Հրանտ Թոխատյանը ներկայացրեց «Կանազ» մշակույթի պալատի ներկայիս վիճակն ու հետագա անելիքները

0
141

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արվեստի այբբենարան» մշակութային հիմնադրամի տնօրեն Հրանտ Թոխատյանը լրագրողների հետ շրջեց «Կանազ» մշակույթի պալատով եւ ներկայացրեց կենտրոնի վիճակը: Քաղաքապետարանի որոշմամբ  շենքը 10-ը տարի ժամկետով հանձնվել է դերասանին` մշակութային գործունեություն ծավալելու նպատակով (2017 թվական):

Կառույցը պետք է ունենա երեք ճյուղ: «Առաջինը և ամենակարևորը մանկական, թատերական դպրոցն է: Այստեղ սովորելու են ոչ միայն թատերական ու բեմի վարպետություն, այլ նաև խեցեգործություն, ձայնի տեխնիկա, բեմի բանվորություն և այլն: Այստեղից դուրս են գալու այն մասնագետները, որոնց կարիքն ունի ներկայիս բեմը»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հրանտ Թոխատյանը:

Հաջորդ ճյուղը լինելու է մանկական թատրոնը, երրորդը` ներկայացումների դահլիճը: Դերասանի խոսքով` այնտեղ կարողանալու են ներկայացումներ ցուցադրել նաև այլ խմբեր:

Շենքի բազմաթիվ խնդիրներից   Թոխատյանն առանձնացրեց երեքը՝ ջեռուցման և հովացման համակարգի, տանիքի վերանորոգման խնդիրը և ջրատար խողովակների, կոյուղու, հոսանքի հարցը: «Սրանք ամենակարևոր ու ծախսատար հարցերն են: Եթե նշվածներս անենք, մնում է կոսմետիկ վերանորոգումների և բեմի հարցը, որը ևս թանկ հաճույք է, բայց առաջնահերթ չէ»,- ընդգծեց նա:

Տնօրենը նշեց, որ շինարարությունը սկսվելու է օգոստոս ամսից. «Առաջին օգնության ձեռքը մեկնել է իմ սանը` Արթուր Ջանիբեկյանը, մյուս ընկերներս նույնպես օգնում են: Գործընկերներիս շրջանակը լայն է, նրանք և՛ Հայաստանից են, և՛ արտասահմանից: Ցավոք սրտի, չեմ կարող ասել, թե երբ կվերջացնենք շինարարությունը»,-հավելեց նա:

Մշակույթի պալատում կան երկու դահլիճներ` մեծ և փոքր: Փոքր դահլիճը նախատեսված է 80-90 հոգու համար: Վերջինս մասամբ վերանորոգել են ժամանակավոր կացարան ստացած ուսանողները:

«Ունենք պայմանավորվածություն, որ շենքի շինարարական գործընթացների ավարտից  հետո այդ խումբն այստեղ է աշխատելու»,- նշեց դերասանը:

Մեծ դահլիճում կա 420 տեղ, բայց Հրանտ Թոխատյանը հույս հայտնեց, որ որոշ փոփոխություններից ու կոսմետիկ վերանորոգումներից հետո տեղերի քանակը կկարողանան 450-ի հասցնել:

Թոխատյանի հավաստմամբ՝ շինարարությունը լիարժեք ավարտին հասցնելու համար մոտավորապես 2-2.5 միլիոն դոլար է պահանջվում: Հարցին, թե ինչպես են ձեռք բերելու այդ գումարը, նա պատասխանեց. « Ընկնելու եմ աշխարհով մեկ գումար հավաքեմ, մինչև ամեն ինչ կկառուցեմ»:

Սենյակներից մեկն արդեն վերանորոգվելէ: Այնտեղ պահվում է թատրոնի և կինոյի համար նախատեսված հանդերձանքը:

Նշենք նաև, որ «Կանազ» մշակույթի պալատն օգտագործվել է որպես կարի, աղյուսի արտադրամաս, տաքսի սերվիս, ավտոդողերի շինմոնտաժի վայր: Սամվել և Մանվել Սարիբեկյան եղբայրների տնօրինության ժամանակաշրջանում գործել են պարի, երգի խմբակներ, բայց ֆինանսական միջոցների բացակայության պատճառով վերջիններիս գործունեությունը դադարեցվել է:

Սոնա Մկրտչյան

http://armenpress.am/arm/news/941214/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here