Փանիկի դեպքը Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է, վարչապետը կանդրադառնա թեմային. Արման Եղոյան

0
168
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Փանիկ գյուղում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականների կողմից առանց հրահանգի ու թույլտվության զորավարժություններ անցկացնելու դեպքը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: «Վարչապետը ուրբաթ օրը կայանալիք մամուլի ասուլիսում կանդրադառնա այդ թեմային»,- հայտնել է Եղոյանը:

Վերջինս նշել է, որ ներկայումս Պաշտպանության նախարարությունը ուսումնասիրում է տեղի ունեցածը: «Ճշտված յուրաքանչյուր մանրուք զեկուցվում է վարչապետին»,- հավելել է Արման Եղոյանը:

Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչները կրակոցների ու պայթյունների ձայներ են լսել: Որոշ ժամանակ անց նրանք պարզել են, որ պատճառը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայողներն են, ովքեր ուսումնամարզական վարժանքներ են իրականացրել:

Փանիկի համայնքապետի հավաստիացմամբ՝ նման վարժանք անցկացնելու մասին իրենց չեն նախազգուշացրել, դրա համար էլ բնակիչները վախեցել են, դուրս են եկել փողոց, վիճել զինվորականների հետ, տեղեկացրել իրավիճակի մասին ոստիկանությանն ու ազգային անվտանգությանը:

Ավելի ուշ ռուսական ռազմաբազայի պաշտոնյան ներողություն է խնդրել առանց զգուշացման զինավարժություն անցկացնելու համար:

http://armenpress.am/arm/news/941221/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here