Հայաստանի Նոր Կառավարութիւնը Վճռական Է Նոր Խթան Հաղորդել Հայ-ռուսական Բարեկամական Յարաբերութիւններին

0
155

ԵՐԵՒԱՆ.- Վարչապետ Նիկոլ Փաշինեանն ուղերձ է յղել հայ-ռուսական միջտարածաշրջանային 7րդ ֆորումի մասնակիցներին: Ուղերձում, մասնաւորապէս, ասուած է.

«Ջերմօրէն ողջունում եմ ձեզ «Ռուսաստանի եւ Հայաստանի թուային նախաձեռնութիւնները ԵԱՏՄ թուային օրակարգի իրականացման շրջանակում» թեմայով հայ-ռուսական միջտարածաշրջանային 7րդ ֆորումի շրջանակում:

7 տարի առաջ՝ 2011 թուականին, Հայաստանը եւ Ռուսաստանը նախաձեռնել են հայ-ռուսական ֆորումի անցկացումը, որը գործնականում միաւորել է Հայաստանի մարզերի եւ Ռուսաստանի շրջանների, ինչպէս նաեւ հասարակութիւնների եւ տարածաշրջանային բիզնեսի ներկայացուցիչներին: Նման պարբերականութիւնը, կլոր սեղանների շրջանակում քննարկուող լայն թեմաներով պլանաւորուած (ծրագրուած-Խմբ.), դիտարկում ենք որպէս հայ-ռուսական ռազմավարական փոխգործակցութեան հերթական դրսեւորում:

Աւելին, այսօր միջտարածաշրջանային համագործակցութիւնը դարձել է դրա անբաժանելի մասը:

Մեր երկրների առջեւ ծառացած են հիմնականում յաւակնոտ խնդիրներ՝ ապահովելու առաւալագոյն յարմարաւէտ պայմաններ մեր քաղաքացիների կեանքի, բիզնեսի կազմակերպման, նոր արտադրութիւնների թողարկման համար, ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր ոչ միայն մայրաքաղաքներում, այլ նաեւ շրջաններում: Սա այն է, ինչին նպատակաուղղուած են համապատասխան պետական ծրագրերը եւ հէնց դրանցով են մոտիվացուած (խթանուած-Խմբ.) կոնկրետ (յստակ-Խմբ.) քայլեր՝ ուղղուած շրջաններին աւելի բարենպաստ ստարտային պայմանների ներկայացմանը՝ տարբեր առեւտրատնտեսական, մշակութային եւ հումանիտար (մարդասիրական-Խմբ.) ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման նպատակով:

Արագ փոփոխուող իրողութիւնները ձեւաւորում են նոր խնդիրներ՝ ընդգծելով նոր մօտեցումների մշակման անհրաժեշտութիւնը, որոնց մեծ մասը վերաբերում է թուային օրակարգին: Հաւատում ենք, որ մեր երկրների կողմից իրականացուող թուային օրակարգը, որը համաձայնեցուել է Եւրասիական տնտեսական միութեան շրջանակում, թոյլ կը տայ ոչ միայն կրճատել վարչական ծանրաբեռնուածութիւնը, համագործակցութեանը հաղորդել աւելի ժամանակակից եւ թափանցիկ բնոյթ, այլ նաեւ զգալիօրէն կը կրճատի գաղափարի ծագման եւ դրա իրականացման ժամանակը, նուազագոյնի կը հասցնի աշխարհագրական հեռաւորութեամբ պայմանաւորուած ծախսերը:

Ակնկալում ենք, որ ֆորումի անցկացմանը, որը չի սահմանափակւում պլենար (լիակատար-Խմբ.) նիստերով, այլ ներառում է նաեւ մի շարք թեմատիկ կլոր սեղաններ, կը հետեւի նման նախաձեռնութիւնների աճը: Եւ այդ ձգտումները մենք կը պաշտպանենք պետական մակարդակով՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ ներուժի բացայայտման եւ միջտարածաշրջանային համագործակցութեան արդիւնաւէտութեան բարձրացման, տարածաշրջանների կայուն զարգացման համար:

Երիտասարդ սերունդը պէտք է շարունակի հայ-ռուսական համագործակցութիւնը եւ հանդէս գայ այն ընդլայնելու նոր նախաձեռնութիւններով: Ողջունում ենք ակտիւ (աշխոյժ-Խմբ.) երկխօսութիւնը, մեր եղբայրական երկրների երիտասարդների միջեւ ուսանողական փոխանակումները: Իմ կողմից ղեկավարուող Հայաստանի նոր կառավարութիւնը վճռական է նոր խթան հաղորդել հայ-ռուսական բարեկամական յարաբերութիւններին, եւ յատկապէս միջտարածաշրջանային համագործակցութեանը, քանի որ երկրի հաւասար զարգացումը հանդիսանում է առաջանահերթ ուղղութիւն մեզ համար:

Յոյս ունեմ, որ ֆորումի ընթացքում ներկայացուած առաջարկութիւնները կը գտնեն իրենց գործնական կիրառումը, կը ծառայեն խնդիրների լուծմանը, կը նպաստեն հեռանկարային բիզնես եւ ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների:

Ֆորումի բոլոր մասնակիցներին եւ հիւրերին մաղթում ենք բեղմնաւոր քննարկումներ, հետաքրքիր հաղորդակցութիւն եւ ամենայն բարիք»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here