախարարներն ազատ են արտայայտելու իրենց կարծիքն ու անհամաձայնութիւնը այս կամ այն խնդրի շուրջ: «Ինձ համար կարեւոր է թիմային աշխատանքը: Յայտնի փաստ է, որ վէճի մէջ է ծնւում ճշմարտութիւնը, իմ կարծիքին դէմ կարծիքը միայն կ՛ողջունեմ: Իհարկէ, տարբեր կարծիքների դէպքում իմ լիազօրութիւնների շրջանակում ինձ վրայ եմ վերցնում որոշման կայացման պատասխանատուութիւնը, սակայն իդէալական վիճակում դա լինում է թիմի որոշումը: Պետական նախարարը պէտք է համակարգի եւ կազմակերպի նախարարութիւնների փոխհամագործակցութիւնը»:

Գրիգորի Մարտիրոսեանը հաւաստիացնում է, որ կառավարութիւնում չունեն կարծիք արտայայտելու վախ, սահմանափակում, առաւել եւս, որ ինքը եղել է եւ շարունակում է մնալ նոյն կառավարութեան անդամ, նախարարների հետ ունի գործընկերային յարաբերութուններ:

Ըստ Մարտիրոսեանի՝ ինքը եւս կաշկանդուած չէ իր վերադասին՝ Արցախի նախագահին որեւէ հարցում «ոչ» ասել: «Նախագահի կարծիքին հակառակ կարծիք արտայայտելու խնդիր չունեմ: Այլ կերպ չենք կարող աշխատել: Եթէ լինենք կոյր կատարողներ, ոչնչի չենք հասնի: Նախագահն էլ կողմ չէ, որ լինեն միանձնեայ որոշումներ», ասում է պետնախարարը, որի աշխատասենեակում կախուած է ԱՀ նախագահ Բակօ Սահակեանի լուսանկարը: Յեղափոխութիւնից յետոյ Հայաստանում շատերը հրաժարուել են այս պրակտիկայից, Արցախում այն շարունակում է գործել:

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՍՊԱՐԷԶ

 

Ժամանակին Մարտիրոսեանի կեանքում  ճակատագրական է եղել Արցախի Պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ ընդունուելը: Մասնագիտական ընտրութիւն կատարելիս տատանւում էր բժիշկի եւ ծրագրաւորողի միջեւ: Առաջին մասնագիտութիւնը ծնողների ընտրութիւնն էր, իսկ համակարգիչների՝ այդ տարիներին անհասանելի թուացող աշխարհն իրեն էր հետաքրքիր: Ի վերջոյ, որոշել էր ընդունուել կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ ու ծրագրաւորող դառնալ, սակայն այդ տարի տուեալ բաժնում ընդունելութիւն չեղաւ:

Իր պարապած առարկաներով ընդունուեց տնտեսագիտական ֆակուլտետ, որը, ինչպէս ինքն է նշում, ճակատագրական ուղի դարձաւ իր համար՝ տանելով դէպի պետական աշխատանք:

Թէեւ Մարտիրոսեանը քաղաքական պաշտօն է զբաղեցնում, ասում է, որ երբեւէ չի զբաղուել քաղաքականութեամբ, որեւէ կուսակցութեան անդամ չէ: Այս պահին էլ իրեն չի տեսնում քաղաքականութեան մէջ: Դիտարկմանը, որ անկուսակցական մնալ կարող է, քաղաքական պաշտօնում քաղաքականութիւնից զերծ մնալ՝ ոչ, արձագանքում է. «Հիմա իմ քաղաքականութեան մէջ լինելը սահմանափակւում է նրանով, որ իրականացնում եմ պետութեան քաղաքականութիւնը»:

 

ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԱՐՑԱԽԸ

 

«Ազգային զարթօնքն ապրել են նաեւ արցախցիները: Հիմա մեզ մօտ նկատելի է բաց խօսելու ձգտումը: Դա շատ դրական է, մարդիկ պէտք է կարողանան արտայայտել իրենց կարծիքը՝ անկախ նրանից՝ մենք համաձայն ենք դրա հետ, թէ ոչ: Խնդիրները թաքցնելով՝ դրանք խորացնում ենք», ընդգծում է նա:

Մարտիրոսեանն աշխատել է թէ՛ նախկին, թէ նոր իշխանութիւնների օրօք: Ասում է՝ հիմա բարձրաստիճան պաշտօնեանների կապը ժողովրդի հետ ակնյայտ է:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here