Հայաստանի մերձավորարևելյան վեկտորն ակտիվացնելու համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում

0
157

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր Արևելքում ընթացող ներկա գործընթացների, ինչպես նաև Հայաստանում արձանագրված ներքին զարգացումների արդյունքում Հայաստանի արտաքին քաղաքականության մերձավորարևելյան վեկտորն ակտիվացնելու և Մերձավոր Արևելքի հայ համայնքների հետ գործակցությունն ամրապնդելու ուղղությամբ գործնական քայլեր իրականացնելու համար բավական նպաստավոր պայմաններ են ստեղծվում: Այս համատեքստում կարևոր է ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի՝ սեպտեմբերի վերջին մերձավորարևելյան երկրներ (Սիրիա, Լիբանան, Եգիպտոս) կատարած այցերը:

ՀՀ սփյուռքի նախարարի մերձավորարևելյան այցերը

Սփյուռքի նախարարը Սիրիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Դամասկոսի և Հալեպի հայ համայնքի, ինչպես նաև համայնքնային կառույցների ներկայացուցիչների հետ: Հալեպի ՀՀ հյուպատոսարանում Մ. Հայրապետյանը մասնակցել է Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Հալեպում կայացել է նաև Մխիթար Հայրապետյանի հանդիպումը Հալեպի նահանգապետ  Հուսեյին Դիաբի հետ: Նահանգապետը ընդգծել է երկու երկրների միջև եղած «բարեկամության կարևորությունը և շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու հայ ժողովրդին պատերազմի ընթացքում սիրիական ժողովրդին աջակցելու համար»:

Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակներում սփյուռքի նախարարն այցելել է Ազգային միացյալ վարժարան և Հայաստանից դուրս գոյություն ունեցող հայկական միակ բարձրագույն ուսումնական հաստատություն՝ Բեյրութի Հայկազյան համալսարան: Հայրապետյանը հանդիպումներ է ունեցել Լիբանանի հայ համայնքի կրթական, մշակութային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների, համայնքային գործիչների, լիբանանահայ գործարարների, ինչպես նաև ազգային կուսակցությունների ղեկավարների հետ: Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանում լիբանանյան փորձի ներդրման հնարավորությունները և պայմանավորվել առաջիկայում հանդիպել Երևանում և քննարկել համագործակցության հնարավորությունները:

Լիբանանից հետո Հայաստանի պատվիրակությունը Եգիպտոսի ներգաղթի և եգիպտացի արտագաղթածների նախարար Նաբիլա Մաքրամի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Եգիպտոս: Սփյուռքի նախարարը հայցազրույց է տվել եգիպտական հանրահայտ «Al-Ahram Weekly» թերթին՝ ներկայացնելով մերձավորարևելյան տարածաշրջանի հայ համայնքներ իր այցելության նպատակները, թավշյա հեղափոխությունից հետո հայրենադարձության հեռանկարները, Հայաստան-Եգիպտոս հարաբերությունների առկա վիճակը, Եգիպտոս-Կիպրոս-Հունաստան սփյուռքի հարցերով արդեն իսկ գործող ձևաչափին հայաստանյան կողմի ներգրավման, ինչպես նաև քառակողմ համաձայնագրի ստորագրման հնարավորությունը: Այցի շրջանակներում հայկական պատվիրակությանն ընդունել է Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին: Վերջինս կարևորել է Եգիպտոսի մշակութային և սոցիալ-տնտեսական կյանքում տեղի հայ համայնքի ունեցած դերակատարությանը: Կահիրեում Հայրապետյանը նաև հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ կարևորելով Հայաստան-Սփյուռք փոխգործակցության առավել գործնական քայլերի ձեռնարկումը:

Հատկանշական է, որ ՀՀ սփյուռքի նախարարի այցերը լայնորեն լուսաբանվել են տեղի արաբական լրատվամիջոցների կողմից:

Հայաստանի արտաքին քաղաքականության մերձավորարևելյան վեկտորը

Գաղտնիք չէ, որ Մերձավոր Արևելքի ավանդական գործընկերների հետ բարիդրացիական հարաբերությունների խորացումը, ինչպես նաև բազմաբնույթ կապերի ստեղծումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են: Մերձավորարևելյան տարածաշրջանի հետ հարաբերությունների կարևորությունը պայմանավորված է մի քանի գործոններով: Նախ, Հայաստանը գտնվում է այս տարածաշրջանի անմիջական հարևանությամբ, և այնտեղ ծավալվող գործընթացներն էական ազդեցություն ունեն միջազգային քաղաքականության վրա, հետևաբար, Հայաստանը չի կարող անմասն մնալ հարևան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից:

Մերձավոր Արևելքի հետ Հայաստանի սերտ կապերը պայմանավորված են այնտեղ հայկական համայնքների դարավոր ներկայությամբ, որոնք իրենց գործուն մասնակցությունն ունեն տարածաշրջանային երկրների քաղաքական, հասարակական, տնտեսական և մշակութային կյանքում: Հենց այս առաջնահերթություններից ելնելով՝ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել տարածաշրջանի բազմաթիվ երկրների հետ: Նշենք նաև, որ տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի հարաբերություններն ու դրանց օրակարգը տարբեր երկրների պարագայում տարբեր են:

Ներկա փուլում Մերձավոր Արևելքի հետ հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար առկա են բավական նպաստավոր պայմաններ, և այս ուղղությամբ աշխատանքը կարող է ցանկալի արդյունքներ ապահովել: Մի կողմից, վերջին տարիներին մերձավորարևելյան երկրներում տիրող ճգնաժամերին աստիճանաբար փոխարինելու է գալիս հարաբերական կայունության փուլը: Մասնավորապես, Սիրիայում 2011թ. շարունակվող ճգնաժամի ակտիվ ռազմական փուլն աստիճանաբար վերափոխվում է հարաբերական կայունության, ինչը հնարավորություն է ընձեռում ոչ միայն ակտիվացնել Դամասկոսի հետ մինչև ճգնաժամն առկա հարաբերությունները, այլ նաև ակտիվորեն ներգրավվել Սիրիայի վերականգնման գործընթացում՝ հաշվի առնելով նաև պաշտոնական Դամասկոսի հետ այս ողջ տարիներին պահպանվող կապերը և հայ համայնքի կառուցողական դերակատարումը սիրիական ճգնաժամի համատեքստում: Մյուս կողմից, Հայաստանում տեղի ունեցած ներքին զարգացումների արդյունքում նոր հայացք և նոր մոտեցումներ են մշակվում, որոնք կարող են նոր լիցք հաղորդել Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ այդ թվում նաև մերձավորարևելյան ուղղությամբ:

Վերոնշյալ գործոնների համադրումը թույլ է տալիս ենթադրել, որ գործնական քայլերի իրականացման պարագայում Հայաստանը կարող է ակտիվացնել Մերձավոր Արևելքում իր ավանդական գործընկերների հետ ունեցած համագործակցությունը, որը զգալիորեն տուժել է  վերջին տարիներին տարածաշրջանում տիրող ճգնաժամերի հետևանքով, ինչպես նաև նպաստել տեղի հայկական համայնքների ներուժի և ունեցած ազդեցության վերականգնմանը: Միևնույն ժամանակ, աշխարահաքաղաքական նոր իրողություններում առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում մերձավորարևելյան երկրներից յուրաքանչյուրի համար առանձին մոտեցման մշակման և հետևողական աշխատանքի անհրաժեշտությունը:

Արփինե Հովսեփյան

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here