Վարչապետը միջազգային փորձագետների հետ քննարկել է արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանն ուղղված հարցեր

0
178
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) և Բաց հասարակության հիմնադրամների արդարադատության նախաձեռնության փորձագետներին:
Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է արդարադատության ոլորտում համակարգային բարեփոխումների իրականացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է իրականացնում այդ ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, դատական համակարգի անկախության ապահովման, արդյունավետ կառավարման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին և հավելել, որ դրանք գտնվում են կառավարության առաջնահերթությունների թվում: Միաժամանակ, գործադիրի ղեկավարը շեշտել է արդարադատության ոլորտի միջազգային փորձագետների հետ համագործակցության անհրաժեշտությունն ու փորձի փոխանակումը:
Փորձագետները վարչապետին են ներկայացրել հետհեղափոխական և անցումային փուլերում տարբեր երկրներում արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումների փորձը, իրենց դիտարկումները Հայաստանում իրականացվող միջոցառումների վերաբերյալ: Նրանք Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության կողմից իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարը գնահատել են որպես անցումային արդարադատությանը բնորոշ քաղաքականություն:
Փորձագետները   պատրաստակամություն են հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ և անցումային այս փուլում նպաստել մեր երկրի արդարադատության համակարգի արդիականացմանը:

http://armenpress.am/arm/news/941224/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here