Լեհաստանի Զամոշչ քաղաքում տեղի է ունեցել հայ-լեհական բարեկամության խաչքարի բացման հանդիսավոր արարողություն

0
118

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Զամոշչ քաղաքում սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել Հայ-լեհական բարեկամության խաչքարի բացման արարողությունը՝ լեհաստանաբնակ հայազգի բարերար Արսեն Հովսեփյանի հովանավորությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել  Զամոշչի քաղաքապետ Անջեյ Վնուկը, Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհահայոց հոգևոր հովիվ Հայր Ներսես Հարությունյանը, Լեհաստանի կաթոլիկ հայերի առաջնորդ Հայր Նաումովիչը, մի շարք այլ բարձրաստիճան հյուրեր և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Հայ-լեհական բարեկամության խաչքարը խորհրդանշում է հայերի դարավոր ներկայությունը Զամոշչ քաղաքում, ուր նրանք ժամանել են իշխան Յան (Հովհաննես) Զամոյսկու հրավերով, ով 1585 թ. ապրիլի 30-ի հատուկ հրամանով իրավունք է տվել հայերին զբաղվել առևտրով, ինչպես նաև կառուցել սեփական Եկեղեցին: 19-րդ դարի կեսերին Զամոշչի հայկական եկեղեցին քանդվել է: Հայ-լեհական բարեկամության խաչքարը կանգնեցված է նույն վայրում և հանդիսանում է քանդված եկեղեցու կրկնօրինակը: Խաչքարի հեղինակն է Հայաստանի ժողովրդական արտիստ, վարպետ Վարազդատ Համբարձումյանը:

Խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը հաջորդել է Խաչվերացի տոնական պատարագը Սուրբ Կատաժինայի եկեղեցում`Հայր Ներսեսի օրհնությամբ: Այնուհետև, Զամոշչի թանգարանում հյուրերն ունկնդրել են «Հայերը Զամոշչում» խորագրով դասախոսություն, որի ավարտին դեսպան Ղազարյանը ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով պարգևատրել է Զամոշչի թանգարանի տնօրեն Անջեյ Ուրբանսկուն հայանպաստ գործունեության և հայ մշակույթի հանրահռչակման համար:

Օրվա ավարտին, Զամոշչի հին քաղաքում տեղի է ունեցել Միքայել Ոսկանյան և ընկերներ բենդի համերգը, ովքեր Լեհաստան էին ժամանել Լեհ-հայկական հիմնադրամի նախագահ Արսեն Հովսեփյանի հրավերով:  Լեհ-հայկական հիմնադրամի կազմակերպած միջոցառումներն իրականացվել են Հայաստանի առաջին Հանրապետության և Լեհասանի անկախության 100-ամյա տարելիցի շրջանակներում:

 

http://armenpress.am/arm/news/947570/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here