Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս

0
107

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրանեսթում հունիսի 25-29-ը  տեղի ունեցած լիագումար նիստից Հայաստանի պատվիրակությունը գոհ է վերադարձել։ Հայկական պատվիրակությանղեկավար Արմեն Աշոտյանի խոսքով՝ պատվիրակության առջև դրված որևէ նպատակ անկատար չի մնացել:

«Ըստ Եվրանեսթի կանոնակարգի՝ ամեն լիագումար նիստում կարելի է ընդունել առավելագույնը 3 բանաձև։ Այս անգամ 6 փաստաթուղթ կար նիստի օրակարգում, որոնցից 2-ը առաջարկվել էին հայկական պատվիրակության կողմից, և մեզ հաջողվեց դրանցից մեկն ընդունել։ Այսպիսի միջազգային հարթակում սա շատ լուրջ հաջողություն է»,- ասաց Արմեն Աշոտյանը։

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ հայկական պատվիրակության կողմից առաջարկված բանաձևը վերաբերել է ՀՀ և ԵՄ ասոցացման համաձայնագրի վավերականացմանը։

«Քանի որ մինչև 2019-ի մայիսը քիչ ժամանակ է մնացել, առաջարկեցինք արագացնել վավերացման գործընթացը՝ դրանով ևս մեկ անգամ ցույց տալով, որ ՀՀ իշխանությունները շահագրգռված են Եվրոպայի հետ հարաբերությունների բարելավմամբ»,- նշեց Եվրանեսթումհայկական պատվիրակության անդամ Վարդան Բոստանջյանը:

Լիագումար նիստի ընթացքում խոսվել է նաև քաղաքական կոռուպցիայի ու փողերի լվացման մասին: Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների մասնագետների կողմից թեմային առնչվող զեկուցումներից հետո Ադրբեջանի հետ առնչվող կոռուպցիոն սկանդալների մասին խոսել են նաև հայկական պատվիրակության անդամները:

«Քաղաքական կոռուպցիան միջազգային ինստիտուտներում վնասում է ժողովրդավարությանը: Անդրադառնալով Ադրբեջանին առնչվող կոռուպցիոն սկանդալին՝ մենք ոչ թե նպատակ ունեինք ևս մեկ անգամ պարզապես փաստն արձանագրել, այլև` հետևողական լինել, որ հետևանքները վերացվեն»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Հայկական պատվիրակության անդամները 5 օրում հանդիպումներ են ունեցել նաև տարբեր պատվիրակությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր պատրաստակամություն են հայտնել` ներքաղաքական ստեղծված իրավիճակում աջակցել Հայաստանում ժողովրդավարության խթանման հարցում:

http://armenpress.am/arm/news/939595/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here